Նոտարական ծառայություններ
1. Ի՞նչ նոտարական գործողություններ են առավել հաճախ կատարում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական հիմնարկները.
1) գործարքների վավերացում (պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր և այլն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անշարժ գույքի վերաբերյալ կնքվող պայմանագրերի,
2) ժառանգական գույքի պահպանության համար միջոցների ձեռնարկում,
3) փաստաթղթերի պատճենների և դրանց քաղվածքների իսկության վավերացում,
4) փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացում,
5) փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացում.
6) քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատում.
7) լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնության հաստատում.
8) փաստաթղթեր ներկայացնելու ժամանակի հաստատում.
9) ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրում.
10) նոտարական ակտերի կրկնօրինակների տրամադրում:
ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից իրականացվող այլ նոտարական գործողություններին կարող եք ծանոթանալ հետևալ հղումով՝ https://www.arlis.am/hy/acts/190406 («Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 54-րդ հոդված):
Լիազորագիր
Լիազորված անձն իրավունք է ստանում կատարել լիազորագրում նշված գործողությունը լիազորողի անունից։ Հետևաբար, առանցքային է լիազորագրում նշել բոլոր այն գործողությունների մանրամասն և սպառիչ ցանկը, որոնք պետք է կատարի լիազորված անձը։ Օրինակ՝ որ մարմիններում պետք է հանդես գա, ինչ գույք գնի, ինչ գնով, որ վաճառողից և այլն։
Լիազորագրի գործողության ժամկետը չի կարող երեք տարուց ավելի լինել: Եթե լիազորագրում ժամկետ նշված չէ, ապա այն համարվում է վավերական կնքման օրվանից մեկ տարվա ընթացքում:
Այն լիազորագիրը, որում նշված չէ նրա կնքման տարին ու ամսաթիվը, անվավեր է:
Վերալիազորման իրավունքով տրված լիազորագիրը նույնպես ենթակա է նոտարական վավերացման՝ օրենքով սահմանված կարգով: Սույն լիազորագիրը վավերացվում է հիմնական լիազորագիրը ներկայացնելու դեպքում, և չի կարող ներառել հիմնական լիազորագրով վերապահվածից ավելի իրավունքներ:
Վերալիազորման իրավունքով տրված լիազորագրի գործողության ժամկետը չի կարող գերազանցել հիմնական լիազորագրի գործողության ժամկետը։
2. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ անշարժ գույքի վերաբերյալ լիազորագրերի համար
- Լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ անձնագիր, ՀՀ նույնականացման քարտ, օտարերկրյա պետության անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ), այդ թվում՝ հաշվառման հասցե,
- լիազորված անձի անձնագրային տվյալներ, այդ թվում՝ հաշվառման հասցե,
- անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճեն,
- լիազորագրով տրվող լիազորությունների ցանկ,
- պետական տուրքի վճարման անդորրագիր (000 ՀՀ դրամ)
- անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր:
3. Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ այլ լիազորագրերի համար
- լիազորողի անձը հաստատող փաստաթուղթ (ՀՀ անձնագիր, ՀՀ նույնականացման քարտ, օտարերկրյա պետության անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ),այդ թվում՝ հաշվառման հասցե,
- լիազորված անձի անձնագրային տվյալներ,այդ թվում՝ հաշվառման հասցե,
- լիազորագրով տրվող լիազորությունների ցանկ,
- ավտոտրանսպորտային միջոցի տիրապետման, տնօրինման կամ օգտագործման լիազորագրի դեպքում՝ տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճեն,
- պետական տուրքի վճարման անդորրագիր (000 ՀՀ դրամ):
- անհրաժեշտության դեպքում՝ այլ փաստաթղթեր
Նոտարական գործողությունների համար պետական տուրքի չափերը և վճարման եղանակը
ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ցանկը
https://www.mfa.am/hy/embassies/
Կարևոր ծանոթագրություն
- Վերալիազորման կարգով տրված լիազորագրով նախատեսված լիազորությունների վերալիազորում չի թույլատրվում:
- ՀՀ-ում կատարվելիք գործարքների դեպքում խորհուրդ է տրվում համապատասխան նոտարից նախապես վերցնել լիազորագրի տեքստը, որը կպարունակի բոլոր այն գործողությունների մանրամասն և սպառիչ ցանկը, որոնք պետք է կատարի լիազորված անձը տվյալ գործարքի շրջանակներում։
- Հյուպատոսական պարտականությունները կատարող անձանց կողմից վավերացվող կամ հաստատվող հայտարարությունների և (կամ) համաձայնությունների նկատմամբ կիրառվում են լիազորագրերի համար սահմանված կարգն ու պայմանները:
- Նոտարական գործողությունների կատարման կարգի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք կապ հաստատել Հայաստանի Հանրապետության մոտակա դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի հետ։