Դամասկոսում հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստի անցկացման վերաբերյալ 08 նոյեմբերի 2007թ. Ս.թ. նոյե

08 November, 2007

Ս.թ. նոյեմբերի 7-ին Դամասկոսում իր աշխատանքներն սկսեց հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը։ ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը ղեկավարում է հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանը: Սիրիական կողմից համանախագահում է ՍԱՀ տնտեսության եւ առեւտրի նախարար Ամեր Հոսնի Լուտֆին։

Նախքան նիստի բացումը, համանախագահները կարճատեւ հանդիպում ունեցան ՍԱՀ տնտեսության եւ առեւտրի նախարարությունում, որի ընթացքում ընդգծեցին երկու երկրների բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը եւ քաղաքական կամքը զարգացնելու բազմաոլորտ համագործակցությունը։ Կողմերը նշեցին, որ առեւտրատնտեսական հարաբերությունների մակարդակն ունի ընդլայնման եւ խորացման կարիք եւ մեծ հնարավորություններ։

Առանձնազրույցից հետո համանախագահները կատարեցին ընդլայնված նիստի բացումը, որի ընթացքում քննարկվեցին հարցերի լայն շրջանակ։ Երկկողմ հետաքրքրություններն ընդգրում է առեւտրի, ներդրումների, տրանսպորտի, բանկային, մաքսային, գյուղատնտեսության, էներգետիկայի, գիտության, կրթության, մշակույթի ոլորտներ։

Ընդլայնված նիստից հետո իրենց գործընկերների հետ առանձին հանդիպումներ ունեցան գիտության եւ կրթության, մշակույթի փոխնախարարները, սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության ղեկավարը, որոնց ընթացքում շոշափվեցին երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

Այցելության ընթացքում ՀՀ պատվիրակության ղեկավարն առանձին հանդիպում ունեցավ ՍԱՀ գյուղատնտեսության նախարար Ադել Սաֆարի հետ, որի ընթացքում խոսվեց գյուղատնտեսության ասպարեզում համագործակցության մասին։ Մասնավորապես կողմերը պայմանավորվեցին անասնաբուժության, անասնաբուծության ասպարեզներում փոխադարձ օժանդակության ցուցաբերման, պատվաստուկների, դեղանյութերի եւ տնկանյութերի փոխանակման մասին։

Նույն օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպում ունեցավ նաեւ Դամասկոսի արդյունաբերության պալատի նախագահ Իմադ Ղրեուաթիի հետ։ Ի շարս այլ հարցերի, կողմերը պատրաստակամություն հայտնեցին միմյանց երկրներում արդյունաբերական ցուցահանդեսներ կազմակերպելու եւ գործարար շփումներ հաստատելու մասին։

Նոյեմբերի 8-ին ՀՀ պատվիրակությանն ընդունեց ՍԱՀ վարչապետ Նաջի Ուտրին։ Հանդիպման ընթացքում միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի համանախագահ Դ. Լոքյանը ներկայացրեց կատարաված աշխատանքները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները, նշելով կողմերի պատրաստակամությունը ակտիվացնելու համագործակցությունը առեւտրատնտեսական ասպարեզում, ինչը կարեւորվում է երկու երկրների բարձրագույն ղեկավարության կողմից։

Վարչապետն իր հերթին մտահոգություն հայտնեց առեւտրի ծավալների կապակցությամբ, ընդգծելով, որ դրանք անհարիր են նման ջերմ քաղաքական հարաբերություններ ունեցող երկրների համար։ ՍԱՀ վարչապետը կարեւորեց հայ-սիրիական գործարար շփումների հաստատումը, որն ամենաարդյունավետ ճանապարհն է առաջադրված նպատակներին հասնելու համար։

Միջկառավարական նիստը եզրափակվեց մաքսային, մշակութային, սեյսմիկ պաշտպանության եւ լրատվական գործակալությունների միջեւ համագործակցության մասին փաստաթղթերի ստորագրմամբ։
Print the page