Միջազգային կազմակերպություններ

ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
ՀՅՈՒՍԻՍ-ԱՏԼԱՆՏՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սկզբնավորվել են 1992թ., երբ Հայաստանը դարձավ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ: ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի փոխհարաբերությունները խարսխված են Գործընկերություն հանուն խաղաղության (PFP) (Հայաստանը միացել է 1994թ-ին) ծրագրի վրա, ինչպես նաև իրականացվում է ներգրավման ավելի բարձր աստիճան ապահովող փոխգործակցություն Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (EAPC) (ՀՀ-ն անդամակցում է 1997թ-ից) շրջանակներում:

2006թ-ից Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև գործընկերային հարաբերությունները և տարբեր բնագավառներում համագործակցությունը զարգանում են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում: Այս ծրագրի իրականացումն օժանդակում է Հայաստանին իր պաշտպանական և անվտանգության համակարգերը բարեփոխելու, ՆԱՏՕ-ի հետ ռազմական փոխգործակցության ունակությունը բարձրացնելու, անվտանգության ոլորտի լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու գործում: Համագործակցության կարևոր խնդիրներից է ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության ապահովումը:

2017թ. ապրիլին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվել է թվով 5-րդ Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը:

Ներկայումս ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավարն է դեսպան Արման Իսրայելյանը:

2002թ-ից Հայաստանը մասնակցում է ԳՀԽ Պլանավորման և վերանայման գործընթացին (PARP):

2004թ-ից Հայաստանն իր մասնակցությունն է բերում Կոսովոյում (2004թ.) և Աֆղանստանում (2010թ.) ՆԱՏՕ-ի ղեկավարած խաղաղության հաստատման գործողություններին: 2021թ. օգոստոս-սեպտեմբերին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Հաստատակամ աջակցություն» առաքելության ավարտի կապակցությամբ ՀՀ խաղաղապահ զորախումբը վերադարձավ Հայաստան:

Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցում է նաև արտակարգ իրավիճակների կառավարման և քաղաքացիական պաշտպանության ոլորտում:

Քաղաքացիական պաշտպանության ոլորտում ՀՀ կարողությունների հետագա զարգացմանը նպաստում է ՆԱՏՕ/ԵԱԳԽ Աղետների արձագանքման և համակարգման եվրատլանտյան կենտրոնի (EADRCC) հետ սերտ համագործակցությունը:

2010թ. սեպտեմբերի 11-16-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվեց ՆԱՏՕ-ի Աղետների արձագանքման և համակարգման եվրատլանտյան կենտրոնի և Հայաստանի կողմից կազմակերպված «Արմենիա-2010» վարժանքը, որը աղետների արձագանքման բնագավառում ՆԱՏՕ-ի խոշորագույն միջոցառումներից էր:

Հայ փրկարարները ակտիվ մասնակցություն են ունենում այս կենտրոնի կողմից կազմակերպվող վարժանքներին. դրանց շարքին են պատկանում «Կոդրի 2011» (Մոլդովա), «Georgia 2012» (Վրաստան), «Ուկրաինա-2015», «Crna Gora 2016» (Մոնտենեգրո), «Բոսնիա և Հերցեգովինա 2017» և «Հյուսիսային Մակեդոնիա 2021» միջոցառումները:

Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը զարգանում է նաև ՆԱՏՕ-ի Գիտություն հանուն խաղաղության և անվտանգության ծրագրի և բնապահպանության ոլորտներում:

Հայաստանի լայն հասարակությունը հանրային դիվանագիտության միջոցառումների միջոցով պարբերաբար իրազեկվում է Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին, և այդ նպատակին են ծառայում Հայաստանում անցկացվող ամենամյա «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

2017թ. դեկտեմբերի 13-ից 18-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվեց հերթական, թվով 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շարքը, որի շրջանակներում տեղի ունեցավ նաև Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում ծառայություն իրականացնող հայ խաղաղապահների հետ ավանդական դարձած հեռուստակամուրջը:

Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների իրազեկման գործում կարևոր դերակատարություն ունի նաև Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը, որն իր գործունեությունը ծավալում է 2007թ. մարտի 12-ից:

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը պարբերաբար մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջաններին, ինչպես նաև Ռոզ-Ռոթ սեմինարներին:

Համագործակցության հիմնական փուլերը

1992

Հայաստանը դարձավ նորաստեղծ Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդի (NACC) անդամ, որը 1997թ. վերանվանվեց Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ):

