ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարար Արսենի Յացենյուկի հանդիպման վերաբերյալ
28 March, 2007Ս.թ. մարտի 28-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հուղարկավորության արարողությանը մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Ուկրաինայի ԱԳ նախարար Արսենի Յացենյուկին (Arseniy Yatsenyuk):
Պրն. Յացենյուկը փոխանցեց Ուկրաինայի նախագահի, կառավարության ցավակցությունը հայ ժողովրդին ծանր կորստի կապակցությամբ: Պրն. Օսկանյանը շնորհակալություն հայտնեց Ուկրաինայի նախարարին Հայաստան այցելության եւ ցավակցական խոսքերի համար` ընդգծելով երկու ժողովուրդների միջեւ պատմականորեն ջերմ հարաբերությունները:
Զրուցակիցներն անդրադարձան երկկողմ հարաբերություններին` գոհունակությամբ նշելով երկու երկրների վերընթաց գործակցությունը առեւտրատնտեսական ոլորտում:
Քննարկվեցին նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ընդլայնման հնարավորությունները: Այս առումով անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՎՈՒԱՄ-ի` սառեցված հակամարտությունների վերաբերյալ բանաձեւ ներկայացնելու նախաձեռնությանը: Հյուրի խնդրանքով պրն. Օսկանյանը հանգամանորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ներկայացված Կոսովոյի հիմնահարցի, տարածաշրջանային խնդիրների շուրջ:
ՏԵՂԵԿԱՆՔ: Ծնվել է 1974 թ. Ուկրանիայի Չերնովցի քաղաքում: 1996թ. ավարտել է տեղի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, իսկ 2001թ.` Չերնիվիստայի Առեւտրատնտեսական ինստիտուտը, ստացել է Իրավաբանության եւ էկոնոմիկայի դոկտորի կոչում:
2001-03թթ. եղել է Ղրիմի էկոնոմիկայի նախարարը, 2004թ.` Ուկրաինայի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնակատարը: 2005թ. եղել է Օդեսայի օկրուգի առաջին փոխկառավարիչ, 2005-06թթ.` Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար: 2006-07թթ. եղել է Ուկրաինայի նախագահի քարտուղարության ղեկավարի առաջին տեղակալը, Ուկրաինայի նախագահի ներկայացուցիչը նախարարների կաբինետում: 2007թ. նշանակվել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար: Տիրապետում է անգլերեն եւ ռուսերեն լեզուներին: