Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում կազմակերպված ոգեկոչման երեկոյին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ

26 April, 2007

Բելգիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. ապրիլի 25-ին մասնակցեց Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում կազմակերպված ոգեկոչման երեկոյին:

Միջոցառմանը ներկա էին Բելգիայի խորհրդարանի ներկայացուցիչներ, ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաներ, Բելգիայում, ԵՄ-ում եւ ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններ, Եվրոպայում հայկական եւ հրեական համայնքային կազմակերպություններ, երաժիշտներ, լրագրողներ` ընդհանուր մոտ 700 հրավիրյալ:

Բացման ելույթով հանդես եկավ Բելգիայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոյլանս դու Վիվիեն: Սենատորը, ով 1987 թվականին Եվրոպական խորհրդարանի եւ 1998թ. Բելգիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի նախաձեռնողներից է, նշեց, որ 1915 Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած կոտորածների բնորոշումը ամբողջությամբ համապատասխանում է ՄԱԿ-ի կողմից 1948թ. ընդունած ցեղասպանության պատժման վերաբերյալ կոնվենցիային:

Նա նաեւ ընդգծեց, որ իրադարձություններից 92 տարի հետո դեռեւս կան մարդիկ, ավելի վատ, կա կառավարություն եւ նույնիսկ պետություն, որը հրաժարվում է ցեղասպանությունը ճանաչելուց: Սենատոր Ռոյլանսը հավաստիացրեց, որ ինքն ու իր համախոհները պայքարելու են նրանց դեմ, ովքեր ցեղասպանությունը ժխտելով սպառնում են Բելգիայի հասարակական կարգին: «Մենք պարտավոր ենք դա անել ի հիշատակ 1.5 միլիոն հայերի եւ հանուն այն խիզախ վերապրողների, ովքեր Բելգիան ընտրել են որպես իրենց նոր հայրենիք` հարստացնելով եւ ոգեշնչելով մեր երկիրը», - ասաց սենատոր Ռոյլանսը»:

Այնուհետեւ ելույթ ունեցավ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Խոսելով Թուրքիայի կողմից սեփական պատմությունը խեղաթյուրելու փորձերի մասին` նախարարը նշեց, որ երկար ժամանակ միայն մենք ինքներս էինք այդ իրադարձությունները հավերժացնում: Մենք միայնակ էինք մնացել, որովհետեւ կար պատմության երկու տարբերակ` պաշտոնականն ու ենթադրյալը, ճանաչվածն ու մերժվածը: Անկման հասած կայսրությանը փոխարինեց մի հանրապետություն անխաթար, գրեթե աստվածային ինքնակերպարով: Այդպիսի եղեռնագործությունները եւ դրանց հանդուրժելը չէին տեղավորվում ինքնաբնորոշման այդ կերպարի մեջ: Այս իսկ պատճառով նոր պատմություն հնարվեց, որում այս գործողությունները երբեք չէին կատարվել: Հանցագործություններ չկային: Իրենց սեփական ռազմական դատարանների արձանագրություններն անտեսվեցին, միսիոներների ու դիվանագետների վկայությունները կասկածի տակ դրվեցին:

Մեր պատմությունը դարձավ «ենթադրյալ» ճշմարտություն: Նրանց պատմությունն էր պաշտոնական ճշմարտությունը ներկայացնում: Եվ քանի որ պաշտոնական ճշմարտությունը վայելում էր ողջ պետական համակարգի աջակցությունը, մերը դարձավ մոռացված ցեղասպանություն:

Նախարարն ընդգծեց, որ նման հիշատակման միջոցառումներն այսօր շատ էական են` աշխարհում Բոսնիայից մինչեւ Ռուանդա ու մինչեւ Դարֆուր տարածվող ցեղասպանության աճող վտանգի պարագայում:

Նախարար Օսկանյանը ողջունելի համարեց այն թուրք մտավորականի խոսքը, որն ասել է. «Ես ոչ մեղավոր եմ, ոչ էլ պատասխանատու 90 տարի առաջ արվածի համար: Բայց ես պատասխանատվություն եմ կրում նրա համար, ինչը կարող է արվել այսօր»:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից այսօր տարվող ժխտողական քաղաքականությանը` նախարարն ասաց. «Ես նույնպես հավատացած եմ, որ մենք պետք է տարանջատենք Օսմանյան կայսրությունն այսօրվա Թուրքիայի կառավարությունից: Բայց պետք է ասեմ, որ թեեւ դա հնարավոր է անել, երբ խոսում ենք 1915թ. կատարված իրադարձությունների մասին, սակայն դա ավելի ու ավելի դժվար է դառնում, երբ խոսում ենք թուրքական պետության կողմից այսօր տարվող ժխտողականության մասին: Ինչպես ասել է Էլի Վիզելը, ցեղասպանության ժխտումը ցեղասպանության շարունակումն է: Այսպիսով, ինչպես տարանջատենք երկու պետությունները, երբ ներկայացված ու պաշտպանության արժանացած գաղափարախոսությունը նույնն է: Ժխտման այս քաղաքականությունը թե? գաղափարայնորեն եւ թե? բարոյականապես սնանկ է: Որքան ուշ նրանք հետադարձ կատարեն ու սկսեն տարբերակել իրենց պահվածքը իրենց նախնիների պահվածքից, այնքան ավելի դժվար կլինի մարդկանց մտքերում տարանջատել երկու վարչակարգերը:»

Իր ելույթի վերջում նախարար Օսկանյանը խոսեց հայ-թուրքական հարաբերությունների ապագայի, տարածաշրջանային համագործակցության մասին. «Այսօր, որպես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար, որպես ցեղասպանության վերապրողի թոռ, ես կարող եմ միայն ասել, որ Հայաստանն ու Թուրքիան հարեւաններ են, որ այդպես էլ կմնան: Մենք ընդհանուր սահման ունենք: Միայն միասին մենք կարող ենք առաջ ընթանալ: Ոչ միշտ է պատմությունը մարդկությանը երկրորդ հնարավորությունը տալիս: Այս հարեւանության մեջ, մեր հարեւաններով մենք երկրորդ հնարավորությունն ունենք: Մենք նորից կարող ենք պատմություն կերտել` սահմանափակումները հաղթահարելով ու բացելով Եվրոպայի վերջին փակ սահմանը եւ առաջ ընթանալ միասին:

Եվրոպան, Եվրոպայի սկզբունքներն ու Եվրոպայի ժառանգությունը մեր դարի խոստումն են: Եվրոպան այն տեղն է, ուր մարդիկ անցյալից վերցնում են այն, ինչն անհրաժեշտ է առաջ ընթանալու համար: Եվրոպան այն տեղն է, ուր նախկին թշնամիներն ու հակառակորդները կարող են անտեսել ու դատապարտել գործողությունները, քաղաքականություններն ու գործընթացները, բայց ոչ երբեք` մարդկանց: Փոխարենը, մարդիկ Եվրոպայում զղջումից դեպի հաշտեցման են գնում ու գրկաբաց ընդունում ապագան: Հենց սա է, որ մենք ուզում ենք անել մեր տարածաշրջանում:»

Նախարար Օսկանյանի ելույթին հաջորդեց ճանաչված ջութակահար Եղիսաբեթ Թագուհու 2005թ. երաժշտական մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր Սերգեյ Խաչատրյանի համերգը: Բախի, Սեզար Ֆրանկի եւ Կոմիտասի ստեղծագործությունների Սերգեյ եւ Լուսինե Խաչատրյանների անզուգական կատարումը արժանացան հանդիսատեսի բուռն եւ ոտնկայս ծափահարություններին:

Print the page