1994

Հայաստանը միացավ Գործընկերություն հանուն խաղաղության (ԳՀԽ) ծրագրին:

1997

Հայաստանը դարձավ Եվրատլանտյան գործընկերության խորհրդի (ԵԱԳԽ) անդամ:

1999

ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը մասնակցեց Վաշինգտոնում կայացած ՆԱՏՕ-ի 50-ամյակին նվիրված հոբելյանական գագաթնաժողովին:

2001

Հայաստան ժամանեցին ՆԱՏՕ-ի ԳՔ լորդ Ջորջ Ռոբերթսոնը և ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Գվիդո Վենտուրիոնին:

2002

Հայաստանը դարձավ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ասոցացված անդամ:

Հայաստանը միացավ ՆԱՏՕ-ի Պլանավորման և վերանայման գործընթացին (PARP):

Հայաստանը միացավ ՆԱՏՕ-ի Ահաբեկչության դեմ գործընկերության գործողությունների ծրագիր (Partnership Action Plan against Terrorism) փաստաթղթին:

2003

Հայաստանը հյուրընկալեց ՆԱՏՕ-ի «Համատեղ լավագույն ջանք 2003» զորավարժությունը:

2004

Հայաստանի 35 հոգանոց խաղաղապահ դասակը սկսեց իր մասնակցությունը  ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող Կոսովոյի Ուժեր (KFOR) խաղաղության հաստատման գործողությանը:

Հիմնվեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

Հայաստանը ՆԱՏՕ-ի կնետրոնակայանում հիմնեց մշտական դիվանագիտական առաքելություն:

2005

Հունիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը Հյուսիսատլանտյան խորհրդին ներկայացրեց Հայաստանի առաջին Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը (ԱԳԳԾ), որը դեկտեմբերին հաստատվեց ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից:

2006

Հունվարից մեկնարկեց Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացումը:

Հայաստանում անցկացվեց “Rescuer 2006” վարժանքը:

ՆԱՏՕ-ն նշանակեց Հայաստանում ՆԱՏՕ-ի փոխգործակցության առաջին սպային:

2007

Հայաստանում անցկացվեց «ՆԱՏՕ-ի շաբաթ» առաջին միջոցառումը:

Երևանում պաշտոնապես բացվեց ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնը:

2008

Ապրիլի 4-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում մասնակցեցին Հյուսիսատլանտյան խորհուրդ - Հայաստան հանդիպմանը:

Հայաստանը հյուրընկալեց «Համատեղ Աղեղ-2008» և «Համատեղ նիզակակիր-2008» ՆԱՏՕ/ԳհԽ զորավարժությունները:

Կոսովոյում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող Կոսովոյի ուժեր /KFOR/ գործողությանը մասնակցող Հայաստանի խաղաղապահների կազմը կրկնապատկվեց` դառնալով մեկ վաշտ` 70 զինվորական:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դը Հուպ Սխեֆֆերին:

2009

ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ Կլաուդիո Բիզոնիերոյի գլխավորած պատվիրակությունը այցելեց Հայաստանի Հանրապետություն:

Հայաստանը պաշտոնապես ճանաչվեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ՄԱԱՈւ) առաքելությանը մասնակից 43-րդ երկիր:

2010

Փետրվարին Հայաստանի ԶՈւ 40 հոգանոց ստորաբաժանումը սկսեց իր մասնակցությունը Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից ղեկավարվող ՄԱԱՈւ առաքելության կազմում:

Սեպտեմբերին Հայաստանում անցկացվեցին Աղետների արձագանքման եվրատլանտյան համակարգման կենտրոնի՝ (EADRCC) «Արմենիա 2010» վարժանքը:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցեցին Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերին ներդրում կատարող ՆԱՏՕ-ի ոչ անդամ պետությունների ղեկավարների Լիսաբոնում անցկացվող հանդիպմանը:

Դեկտեմբերին Ջեյմս Ապատուրայը նշանակվեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում:

2011

Հայաստանը եռապատկեց Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ՄԱԱՈւ) առաքելությանը մասնակցող իր զորախումբը` հասցնելով 126 զինվորականի:

2012

Մարտին ՆԱՏՕ-ի կենտրոնակայան այցելեց Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, որի ընթացքում ՀՀ նախագահը մասնակցեց Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան ձևաչափով հանդիպմանը: Այցի ընթացքում ՀՀ նախագահը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին:

