Միջազգային կազմակերպություններ

ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՄԱԱԶԿ)
ՄԱԿ-Ի ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՄԱԱԶԿ)

Մանդատը

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպությունը (ՄԱԱԶԿ), հիմնադրվելով 1966թ.-ին և 1985թ.-ին ճանաչվելով որպես ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, զարգացող և անցումային տնտեսություն ունեցող երկրներում իր ջանքերն ուղղում է կայուն և համապարփակ արդյունաբերական զարգացմանը՝ աղքատության կրճատման նպատակով, ինչպես նաև խթանում է գլոբալիզացման ներառական գործընթացները և բնապահպանական կայուն զարգացումը: ՄԱԱԶԿ-ի Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ավստրիայում` Վիեննայում:

ՄԱԱԶԿ-ն իր գործունեությունը կառուցում է երեք հիմնական ծրագրային ոլորտներում.

  1. Աղքատության կրճատում արտադրական գործունեության միջոցով,
  2. Առևտրի և բիզնեսի զարգացման համար ազգային կարողությունների հզորացում,
  3. Էներգետիկա և շրջակա միջավայրի պահպանություն:

ՄԱԱԶԿ-ի hայաստանյան գրասենյակը

ՄԱԱԶԿ-ի հայաստանյան գրասենյակը հիմնադրվել է 2005թ.-ի մայիսին` ի թիվս աշխարհով մեկ ստեղծված այլ 15 գրասենյակների, որոնք բացվել են ՄԱԱԶԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջև կնքված համագործակցության պայմանագրի շրջանակներում` մասնավոր սեկտորին համատեղ ջանքերով օժանդակելու և երկրի զարգացման առաջնահերթություններին համահունչ ծրագրեր իրականացնելու նպատակով: 2005թ. մայիսից Հայաստանում ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ծրագրերի ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է Անահիտ Սիմոնյանը: ՄԱԱԶԿ-ն իր համագործակցությունը ՀՀ կառավարության, մասնավորապես` ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների և Բնապահպանության նախարարությունների հետ, սկսել է գրասենյակի հիմնումից ավելի վաղ՝ տրամադրելով տեխնիկական աջակցություն ներդրումների խթանման, որակի ենթակառուցվածքների, ՓՄՁ զարգացման և այլ ոլորտներում: 2008թ.-ին կատարվել է երկրի արդյունաբերական զարգացման կարիքների գնահատում ու վերլուծություն և ՄԱԱԶԿ-ի տեխնիկական աջակցությունը պահանջող առաջնահերթ ոլորտների սահմանում:

Հայաստանի ներկայացուցչությունը ԱԱԶԿ-ում

Ս.թ. Փետրվարի 7-ից ԱԱԶԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչն է Ավստրիայում Հայաստանրի Հանրապետության դեսպան Արմեն Պապիկյանը:

ՄԱԱԶԿ-ի ներկայիս գործունեությունը Հայաստանում

Ներկայումս ՄԱԱԶԿ-ն իրականացնում է տեխնիկական օժանդակության ծրագրեր, որոնք ուղղված են աղքատության կրճատմանը աշխատատեղերի ստեղծման միջոցով՝ խթանելով հետևյալ ոլորտները.

  • ՓՄՁ-երի, մասնավորապես սկսնակ բիզնեսների զարգացում,
  • բարենպաստ ներդրումային միջավայրի ստեղծում,
  • որակի ենթակառուցվածքների բարելավում,
  • արտահանմանն ուղղված արդյունաբերական ոլորտների զարգացում,
  • գյուղմթերքների վերամշակման և համայնքներում գործարար խմբերի զարգացում:

