Միջազգային կազմակերպություններ
ՊԱՐԵՆԻ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

Պարենի և գյուղատնտեսության կազմակերպություն
ՊԳԿ ներկայացուցիչ Հայաստանում Ռայմունդ Յելե
Գայանե Նասոյան՝ ներկայացուցչի օգնական
Կառավարական տուն 3, 124 սենյակ
Երևան 0010, Հայաստան
Հեռ.` (374 10) 52 54 53
Ֆաքս` (374 10) 56 58 71
Էլ-փոստ` fao-am@fao.org
URL: http://www.fao.org
http://www.un.am
Մանդատը
Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (ՊԳԿ) առաջնորդում է սովի հաղթահարմանն ուղղված միջազգային ջանքերը: ՊԳԿ-ի գերնպատակն է մարդկանց ամենուրեք ապահովել ակտիվ և առողջ կյանքի համար անհրաժեշտ բավարար քանակությամբ բարձրորակ սննդի կայուն աղբյուրներով:
ՊԳԿ-ն ՄԱԿ-ի համակարգի խոշորագույն մասնագիտացված գործակալություններից մեկն է և գյուղատնտեսական, անտառային տնտեսության, ձկնատնտեսության և գյուղական զարգացման ուղղվածությամբ համաշխարհային առաջատար կազմակերպությունը: 1945 թ. հիմնադրված կազմակերպությանն այսօր անդամակցում է 194 երկիր, երկու ասոցացված անդամ երկիր, ինչպես նաև մեկ կազմակերպություն՝ Եվրոպական միությունը: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՊԳԿ-ն ընդհանուր առմամբ միավորում է 53 երկիր, ներառյալ Հայաստանը:
Այսօր ՊԳԿ-ի աշխատանքն առաջնորդվում է անդամ երկրների կողմից հաստատված հետևյալ հինգ ռազմավարական նպատակներով՝
- նպաստել սովի, սննդամթերքի պակասի և թերսնման հաղթահարմանը.
- գյուղատնտեսության, անտառային և ձկնային տնտեսությունների գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ և կայուն.
- հաղթահարել աղքատությունը գյուղական շրջաններում.
- ապահովել գյուղատնտեսական և պարենային համակարգերի արդյունավետությունը.
- մեծացնել ապրուստի աղբյուրների դիմակայունությունն աղետների նկատմամբ:
Կազմակերպությունը գործում է որպես չեզոք հարթակ, որտեղ անդամ երկրները հավասար պայմաններում համաձայնագրերի ու ռազմավարությունների շուրջ բանակցություններ և քննարկումներ են անցկացնում: Այն նաև գիտելիքի և տեղեկությունների աղբյուր է: ՊԳԿ-ն զարգացող և անցումային փուլում գտնվող երկրներին աջակցում է գյուղատնտեսության, անտառային և ձկնային տնտեսությունների արդիականացման և բարելավման, ինչպես նաև բոլորին մատչելի անվտանգ և առողջ սննդի ապահովման գործում:
ՊԳԿ-ն Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը ՊԳԿ-ին անդամակցել է 1993 թ., իսկ ՊԳԿ-ի ներկայացուցչության գրասենյակը Հայաստանում բացվել է 2004 թ.: ՊԳԿ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանը կազմակերպության աջակցությունն է ստացել՝ իրականացնելու զարգացման և արտակարգ իրավիճակների տարատեսակ ծրագրեր, որոնք ուղղված են գյուղատնտեսության արտադրողականության և երկրում սննդով ապահովվածության մակարդակի բարձրացմանը:
2012 - 2015 թթ. համար Հայաստանի կառավարությունը և ՊԳԿ-ն համաձայնության են եկել միասին աշխատել վեց գերակա ոլորտներում.
- փոքրամասշտաբ ֆերմերային տնտեսությունների կենսաապահովման միջոցներ և մրցունակություն.
- անասնապահություն և կենդանիների առողջություն.
- բուսաբուծություն և բույսերի պաշտպանություն.
- անտառային տնտեսություն.
- ձկնաբուծություն և ակվակուլտուրայի զարգացում.
- գյուղատնտեսական վիճակագրություն:
Համապատասխան դաշտային ծրագրեր մշակելու նպատակով կողմերը համաձայնության են եկել հետևյալ գործառնական գերակայությունների շուրջ.
