Միջազգային կազմակերպություններ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

ՄԱԿ-Ի ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը պաշտոնապես իր գրասենյակն է բացել Հայաստանում 1994 թվականի հունվարին:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ -ի ծրագրերի իրականացումը սկսվել է հրատապ օգնություն տրամադրելուն ուղղված երկամյա ծրագրով: 1995-1999թթ. հրատապ օգնության համագործակցությունը սկսեց փոխարինվել Երեխայի իրավունքների կոնվենցիայի իրագործմանն ուղղված երկարաժամկետ նախաձեռնություններով:
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործունեության ընթացքում օգնություն է ցուցաբերվել երեխաների իրավիճակի բարելավման, Երեխայի իրավունքների և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների իրականացման ուղղությամբ:
Հայաստանը միացել է «Երեխայի իրավունքների մասին կոնվենցիային» (ԵԻԿ) 1992թ. հունիսի 1-ին: Հայաստանը վավերացրել է նաև ԵԻԿ-ի երկու կամընտիր արձանագրությունները` «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության» (2005թ.) մասին, ինչպես նաև Աշխատանքի միջազգային կազմակերպության 182-րդ կոնվենցիան երեխաների աշխատանքի մասին (2005), Հաագայի կոնվենցիան միջազգային որդեգրման մասին (2006), Հաշմանդամների իրավունքների մասին կոնվենցիան (2007) և փոփոխություններ է կատարել ՀՀ Ընտանեկան, Քրեական և Աշխատանքի օրենսգրքերում` նպատակ ունենալով ապահովել երեխաների առավել արդյունավետ պաշտպանությունը շահագործումից և թրաֆիքինգից:
1996թ. ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը: 1996թ. մարտին ՀՀ նախագահը ստորագրել է «Մայրության և մանկության պաշտպանության մասին» հրամանագիրը:
Երեխայի իրավունքների պաշտպանության 2004-2015 թթ. ազգային ծրագրով ամրագրված քաղաքականության հիմնական ուղղությունների վերանայման արդյունքում 2012 թ. դեկտեմբերի 27-ին ընդունվեց ՀՀ կառավարության Հայաստանի Հանրապետությունում երեխայի իրավունքների պաշտպանության 2013-2016 թվականների ռազմավարական ծրագրի միջոցառումների ժամանակացույցը, որի հիմնական նպատակը երեխայի բարեկեցիկ կյանքն ընտանիքում և հասարակության մեջ ապահովելն է:
2013թ. մայիսին Երեխայի իրավունքների կոմիտեում ներկայացվել են երեխայի իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ Հայաստանի երրորդ և չորրորդ ազգային զեկույցները, ինչպես նաև երկու լրացուցիչ արձանագրությունները, ինչի հիման վրա Հայաստանին տրվել են նոր հանձնարարականներ այս ոլորտում իրավիճակի հետագա բարելավումն ապահովելու համար: ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեի հանձնարարականները թարգմանվել և տրամադրվել են շահագրգիռ բոլոր կառույցներին:
Հայաստանի կառավարության հետ համագործակցության ռազմավարական խնդիրներ
- Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում երկրի օրենսդրության համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և պահանջներին,
- երեխայի իրավունքների գործողությունների ազգային ծրագրի իրականացում,
- երեխաների հանդեպ բռնությունների և թրաֆիքինգի կանխարգելում և պատժամիջոցների ձեռնարկում,
- կրթական համակարգի բարելավում` նորամուծություններ մտցնելով միջնակարգ ուսումնական հաստատություններում, և բոլոր երեխաների ներգրավվածության ապահովում ուսումնական գործընթացին,
- մոր և մանկան առողջության բարելավում` իմունիզացիայի ծրագրի իրագործման և առողջապահական ոլորտներում ուսումնական ծրագրերի իրականացման միջոցով,
- երկրում աղի յոդացման համընդհանուր ծրագրի իրականացում: