Արտաքին քաղաքականություն

Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի արտաքին անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային ասպարեզում Հայաստանի դիրքորոշումների ներկայացմանը, արտերկրում հանրապետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանության արդյունավետության բարձրացմանը, միջազգային կազմակերպություններում և գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ և գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը, ինչպես նաև` տարածաշրջանային խնդիրների կարգավորմանն ու համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:

ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից է միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:

Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը խարսխվելու է հետևյալ սկզբունքների վրա.

  • Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք պետք է հանդիսանա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման ճանաչումը, 
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը Հայաստանի հետ պետք է ունենա հայկական կողմի իրավազորության տակ գտնվող անխափան ցամաքային կապ,
  • Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունը պետք է միջազգայնորեն երաշխավորված լինի:

Ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերի միջև համաձայնությունը պետք է մեկ փաթեթի մեջ ներառի բոլոր հարցերի լուծումներն ու այն մեխանիզմները, որոնք պետք է ապահովեն այդ լուծումների իրականացումը:

Հայաստանը հետամուտ է՝ ամրապնդելու և խորացնելու երկու ժողովուրդների ավանդական կապերի վրա հիմնված առանձնահատուկ ռազմավարական գործընկերությունը և դաշնակցային փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ:

Հայաստանը կարևորում է ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության զարգացումն ու խորացումը և համագործակցության սերտացումը:

Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից է եվրոպական ընտանիքին մերձեցումը` հենվելով եվրոպական կառույցների և կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում ստանձնած պարտավորությունների և ընդհանուր արժեքների վրա:

Հայաստանը մեծապես կարևորում է հարևան պետությունների հետ բնականոն հարաբերություններ ունենալը: Հայաստանը կողմնակից է և ձգտում է տարածաշրջանում բաց սահմաններով և գործընկերության վրա խարսխված հարաբերություններ հաստատելուն` մշտապես պատրաստ լինելով առողջ ու իրատեսական երկխոսության:

Տպել էջը