ՀՀ կառավարության հետ համագործակցությունում առաջնային տեղ են գրավում նաև կանաչ տնտեսության հիմքերի ստեղծումը՝ մաքուր տեխնոլոգիաների և նորարարությունների վրա հիմնված գործարար ծրագրերի խթանման, ռեսուրսների արդյունավետ օգտագործման և առավել մաքուր արտադրությունների ներդրման միջոցով: Վտանգավոր թափոնների կայուն կառավարմանը և օզոնային շերտի պահպանմանն ուղղված ծրագրերը, նշված ոլորտներում պետական և մասնավոր հատվածի կարողությունների ստեղծումն ու զարգացումը նշանակալի դեր ունեն շրջակա միջավայրի պահպանման և բնապահպանական կայուն կառավարման գործում:

Ներդրումների և արտահանումների խթանում

Հայաստանում արտահանմանն ուղղված արդյունաբերական ճյուղերի մրցունակության բարձրացման և դրանց արդիականացման նպատակով ՄԱԱԶԿ-ն ցուցաբերում է տեխնիկական օգնություն թեթև արդյունաբերության ոլորտի տեքստիլ ճյուղի զարգացմանը, որը միտված է ուժեղացնելու Հայաստանում այդ ոլորտում գործող ընկերությունների արտադրական և արտահանման ներուժը և խթանելու նրանց մրցունակությունը:

ՓՄՁ զարգացում և աշխատատեղերի ստեղծում

ՄԱԱԶԿ-ն, Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ և Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնի (ՓՄՁ ԶԱԿ) հետ համատեղ, Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում իրականացրել է երիտասարդների կողմից ղեկավարվող սկսնակ բիզնեսների օժանդակության ծրագիր՝ տրամադրելով ձեռնարկատիրական ուսուցում և տեղական բանկերի միջոցով ֆինանսական օժանդակություն՝ սեփական գործ սկսելու համար:

ՄԱԱԶԿ-ն սկսնակ ձեռներեցների օժանդակությանն ուղղված մեկ այլ ծրագիր է իրականացրել Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի համայնքների խոցելի խմբերի համար՝ Ճապոնական կառավարության ֆինանսական օժանդակությամբ և Մարդկային անվտանգության ՄԱԿ-ի հիմնադրամի միջոցով:

Աջակցություն գյուղմթերքներ վերամշակողներին

ԵՄ-ի և Ավստրիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ՝ գյուղմթերքներ վերամշակողների համար իրականացվում է տեխնիկական օգնության ծրագիր, որն օգնում է հեռավոր և սահմանամերձ շրջաններում ստեղծել և զարգացնել գյուղմթերքներ վերամշակող արտադրական հզորություններ՝ օժանդակելով արտադրական կոոպերատիվների ստեղծմանը և արտադրանքի արտահանմանը:

Վերականգնվող Էներգետիկա

Այլընտրանքային և վերականգնողական էներգետիկայի զարգացումը գտնվում է ՄԱԱԶԿ-ի և ՀՀ կառավարության մշտական ուշադրության կենտրոնում, որի զարգացման համար ՄԱԱԶԿ-ն աջակցում է գյուղական համայնքներում այլընտրանքային էներգիայի տեսակների, մասնավորապես կենսագազի օգտագործման տարածմանը` Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքներում տեղադրելով կենսագազի ստացման սարքավորումներ և տրամադրելով տեխնիկական աջակցություն՝ դրանց շահագործման համար:

Մեկ այլ նախաձեռնությամբ, որը ֆինանսավորվեց Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի կողմից, ՄԱԱԶԿ-ն նպատակ ուներ օգնել զարգացնելու մաքուր տեխնոլոգիաների և նորարարությունների վրա հիմնված փոքր բիզնեսները` նրանց համար ստեղծելով կայուն և բարենպաստ միջավայր՝ համագործակցելով Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և ՓՄՁ ԶԱԿ-ի հետ: 2013թ. Հայաստանը դարձավ Արևելյան Եվրոպայի առաջին երկիրը, որ միացավ ՓՄՁ-ների համար Գլոբալ մաքուր տեխնոլոգիաների ինովացիոն ծրագրերին: ԳԷՀ-ի կողմից ֆինանսավորված ծրագիրը խթանում էր մաքուր տեխնոլոգիաների՝ այդ թվում, վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում, ՓՄՁ-ների՝ ավելի արդյունավետ և մրցունակ դառնալուն, ինչպես նաև իրենց ածխածնային հետքը և ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելուն:

