Ադրբեջանի ռազմական ագրեսիան, զարգացումների ժամանակագրություն 10.11.2020

10 նոյեմբերի, 2020

23:50 Ժոզեպ Բորելը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռքբերված համաձայնությունը: ԵՄ պաշտոնական կայք

22:10 ՄԱԿ-ը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը: ՄԱԿ գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկ

21:25  ԵՄ-ն կարող է պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ, եթե վերջինս խախտի Լեռնային Ղարաբաղում հրադադարի հաստատման դրույթները: ՏԱՍՍ

18:45 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարքի նախագահությամբ տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի արտահերթ ժողով։

17:45  Կովկասում սկսվում է նոր դարաշրջան: Ես շնորհավորում եմ մեր բարեկամներին՝ Հայաստանին և Ադրբեջանին՝ ողբերգական պատերազմը դադարեցնելու կապակցությամբ և շնորհակալություն հայտնում բոլոր նրանց, ովքեր նպաստել են դրան: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլի

17:25 Ռուսաստանը հույս է հայտնում, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռքբերված հայտարարության դրույթները բոլոր կողմերը կպահպանեն: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովա

13:50 Թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել, հրապարակված հայտարարությունում այդ մասին որևէ բառ չկա: Այդ, ինչպես նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը: Վարչապետի խոսնակ Մանե Գևորգյան

13:45 Կրեմլը հերքում է Արցախում թուրքական զինված ուժերի տեղակայման մասին հայտարարությունները: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

13:40 Արցախում զոհված զինծառայողները թիվը հասավ 1302-ի: Արցախի պաշտպանության բանակ

13:20 Լեռնային Ղարաբաղում զինադադար հաստատման հայտարարության պաշտոնական տեքստը

12:15 Կար մեկ հնարավորություն՝ 5 տարածքների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտման։ Եվ սա եղել է բանակցային այն ժառանգությունը, որը մեր կառավարությունը ստացել է։ Ընդ որում՝ բանակցային գործընթացում այդ իրավիճակն այնքան երկար էր ձգվել։ Բանակցային գործընթացում հստակ է եղել մի բան, որ 7 շրջանները պետք է հանձնվեն Ադրբեջանին։ Այսինքն՝ սա բանակցային գործընթացի միակ ու հստակ ձևակերպումն է եղել։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:

08:30 ՀՀ պաշտպանության նախարարության և Զինված ուժերի Գլխավոր շտաբի ուղերձը

05:00 ՀՀ զինված ուժերը սկսում է իրականացնել ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու մասին համաձայնության դրույթների կատարումը: ՀՀ պաշտպանության նախարարություն

04:45 Ռուսաստանը շուրջ 2000 խաղաղապահ է ուղարկում Լեռնային Ղարաբաղ: ՏԱՍՍ

03:05 Երևանում ցուցարարները հավաքվում են կառավարական շենքերի դիմաց: Արմենպրես

02:30 Ես տվել եմ իմ համաձայնությունը՝ ժամ առաջ պատերազմը դադարեցնելու: Արցախի նախագահ

02:05 Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ ղարաբաղյան պատերազմը ժամը 01.00-ից դադարեցնելու մասին հայտարարություն եմ ստորագրել: Հայտարարության տեքստը, որ արդեն հրապարակվել է, անասելի ցավոտ է անձամբ ինձ եւ մեր ժողովրդի համար:

Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության եւ այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաեւ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի եւ սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ:

Մենք պետք է վերլուծենք մեր անկախության տարիները, մեր ապագան պլանավորելու եւ անցյալի սխալները չկրկնելու համար:

Ծնկի եմ իջնում մեր բոլոր նահատակների առաջ: Խոնարհվում եմ մեր բոլոր այն զինվորների, սպաների, գեներալների, կամավորների առաջ, ովքեր իրենց կյանքով են պաշտպանել ու պաշտպանում հայրենիքը: Նրանք իրենց անձնուրացությամբ փրկել են արցախահայությանը:

Մենք պայքարեցինք մինչեւ վերջ: Եւ մենք հաղթելու ենք: Արցախը կանգուն է:

Կեցցե՛ Հայաստանը: Կեցցե՛ Արցախը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Տպել էջը