Միջազգային կազմակերպություններ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ, Միություն) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է՝ օժտված միջազգային իրավասուբյեկտությամբ և հիմնադրված Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, որը ստորագրվել է 2014թ. մայիսի 29-ին Աստանայում:

ԵԱՏՄ-ն ստեղծվել է Բելառուսի, Ղազախստանի ու Ռուսաստանի Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի (ՄՏՏ) հիմքի վրա: Մաքսային միությունն սկսել է գործել 2010թ. հունվարից, իսկ 2011թ. դեկտեմբերին որոշում է կայացվել Միասնական տնտեսական տարածքը ձևավորող միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու մասին, ինչն էլ նախանշել է 2012թ. հունվարի 1-ից ՄՏՏ ձևավորող համաձայնագրերի կիրառումը՝ մինչև 2015թ. Եվրասիական տնտեսական միության ստեղծման վերջնական նպատակով:

2013թ. սեպտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության նախագահ Ս. Սարգսյանը հայտարարել է Մաքսային միություն մտնելու, այդ նպատակներով անհրաժեշտ գործնական քայլեր ձեռնարկելու, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միության կազմավորմանը մասնակցելու Հայաստանի Հանրապետության որոշման մասին:

2014թ. մայիսի 29-ին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ երկրների նախագահներն ստորագրել են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2015թ. հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին միանալու պայմանագիրը ստորագրվել է 2014թ. հոկտեմբերի 10-ին և ուժի մեջ մտել 2015թ. հունվարի 2-ին:

2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում պայմանագիր է ստորագրվել՝ ԵԱՏՄ մասին պայմանագրին Ղրղզական Հանրապետության միանալու մասին (ԵԱՏՄ անդամ է 2015թ. օգոստոսի 12-ից):

ԵԱՏՄ-ի շրջանակներում ապահովվում է ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ, իրականացվում է համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականություն տնտեսության՝ ԵԱՏՄ մասին պայմանագրով կամ Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերով նախատեսված ոլորտներում:

ԵԱՏՄ նպատակների թվում են՝

- անդամ պետությունների տնտեսությունների կայուն զարգացման պայմանների ապահովումը՝ ի շահ նրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման,

- Միության շրջանակներում ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի միասնական շուկա ձևավորելու ձգտումը,

- համապարփակ արդիականացումը, համագործակցություն և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացումը։

ԵԱՏՄ մասին պայմանագիրն սահմանում է Միության մարմինների՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդի, Եվրասիական միջկառավարական խորհուրդի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԵԱՏՄ դատարանի ձևավորման ընթացակարգերը և գործառնության կարգը: Սահմանվում են մշտական կառույցների ղեկավարությունում կողմերի հավասար ներկայացվածության և որոշումները կոնսենսուսով ընդունելու սկզբունքները։

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը Միության բարձրագույն մարմինն է, որի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների ղեկավարները: Բարձրագույն խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել 2023թ. մայիսի 25-ին ք. Մոսկվայում՝ ՀՀ վարչապետ Ն. Փաշինյանի մասնակցությամբ:

Եվրասիական միջկառավարական խորհրդի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստն անցկացվել է 2023թ. հոկտեմբերի 26-ին ք. Բիշքեկում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (Հանձնաժողով) Միության մշտական գործող վերազգային կարգավորող մարմինն է, որը ձևավորում են Հանձնաժողովի խորհուրդն ու Հանձնաժողովի կոլեգիան:

Հանձնաժողովի խորհրդի կազմի մեջ են մտնում անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները (փոխվարչապետերը):

Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են Միության գործունեության և զարգացման պայմանների ապահովումը, ինչպես նաև՝ Միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ոլորտում առաջարկների մշակումը։ Հանձնաժողովը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում:

Հանձնաժողովի կոլեգիան բաղկացած է 10 անդամից (2-ական յուրաքանչյուր անդամ պետությունից), որոնցից մեկը հանդիսանում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը: Կոլեգիայի նախագահը և կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ: Կոլեգիան որոշումներ է կայացնում քվեարկության միջոցով: Հանձնաժողովի գործունեությունը համակարգված է ֆունկցիոնալ ուղղություններով, որոնք ղեկավարվում եմ կոլեգիայի անդամների կողմից: Յուրաքանչյուր ուղղություն տնտեսական գործունեության ոլորտների և բնագավառների բլոկ է ներկայացնում:

2020թ. փետրվարի 1-ից Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը Մ. Մյասնիկովիչն է (Բելառուսի Հանրապետություն):

ԵԱՏՄ դատարանը Միության դատական մարմինն է, որն ապահովում է անդամ պետությունների և Միության մարմինների կողմից ԵԱՏՄ մասին պայմանագրի և Միության շրջանակներում կնքված այլ միջազգային պայմանագրերի կիրառումը: Դատարանի կազմում ընդգրկված են երկուական դատավոր յուրաքանչյուր անդամ պետությունից: Դատավորի լիազորությունների ժամկետը ինը տարի է: Դատավորները նշանակվում են պաշտոնի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի կողմից՝ անդամ պետությունների ներկայացմամբ: Միության դատարանը տեղակայված է Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում:

