Հայաստանի տարվա կապակցությամբ Ֆրանսիայի Ռոն-Ալպի Շրջանային խորհրդի կազմակերպած ընդունելության վերաբերյալ

28 February, 2007

Ս. թ. փետրվարի 26-ին Ֆրանսիայի Ռոն-Ալպի Շրջանային խորհուրդը Լիոնում կազմակերպել է հանրային ընդունելություն Հայաստանի տարվա կապակցությամբ, որին ներկա են եղել տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, սենատորներ եւ պատգամավորներ, քաղաքապետեր, տեղի մշակութային հաստատությունների եւ ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ:

Ընդունելությանը ելույթ են ունեցել Ռոն-Ալպի Շրջանային խորհրդի նախագահ, Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, նախկին նախարար Ժան-Ժակ Քեյրանը (Jean-Jacques Queyranne) եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը:

Հայաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել տեղի իշխանություններին եւ մշակութային հաստատություններին ու միություններին Հայաստանի տարվան աջակցելու եւ ակտիվորեն մասնակցելու համար:

Նույն օրը դեսպան Նալբանդյանն առանձնազրույց է ունեցել Շրջանային խորհրդի նախագահ Ժան-Ժակ Քեյրանի հետ: Քննարկվել են Ռոն-Ալպի շրջանի մոտ երեք տասնյակ քաղաքներում ընթացող եւ նախատեսված Հայաստանի տարվա միջոցառումներին առնչվող կազմակերպական հարցեր, արվել են կոնկրետ առաջարկություններ: Խոսվել է Հայաստանի տարվա շրջանակում Դրոմի, Իզերի, Ռոնի եւ Լուարի դեպարտամենտներին Շրջանային խորհրդի ցուցաբերած կարեւոր նպաստի մասին:

Դեսպան Նալբանդյանը ներկայացրել է Հայաստանի տարվա առանցքային միջոցառումների ընդհանուր պատկերը, նշել է դրանց լիակատար հաջողությունը, նաեւ Կառավարական հանձնաժողովի մոտեցումները Հայաստանի տարին Ֆրանսիայում լավագույնս անցկացնելու վերաբերյալ:

Ռոն-Ալպ շրջանի տասը քաղաքներ եղբայրացած են Հայաստանի Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի տարբեր բնակավայրերի հետ եւ գյուղատնտեսության, առողջապահության, մշակույթի, կրթության եւ հումանիտար ոլորտներում իրականացնում են բազմաթիվ ծրագրեր:

Print the page