ՄԱԿ-ին ՀՀ անդամակցության 15-րդ տարեդարձ

03 March, 2007

Անկախ պետականության եւ ինքնիշխանության ամենամեծ խորհրդանիշներից մեկն ազգերի ընտանիքին միանալն է, ինչը հատկապես արդիական է գլոբալացման խորացման պայմաններում: 1992թ. ՄԱԿ-ին անդամակցելու միջոցով Հայաստանը հնարավորություն ստացավ դառնալ աշխարհում տեղի ունեցող զարգացումների հավասար մասնակից, իր ավանդը բերել միջազգային համագործակցությանը եւ համաշխարհային խաղաղության ու անվտանգության պահպանմանը: Սրան է ուղղված Հայաստանի գործունեությունը ՄԱԿ-ի հիմնական եւ օժանդակ մարմիններում, մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո անցկացվող գագաթաժողովներին ու համաժողովներին:

1992թ. դառնալով ՄԱԿ-ի անդամ եւ ընդունելով համամարդկային արժեքների, մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության հաստատման սկզբունքները որպես պետական գաղափարախոսության անբաժանելի մաս` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է այս համաշխարհային կազմակերպության շրջանակներում ծավալվող աշխատանքներին եւ համագործակցում կազմակերպության բազմաթիվ կառույցների եւ օղակների հետ:

1988թ. երկրաշարժից հետո, երբ մարդասիրական նկատառումներով Հայաստան եկան ՄԱԿ-ի` այն ժամանակ ոչ բոլորիս լավ ծանոթ գործակալությունները, դժվար էր պատկերացնել, որ մի քանի տարի հետո Փախստականների գլխավոր հանձնակատարի, Մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի անվանումներն ու գործունեությունը կդառնան անկախ Հայաստանի Հանրապետության ամենօրյա կյանքի անբաժանելի տարր:

Առանց ՄԱԿ-ի գործակալությունների գործուն աջակցության անհամեմատ դժվար կլիներ Հայաստանի կառավարության ձեռնարկած ներպետական ծրագրերի մշակումը եւ իրականացումը, ինչպիսիք են աղքատության հաղթահարման, հակակոռուպցիոն, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության, կազմակերպված հանցավորության տարբեր ձեւերի դեմ պայքարի ծրագրերը: Այսօր,

ամփոփելով Հայստանի ՄԱԿ-ին անդամակցելու 15 տարիները, ավելի ենք համոզվում, որ Հայաստանն ընթանում է ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակություն կառուցելու, օրենքի գերկայությունը հաստատելու, երկրի տնտեսական ու սոցիալական զարգացման ուղիով:

Print the page