Սան Պաուլոյի նահանգային Խորհրդարանում Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված լիագումար նիստի վերաբերյալ

28 April, 2007

Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի նշման միջոցառումների շարքում ս.թ. ապրիլի 27-ին Սան Պաուլոյի նահանգային Խորհրդարանում տեղի ունեցավ լիագումար նիստ` նվիրված 1915 թ. Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նահանգային մի շարք պատգամավորներ, բրազիլահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Բրազիլիայի Ազգային Ժողովի ստորին պալատի անդամներ` պատգամավորներ Առնալդո Ֆարիա դե Սան եւ Առնալդո Ժարդինը: Երկուսն էլ Բրազիլիայի կառավարական շրջանակներում վայելում են մեծ հեղինակություն եւ արդարության ու Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներ են:

Դաշնային պատգամավորներ Ա. Ֆարի դե Սան եւ Ա. Ժարդինը իրենց ելույթներում անդրադարձան Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման կարեւորությանը` միեւնոււյն ժամանակ հայտարարելով, որ հանդես են եկել նախաձեռնությամբ եւ պաշտոնապես Բրազիլիայի Դաշնային Խորհրդարան ներկայացրել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին համապատասխան բանաձեւի նախագիծ:

Խորհրդարանի պլենար նիստում հիմնական ելույթով հանդես եկավ Սան Պաուլոյում ՀՀ գլխավոր հյուպատոս Վ. Մկրտումյանը: Իր ելույթում գլխավոր հյուպատոսը անդրադարձ կատարեց 20-րդ դարի սկզբում Թուրքիայի կողմից հայերի նկատմամբ պետական մակարդակով հետեւողականորեն իրականացվող բնաջնջման քաղաքականությանը, դրա հետեւանքներին, պատմական արդարության վերականգման անհրաժեշտությանը, Թուրքիայի կողմից այսօր որդեգրած կրկնակի ժխտողականության եւ Հայաստանի Հանրապետությունը շրջափակման ենթարկելու եւ տարածաշրջանային ծրագրերից մեկուսացնելու ապաշնորհ քաղաքականությանը, Թուրքիայի կողմից պատմությունը նենգափոխելու փորձերին, ինչպես նաեւ Հայաստան-Բրազիլիա ներկայիս հարաբերություններին:

Նշելով, որ Հայաստանի Հանրապետությունն ու Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունը դավանում են նույն սկզբունքները, որոնք հիմնված են համամարդկային արժեքների վրա` ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանության, հիմնարար ազատությունների ապահովման եւ ժողովրդավարության էլ ավելի ամրապնդման, գլխավոր հյուպատոսը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Բրազիլիայի Դաշնային Ժողովը նույնպես կընդունի Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման վերաբերյալ բանաձեւ, ինչը եւս մեկ նշանակալից քայլ կհանդիսանա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ:

Տեղեկանք. Սան Պաուլոյի նահանգային Խորհրդարանը 1998 թ.-ի ապրիլին ընդունել էր «Հայ ժողովրդի հետ համերաշխության օր», իսկ 2003 թ.-ի մարտին` «1915 թ.-ի ապրիլյան ցեղասպանության զոհ դարձած մեկուկես միլիոն հայ նահատակների հիշատակի եւ հարգանքի օր» բանաձեւերը: Նշենք նաեւ, որ Սան Պաուլոյի քաղաքային երեսփոխանների պալատը 2005 թ.-ի սեպտեմբերին ընդունած որոշմամբ նույնպես ճանաչել է 1915 թ.-ի Հայոց ցեղասպանությունը եւ կոչ է արել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության Նախագահին, որպեսզի Բրազիլիայի Դաշնային Խորհրդարանը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Սան Ժոգե Դո Ռիո Պրետոյի, Ֆորտալեզայի եւ Ամերիկանայի քաղաքային խորհուրդները տարբեր ժամանակահատվածներում ընդունել են Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ համապատասխան բանաձեւեր եւ ապրիլի 24-ը հայտարարել հիշատակի եւ հայության հետ համերաշխության օր:

Print the page