Սենտ Էտիենի Ժամանակակից արվեստի թանգարանում հայկական ցուցահանդեսների բացման վերաբերյալ
26 April, 2007Ս.թ. ապրիլի 25-ին Սենտ Էտիենի Ժամանակակից արվեստի թանգարանում, որ իր տեսակի մեջ երկրորդն է Ֆրանսիայում եւ ամենահայտնիներից մեկը՝ Եւրոպայում, Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ քաղաքապետ, սենատոր Միշել Թիոլիեն բացումը կատարեցին համաժամանակյա երկու ցուցահանդեսների՝ «Սքանչելի Փարաջանովը» եւ «Հայաստան, խաչաձեւվող հայացքներ»։
Առաջինը ներկայացնում է Փարաջանովի մի քանի տասնյակ ստեղծագործություններ, որոնք բերվել են Երեւանից՝ Փարաջանովի տուն-թանգարանից։ Երկրորդ ցուցահանդեսը ժամանակակից տեսողական արվեստի երկրպագուներին է ներկայացնում Հայաստանից տասներեք հեղինակներ, այդ թվում՝ Կարինե Մացակյան, Գրիգոր Խաչատրյան, Արման Գրիգորյան, Դիանա Հակոբյան եւ այլոք։
Ելույթ ունենալով ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը, ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Սենտ Էտիենի քաղաքապետին՝ Հայաստանի տարվան նվիրված հարուստ ծրագրի համար, ինչպես նաեւ Ժամանակակից արվեստի թանգարանի տնօրինությանը, որը այս երկու ցուցահանդեսներից բացի, ամռանը հյուրընկալելու է նաեւ Երվանդ Քոչարի ստեղծագործությունները։
Հայաստանի տարվա շրջանակներում նախորդ շաբաթ Ֆրանսիայի Լիոն, Վիտրի եւ Շալոն քաղաքներում հյուրախաղերով հանդես էր եկել Հայաստանի Ազգային կամերային նվագախումբը:
Ապրիլի 20-ին նվագախումբը ելույթ ունեցավ Փարիզի հռչակավոր Շատելե թատերասրահում: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը ֆրանսիացի ունկնդրին մատուցեց Դեբյուսիի եւ Կոմիտասի նոր մեկնաբանություններ: Համերգին հնչեցին նաեւ Ռուսելի, Բարտոկի եւ Խաչատրյանի ստեղծագործությունները: Նվագախմբի հետ հանդես եկան մեցցո-սոպրանո Նորա Գուբիշը եւ դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը:
Հայաստանի Ազգային կամերային նվագախմբի համերգներն անցան մեծ հաջողությամբ: