ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում Խաղաղության կորպուսի գրասենյակի տնօրենի հանդիպման վերաբերյալ 11 սեպտեմբերի 2007թ.

11 September, 2007

Ս.թ. սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ Խաղաղության կորպուսի գրասենյակի տնօրեն տիկին Լի Լեսիին (Lee Lacy) :

Ողջունելով հյուրին` ԱԳ նախարարը բարձր գնահատեց տասնհինգ տարվա ընթացքում Խաղաղության կորպուսի գործունեությունը Հայաստանում:

Տկն. Լեսին ներկայացրեց Հայաստանում իրականացվող ծրագրերը, որոնք ներառում են Կապանում գործող ուսուցիչների համար նախատեսված անգլերեն լեզվի դասընթացները, կանաչ ճամբարները, Գեղահովիտում գործող ամերիկագիտության եւ անգլերեն լեզվի դասընթացների կենտրոնը:

Նշելով, որ այսօր Հայաստանի Խաղաղության կորպուսում գրանցված են 87 կամավորներ` տկն. Լեսին մեծ գոհունակություն հայտնեց համայնքներում ստացած աջակցությունից:

Հյուրի խնդրանքուվ նախարարը ներկայացրեց Հայաստանում իրականացվող գյուղական համայնքների զարգացման ծրագիրը:

Տեղեկանք: Լի Լեսին ավարտել է Ջորջիայի պետական համալսարանը, այնուհետեւ` Ստանֆորդ համալսարանը` ստանալով կրթության մագիստրոսի կոչում :1980թ. աշխատել է Կաթմանդույում ԱՄՆ դեսպանությունում` որպես հանրության հետ կապերի համակարգող: 1990թ. վերադարձել է Խաղաղության կորպուս, սկզբում` որպես հատուկ իրավիճակների աջակցության բաժնի ղեկավար, ավելի ուշ` խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի գործողությունների ղեկավար: 2002թ. աշխատել է Խաղաղության կորպուսում` որպես ծրագրերի աջակցության գրասենյակի ղեկավար: Ամուսնացած է, ունի երկու երեխա:
Print the page