Մայիսին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Աֆղանստանում անվտանգության աջակցության ուժերին մասնակցող երկրների ղեկավարների հանդիպումը Չիկագոյում:

Հուլիսին ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի 35 հոգանոց ստորաբաժանումը վերսկսեց իր մասնակցությունը Կոսովոյի Ուժեր (KFOR) առաքելությանը:

Սեպտեմբերին Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Այցի ընթացքում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարին ընդունեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հանդիպում անցկացվեց նաև Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:

2013

Ապրիլին Հայաստան այցելեց Հանրային դիվանագիտության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, դեսպան Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելու հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով:

2014

Մարտին ՀՀ Ազգային ժողովի հրավերով Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի Քաղաքական կոմիտեի Գործընկերությունների ենթակոմիտեի պատվիրակությունը:

Մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցեցին Հյուսիսատլանտյան խորհուրդ-Հայաստան ձևաչափով նիստին: Նիստին նախորդեց ՀՀ պատվիրակության և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս Ֆ. Ռասմուսենի երկկողմ հանդիպումը:

Մայիսին ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվեց Հայաստան-ՆԱՏՕ թվով 4-րդ ԱԳԳԾ 2014-2016թթ. փաստաթուղթը:

Սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Նյուպորտում (ՄԹ) կայացած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի (ՄԱԱՈւ) առաքելության մասնակից, ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ Նախագահը հանդես եկավ ելույթով:

2015

Հունվարից Հայաստանի ԶՈւ խաղաղապահ զորախումբը շարունակեց իր մասնակցությունը Աֆղանստանում նոր «Հաստատակամ աջակցություն» առաքելության կազմում:

Հունիսի 18-ից 20-ը ՀՀ ԱԺ հրավերով Երևանում տեղի ունեցավ ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի Ռոզ-Ռոթ 89-րդ սեմինարը՝ «Անվտանգությունն ու կայունությունը Հարավային Կովկասում. տևական խաղաղության խթանումը տարածաշրջանում» խորագրով:

Նոյեմբերի 2-ից 6-ը Հայաստանում կազմակերպվեց թվով 9-րդ ՆԱՏՕ-ի շաբաթ հերթական միջոցառումը:

Դեկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելությանը մասնակից ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը:

2016

Մարտի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցեցին Հյուսիսատլանտյան խորհուրդ - Հայաստան ձևաչափով նիստին: Նիստին նախորդեց ՀՀ պատվիրակության և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի երկկողմ հանդիպումը:

Հուլիսի 9-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց Վարշավայում կայացած Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության` ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվեց ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: ՀՀ նախագահը հանդես եկավ ելույթով:

Նոյեմբերի 14-18-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվեցին հերթական, թվով 10-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

Նոյեմբերին Հայաստան ժամանեց Նորահայտ մարտահրավերների գծով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի փոխտեղակալ Ջեյմի Շին:

Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, ներկա գտնվեց և ելույթ ունեցավ Աֆղանստանում անվտանգության ապահովման «Հաստատակամ աջակցություն» առաքելության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Դեկտեմբերի 8-ին Համբուրգում ընթացող ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերի հետ:

2017

Փետրվարի 27-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ՆԱՏՕ-ի կենտրոնակայան, որտեղ ՀՀ նախագահը հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Ապրիլի 7-ին Հյուսիսատլանտյան խորհրդի և Հայաստանի կողմից հաստատվեց Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ 2017-2019թթ. փաստաթուղթը:

Ապրիլի 27-ին Բրյուսելում` ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ ՆԱՏՕ/ԵԱԳԽ Գործընկերության և հավաքական անվտանգության կոմիտե + Հայաստան նիստը, որի ընթացքում քննարկվեց Պլանավորման և Վերանայման Գործընթացի՝ Հայաստանի գնահատման զեկույցը: Նիստին մասնակցեց ՀՀ ՊՆ և ԱԳՆ ներկայացուցիչներից կազմված պատվիրակությունը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Ա. Նազարյանի գլխավորությամբ:

Հունիսի 12-13-ը տեղի ունեցավ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցը Հայաստան: Ջ. Ապատուրային ընդունեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

Հուլիսի 14-ին ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանի կողմից Բրյուսելում ստորագրվեց Հայաստան-ՆԱՏՕ «Վստահության հիմնադրամի» գործարկման հիմք հանդիսացող «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը:

Հունիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Բրյուսելում մասնակցեց Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության մասնակից երկրների պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպմանը, որի շրջանակներում հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզ Գոտեմոլլերի հետ:

