Միջազգային գիտաժողով «Ցեղասպանության հանցագործության կանխարգելումը և դատապարտումը» խորագրով

2010 թվականի դեկտեմբերի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ կազմակերպեց «Ցեղասպանության հանցագործությունը. կանխարգելում, դատապարտում և հետևանքների վերացում» խորագրով միջազգային գիտաժողով, «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի Կոնվենցիայի համատեքստում:

Գիտաժողովը մեկնարկեց ՀՀ Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքով, որին հաջորդեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը. «Հայոց ցեղասպանության դառը դասերը, մարդկության պատմության ու հիշողության մեջ չմնացին որպես անցյալի լոկ հուշեր. դրանց լրացնելու եկան Հոլոքոստի սարսափները, Ռուանդայի, Դարֆուրի և բազմաթիվ այլ ողբերգություններ: Ցավոք, ժխտողականությունն ու ցեղասպանության ուրացումը դեռևս շարունակում են տեղ գտնել աշխարհում: Քաղաքական նպատակահարմարությունն ու կարճատես պատեհապաշտությունը հաճախ գերակշռում են առողջ, խելամիտ որոշումների ընդունման ու քայլերի իրականացման ընթացքում»:

Աշխարհի ավելի քան 20 երկրների նշանավոր ցեղասպանագետներ մասնակցեցին այս գիտաժողովին. այդ թւում Իվ Տերնոն (Ֆրանսիա), Լեանդրո Դեսպուի (Արգենտինա), Իսրայել Չառնի (Իսրայել), Դոննա-Լի Ֆրիզ (Ավստրալիա), Վիլյամ Շաբաս (Իռլանդիա), Ֆրանսուա Ռոլան դյու Վիվիե (Բելգիա), Թաներ Աքչամ (ԱՄՆ-Գերմանիա), Ռիչարդ Հովհաննիսյան (ԱՄՆ), Թեսսա Հոֆման (Գերմանիա), Այման Աբդել Ազիզ Սալամա (Եգիպտոս), Ֆրենք Չոք (Կանադա), Մաթիաս Բյորնլանդ (Դանիա), Մոհամմեդ Ռիֆաթ (Եգիպտոս), Թեոֆանիս Մալկիդիս (Հունաստան), Ռուբեն Սաֆրաստյան (Հայաստան), Էնցո Մարիա Լե Ֆեւր (Իտալիա/Հունգարիա), Տեցուշի Օգատա (Ճապոնիա), Տիգրան Կույումջյան (ԱՄՆ-Ֆրանսիա), Էնթոնի Հոլսլախ (Նիդերլանդներ), Արմեն Մարսուբյան (ԱՄՆ), Փիթեր Բալաքյան (ԱՄՆ), Վաիլ Նիկոլաս Կեյր (Լիբանան), Սեդա Պարսամյան (Հայաստան):

Տպել էջը