- ՄԱԿ-ի մշտական համակարգողի ղեկավարությամբ (համատեղ ծրագրերի միջոցով) հիմնական գործընկերների հետ առավել արդյունավետ հարաբերությունների ստեղծում՝ ի շահ Միավորված ազգերի կազմակերպության, որը հանդես է գալիս որպես մեկ ամբողջություն.
- աշխատանքային հարաբերությունների ամրապնդում պետական հաստատությունների հետ՝ կարողությունների զարգացման և գործնական ուսուցման միջոցով.
- ռեսուրսների հավաքագրման հնարավորությունների ակտիվ ուսումնասիրություն` թե երկկողմ և թե բազմակողմ համագործակցության նպատակով, օրինակ` հնարավոր նոր դոնորների համար ծրագրեր մշակելով:
Հայաստանում իրականացվող ծրագրեր
Սերտորեն համագործակցելով տեղական և միջազգային գործընկերների հետ՝ ՊԳԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանում և աշխատում մի շարք տեխնիկական հարցերի շուրջ` օգտագործելով ֆինանսավորման տարբեր մեխանիզմներ:
Մսի արտադրության շղթայի բարելավում . ՊԳԿ-ի աջակցության ոլորտներից է, որտեղ շեշտը դրվում է որակի և անվտանգության վրա: Այն ներառում է աջակցություն միջազգային ստանդարտներին համապատասխան սպանդանոցների հիմնմանը և պետական պաշտոնյաների, ֆերմերների ու փոքր ներդրողների վերապատրաստմանը: Այս նախաձեռնության նպատակներից է խթանել պետական և մասնավոր հատվածների համագործակցությունը մսի արտադրության ոլորտում և, վերջին հաշվով, պարենային ողջ արժեշղթայում:
Ծիրանի գենետիկ ռեսուրսների պահպանումը և օգտագործումն ևս մի ոլորտ է, որտեղ ՊԳԿ-ն ակտիվ գործունեություն է ծավալում: Աջակցությունն ուղղված է երկրում ծիրանի արտադրության զարգացմանը՝ ծիրանի գենետիկ ռեսուրսների հավաքագրման և պահպանման, համապատասխան սորտերի ներմուծման և պտղի ու տնկանյութերի արտադրության համար պատշաճ տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:
Բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացումը Հայաստանում ՊԳԿ աջակցության ոլորտներից է: Այն միտված է բանջարային մշակաբույսերի սերմնաբուծության համար կենսունակ և կայուն տեղական գերմպլազմայի զարգացման համար հիմքերի ստեղծմանը` հզորացնելով սերմնաբուծության, սերմարտադրության, շուկայահանման և տեղական սորտերի պահպանմանն ուղղված երկրի կարողությունները:
Թունաքիմիկատների որակի վերահսկողության և դրանց մնացորդային քանակների մոնիտորինգի գծով աջակցությունը նպաստում է գյուղատնտեսական հատվածի հարակայուն զարգացմանը` բույսերի պաշտպանության միջոցների և դրանց մնացորդային քանակների արդյունավետ լաբորատոր վերահսկողության միջոցով, ինչը պետք է հանգեցնի գյուղատնտեսական գործելակերպերի և սննդամթերքի անվտանգության բարելավմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի մաքրությանը և թունաքիմիկատների օգտագործման հետ կապված ռիսկերի նվազեցմանը:
ՊԳԿ-ն տեխնիկական և ինստիտուցիոնալ աջակցություն է տրամադրում Սյունիքի մարզում անասնաբուժական ծառայություններին՝ նպաստելով սննդի անվտանգության համակարգի բարելավմանը և գյուղատնտեսության կայուն զարգացմանը:
ՊԳԿ-ն աջակցություն է ցուցաբերում տարածաշրջանում մորեխների դեմ պայքարին և ժամկետանց թունաքիմիկատների կառավարմանը՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում իրականացվող տարածաշրջանային ծրագրերի միջոցով:
Գյուղատնտեսական համատարած հաշվառման իրականացման գործում տրամադրվող աջակցությունն իրականացվում է պիլոտային հաշվառման համար ֆինանսական բացի լրացման, տեխնիկական աջակցության տրամադրման, կարողությունների զարգացման և միջոցով:
Թարմացված է 01.08.2018թ.