Առավել մաքուր արտադրություն և ռեսուրսների արդյունավետ օգտագործում

ՄԱԱԶԿ-ն տեխնիկական օժանդակություն է ցուցաբերել երկրում առավել մաքուր արտադրությունների մեթոդների ներդրմանը հանքարդյունաբերության, քիմիական և սննդի արդյունաբերության ոլորտներում: Ներկայումս Արևելյան գործընկերության երկրների համար ԵՄ օժանդակությամբ ընթացող «EaP GREEN» նախաձեռնության շրջանակներում ՄԱԱԶԿ-ի կողմից իրականացվող «Առավել մաքուր արտադրություն և ռեսուրսների արդյունավետ օգտագործում» ծրագրով Հայաստանի համար առաջնային ոլորտներ են ընտրվել գյուղատնտեսական մթերքների վերամշակումը, քիմիական և շինարարական նյութերի արտադրությունները, որտեղ վերոնշյալ մեթոդաբանության ներդրումը դիտարկվում է որպես այդ ձեռնարկությունների զարգացման և միջազգային շուկայում նրանց մրցունակության բարձրացման կարևորագույն նախապայմաններից մեկը:

Աջակցություն «Կայուն օրգանական աղտոտիչների (ԿՕԱ) մասին» Ստոկհոլմյան կոնվենցիայի կիրառմանը

ՄԱԱԶԿ-ն` որպես ԿՕԱ-ի մասին Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման համար ԳԷՀ-ի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրականացնող գործակալություն, շարունակում է իր տեխնիկական գիտելիքներն ու օժանդակությունը տրամադրել ՀՀ կառավարությանը, մասնավորապես կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացվող Ազգային զեկույցների և դրանց լրամշակումների պատրաստման, ինչպես նաև բաց այրման աղբյուրներից ակամա առաջացող ԿՕԱ-երի կրճատման նպատակով լավագույն առաջատար տեխնոլոգիաների և բնապահպանական լավագույն փորձի կիրառման հարցում:

Աջակցություն «Սնդիկի մասին» Մինամատայի կոնվենցիայի կիրառմանը

ՄԱԱԶԿ-ն նախաձեռնել է Մինամատա կոնվենցիայի կողմից Հայաստանի Հանրապետությունում նախնական գնահատման գործընթացը, որի նպատակն է Հայաստանին մատնանշել Մինամատա կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտականությունների իրականացման ուղիները, ինչպես նաև ազգային կայուն զարգացման համատեքստում ներդնել քիմիական նյութերի արդյունավետ կառավարման մեթոդները:

Աջակցություն «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության կիրառմանը

2009թ.-ի մարտի 57-րդ նստաշրջանին, Մոնրեալի արձանագրության ֆինանսական մեխանիզմ հանդիսացող Բազմակողմանի հիմնադրամի գործադիր կոմիտեն հաստատեց Հայաստանի ինստիտուցիոնալ հզորացման ծրագիրը, որը կնպաստի Օզոնի ազգային կենտրոնի զարգացմանը և իր գործառույթների արդյունավետ իրականացմանը, այդ թվում` Օզոնային շերտը քայքայող նյութերի այլընտրանքային տեխնոլոգիաների ներդնում, օզոնային շերտը քայքայող նյութերի, նրանց ներմուծման, արտահանման և արտադրության մասին տեղեկատվության հավաքման հուսալի համակարգի ստեղծում, ոլորտի հարցերի շուրջ հասարակության լայն շերտերի իրազեկում:

Տպել էջը