2021 թվականի հունվարից Եվրասիական տնտեսական միության դատարանի նախագահն է Է. Հայրիյանը (Հայաստանի Հանրապետություն)։

Նախագահությունը Բարձրագույն խորհրդում, Միջկառավարական խորհրդում և Հանձնաժողովի խորհրդում (փոխվարչապետերի մակարդակ) իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով, մեկ անդամ պետության կողմից օրացուցային մեկ տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։ 2023թ. ԵԱՏՄ նախագահությունն իրականացվում է Ռուսաստանի Դաշնության կողմից:

Միությունն օժտված է իր իրավասությունների շրջանակում միջազգային գործունեություն իրականացնելու իրավունքով՝ ուղղված կառույցի առջև ծառացած խնդիրների լուծմանը։

ԵԱՏՄ և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագիրը ուժի մեջ է մտել 2016թ. հոկտեմբերի 1-ին: ԵԱՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության մասին համաձայնագիրը և Միության և Իրանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման ժամանակավոր համաձայնագիրը ստորագրվել են 2018թ. ուժի մեջ են մտել 2019թ.: 2019թ. հոկտեմբերի 1-ին ստորագրվեցին ԵԱՏՄ երկրների և Սինգապուրի միջև համապարփակ առևտրային փաթեթի առաջին համաձայնագրերը։ 2019թ. հոկտեմբերի 25-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները Սերբիայի հետ ստորագրեցին ազատ առևտրի համաձայնագիր։

Բանակցություններ են ընթանում Եգիպտոսի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու շուրջ։

Մոլդովան (2018թ. մայիսի 24-ից), Ուզբեկստանը և Կուբան (2020թ. դեկտեմբերի 11-ից) ԵԱՏՄ դիտորդ պետության կարգավիճակ ունեն:

Ստորագրված են կամ ուսումնասիրման փուլում են գտնվում առանձին միջազգային կազմակերպությունների կամ երրորդ երկրների և/կամ նրանց իրավասու մարմինների հետ փոխգործակցության հուշագրեր:

Միասնական տնտեսական տարածքն անդամ երկրներին հնարավորություն է ընձեռում համակարգել տնտեսական քաղաքականությունն առանցքային բնագավառներում: ՄՏՏ ձևավորման հիմնական բաղադրիչներից մեկը ներքին շուկայի գործունեությունն է, որի շրջանակներում անդամ պետությունների ապրանքների փոխադարձ առևտրում չեն կիրառվում ներմուծման և արտահանման մաքսատուրքեր, ոչ սակագնային կարգավորման միջոցներ, հատուկ պաշտպանական, հակագնագցման ու փոխհատուցման միջոցներ՝ բացառությամբ ԵԱՏՄ մասին պայմանագրով նախատեսված դեպքերի։

ԵԱՏՄ շրջանակներում իրականացվում է մակրոտնտեսական համաձայնեցված քաղաքականություն, որի վարման հիմնական ուղղություններն են. միության անդամ երկրների տնտեսությունների գործունեության նույնական սկզբունքների ձևավորումը, տնտեսությունների արդյունավետ փոխգործակցության ապահովումը, ինչպես նաև կողմերի սոցիալ-տնտեսական զարգացման տեսության համար միասնական սկզբունքների և ուղղությունների մշակումը:

Անդամ պետությունները պայմանավորվել են համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման վերաբերյալ: Պայմանագրի համաձայն՝ բեռների միջազգային ավտոմոբիլային տեղափոխումը, որը կատարվում է անդամ պետություններից որևէ մեկի տարածքում գրանցված բեռնափոխադրողների միջոցով, իրականացվում է առանց թույլտվության հիմքով:

Պայմանագրով նաև հիմքեր են ամրագրված միասնական էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործման և էներգետիկ պաշարների միջպետական մատակարարման օպտիմալացման համար:

Աշխատուժի ազատ տեղաշարժի ապահովման նպատակով ԵԱՏՄ մասին պայմանագրով Միության անդամ պետությունների քաղաքացիների համար, ովքեր ցանկություն ունեն աշխատելու ԵԱՏՄ անդամ պետություններից որևէ մեկում, թույլատրական փաստաթղթերի ձևակերպում, ինչպիսիք են պատենտները կամ աշխատանքի թույլտվությունը, չի պահանջվում: Աշխատողներն ու նրանց ընտանիքի անդամներն ազատվում են գրանցումից (հաշվառումից) ներքին գործերի մարմիններում մինչև 30 օր գտնվելու ժամկետով:

ԵԱՏՄ-ի ներսում ֆիզիկական անձանց եկամտահարկը վճարվում է կեցության դրույքով: Անդամ պետությունների ուսումնական հաստատություններում ստացած դիպլոմների ճանաչումը կատարվում է ավտոմատ կարգով:

 

Թարմացված է՝ 01.11.2023թ.

 
Տպել էջը