Նոյեմբերի 8-9-ը Բրյուսելում կայացավ Աֆղաստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության մասնակից երկրների պաշտպանության նախարարների մակարդակով ևս մեկ հանդիպում, որին մասնակցեց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

Դեկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» համաձայնագիրը:

Դեկտեմբերի 13-18-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվեցին հերթական, թվով 11-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

Դեկտեմբերի 16-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց «Հայաստանի Հանրապետության և ՆԱՏՕ-ի ապահովման և մատակարարման կազմակերպության միջև համագործակցության աջակցության մասին» օրենքը:

2018

Մարտի 14-16-ը ՀՀ-ՆԱՏՕ ԱԳԳԾ և ՊՎԳ (Պլանավորման և վերանայման գործընթաց) փաստաթղթերի՝ 2017թ. կատարողականի գնահատման նպատակով Հայաստան այցելեց ՆԱՏՕ-ի գնահատման պատվիրակությունը:

Մայիսի 24-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ ՆԱՏՕ/ԵԱԳԽ գործընկերության և հավաքական անվտանգության                      կոմիտե-Հայաստան ձևաչափով նիստ, որի ընթացքում քննարկվեց ՀՀ-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացված աշխատանքների մասին 2017թ. զեկույցը:

Հուլիսի 11-12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում մասնակցեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների ղեկավարների հավաքին և հանդես եկավ ելույթով:

Դեկտեմբերի 4-5-ին Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց «Հաստատակամ աջակցություն» ՆԱՏՕ-ի անվտանգության առաքելության գործընկեր երկրների նախարարական հանդիպմանը, հանդես եկավ ելույթով և հանդիպեց ՆԱՏՕ ԳՔ տեղակալ Ռոզ Գոթեմյոլլերին:

2019

Մարտի 11-15-ը Հայաստան-ՆԱՏՕ ԱԳԳԾ շրջանակներում Հայաստանում անցկացվեցին հերթական, թվով 12-րդ «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումները:

Մարտի 11-12-ին տեղի ունեցավ Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայի այցը Հայաստան: Նա հանդիպեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանին, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին: Այցը համընկավ նաև Հայաստանում ՆԱՏՕ-ի շաբաթ միջոցառումների հետ և ԳՔ հատուկ ներկայացուցիչ Ապատուրայը Ֆրանսիական համալսարանում հանդես եկավ հանրային դասախոսությամբ:

Մարտի 14-15-ին Հայաստանում «ՆԱՏՕ-ի շաբաթ» միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ Կանանց, խաղաղության և անվտանգության հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Քլեր Հաթչինսոնի այցը Հայաստան: Նա հանդիպումներ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ, ինչպես նաև ելույթով հանդես եկավ Կանայք, Խաղաղություն և Անվտանգություն. Միջազգային և Հայաստանյան պրակտիկա խորագրով կոնֆերանսին:

2020

Հոկտեմբերի 21-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այցելեց Բրյուսել՝  ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

2021

Սեպտեմբերի 1-ին Խավիեր Կոլոմինա Պիրիսը ստանձնեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնը:

Հոկտեմբերի 21-ին Հայաստան այցելեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզը։

2022

Մարտի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան: Այցի շրջանակներում Ա. Միրզոյանը հանդիպեց ՆԱՏՕ-ի ԳՔ տեղակալ Միրչա Ջեոանայի հետ, ինչպես նաև ելույթ ունեցավ Հյուսիս-Ատլանտյան խորհրդի (ՀԱԽ) նիստում:

Ապրիլի 26-ին Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խ. Կոլոմինա Պիրիզն այցելեց Հայաստան։

Սեպտեմբերի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ շրջանակներում հանդիպեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

Հոկտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ տեղի ունեցավ դաշինքի անդամ երկրների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) նիստը։ Ա․ Գրիգորյանը հանդիպել է նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի ԳՔ հատուկ ներկայացուցիչ Խ. Կոլոմինայի հետ: 

Հոկտեմբերի 11-ին Հայաստան այցելեց Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի ղեկավար Ալեքսանդր Վիննիկովը: 

2023

Հունվարի 18-ին Հայաստան ժամանեց Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզը:

Հունվարի 23-ին ԵՄ այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում այցելեց ՆԱՏՕ-ի կենտրոնակայան և հանդիպում ունեցավ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ:

 

Թարմացված է՝ 14.02.2023թ.

Տպել էջը