ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան-կի Մունի հետ

03 March, 2007

Մարտի 2-ին` Միացյալ ազգերի կազմակերպությանը Հայաստանի անդամակցության 15-ամյակի օրը, Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանում ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան-կի Մունի հետ:

Նախարարը շնորհավորեց Բան-կի Մունին` ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ հավաստեց Հայաստանի պատրաստակամությունը իր ներդրումն ունենալ որպես միջազգային համայնքի լիարժեք անդամ:

Նախարարը նշեց, որ Հայաստանը արդյունավետորեն է գործակցում Հայաստանում ՄԱԿ-ի զանազան գործակալությունների հետ: Իր գնահատմամբ, Մարդկային զարգացման գործակիցն ու Հազարամյակի զարգացման նպատակները հիմնարար ուղեցույց են հետագա զարգացման համար: Նախարար Օսկանյանը նշեց, որ ՀՀ կառավարության` աղքատության կրճատման ռազմավարությանը զուգահեռ միջազգային կազմակերպությունների, սփյուռքի եւ երկրի ներքին ռեսուրսների ներգրավմամբ մշակվում է մի նոր ծրագիր, որն ուղղված է լինելու գյուղական աղքատության վերացմանը:

ՀՀ ԱԳ նախարարն ու Գլխավոր քարտուղարը քննարկեցին Կովկասյան տարածաշրջանում վերջին զարգացումներն ու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը: Նախարար Օսկանյանը ներկայացրեց բանակցությունների ներկա փուլի զարգացումները, որի հիմքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Այդ համատեքստում նախարար Օսկանյանը բացատրեց, որ ՄԱԿ-ի կամ այլ ատյաններում իրականությունը մերժող կամ հակասող հայտարարություններ հնչեցնելուն ուղղված ջանքերը կվնասեն գործընթացին եւ կհետաձգեն երկարատեւ կարգավորումը:

Print the page