Խորհուրդներ ճամփորդներին

Վրաստան մեկնող ՀՀ քաղաքացիների ուշադրությանը 31.07.2019

Հանգիստն ըստ պատշաճի անցկացնելու նպատակով խնդրում ենք ծանոթանալ հետևյալ հորդորներին.

  • Ստուգեք` արդյոք Ձեզ մոտ եղած դեղամիջոցները թույլատրված են Վրաստանում, որովհետև մի շարք դեղամիջոցներ հատուկ թույլտվության կարիք ունեն և դրանք Վրաստանի տարածք ապօրինի հասցնելը նախատեսում է օրենքով սահմանված պատիժ:
  • Սեփական ավտոմեքենաներով հանգստի մեկնողներին խնդրում ենք խստորեն պահպանել երթևեկության կանոնները, մեքենա չվարել ալկոհոլ օգտագործած վիճակում, մեքենան վարել տվյալ հատվածում սահմանված արագության սահմաններում, ամրագոտիները կապած, ղեկին չխոսել հեռախոսով և այլն։

Ճամփորդական ուղեցույց

Տուրիստական գործակալության հետ պայմանագիր կնքելիս խորհուրդ ենք տալիս ճշտել արտասահմանյան պետությունում բնակվելու հետ կապված բոլոր մանրամասները: Վերցրեք տվյալ երկրում տուրիստական ներկայացուցչության հասցեն եւ հեռախոսահամարը: Այն պարտավոր է աջակցել Ձեզ հանգստի ժամանակ հատկապես այն հարցերում, որոնք կապված են ժամանման, տեղավորման, ծառայությունների եւ սննդի մակարդակի հետ:

Խորհուրդ ենք տալիս հնարավորինս տեղեկանալ այն պետության մասին, ուր մեկնում եք. կլիմայական պայմանները, օրենքները, սովորույթները, հասարակական եւ այլ վայրերում վարքագծի առանձնահատկությունները:

Անցանկալի իրավիճակներից խուսափելու համար Հայաստանի քաղաքացիներին խորհուրդ է տրվում.

  • ցուցաբերել ընկերասիրություն տեղաբնակների նկատմամբ, հաշվի նստել նրանց ապրելակերպի հետ
  • համբերատար լինել, չկոպտել, ձայնը չբարձրացնել, տեղաբնակների արժանապատվությունը չոտնահարել
  • հարգել տեղական ավանդույթներն ու սովորույթները, տվյալ երկրի ղեկավարների հասցեին վիրավորական արտահայտություններ թույլ չտալ
  • հասարակական վայրերում անփույթ վիճակով չերեւալ:

Ուղեւորություն պլանավորելու ժամանակ հաշվի առեք, որ մի շարք երկրներում կան այնպիսի շրջաններ, որտեղ օտար քաղաքացիների մուտքը սահմանափակ է կամ արգելվում է:

Ասիական, աֆրիկյան, լատինո-ամերիկյան երկրներում անհրաժեշտ է սանիտարա-հիգիենիկ նախազգուշական միջոցներ ձեռնարկել:

Հասարակական վայրերում փորձեք չօգտագործել`

  • չեռացրած ջուր, թարմ քամած հյութեր
  • թարմ բանջարեղենային կամ մրգային աղցաններ
  • չլվացած մրգեր
  • պաղպաղակ
  • հրուշակեղեն` մրգային միջուկով
  • սննդի համար նախատեսված սառույց:

Ցանկալի է ատամները լվանալ գործարանում շշալցված ջրով:
Պետք է նաեւ ուղեւորվող երկրին համապատասխան հագուստ վերցնել: Օրինակ` մահմեդական շատ երկրներում կանանց արգելվում է բաց հագուստ կրել:

Ինչ վերաբերում է ծխելուն, ապա մի շարք եվրոպական երկրներում, ինչպես նաեւ ԱՄՆ-ում եւ Կանադայում հասարակական վայրերում ծխելն արգելվում է: Իսկ օրինակ Սինգապուրում մեծ տուգանք է հասնում յուրաքանչյուր իրի` դրա համար չնախատեսված վայրում նետելու համար:

Եթե դեղորայք եք օգտագործում, նախօրոք տեղեկացեք, արդյոք տվյալ երկրում կարելի է դրանք ձեռք բերել:

Բարեկամներին, ընկերներին տեղյակ պահեք Ձեր ուղեւորության, բնակության վայրի մասին, թողեք կոնտակտային հեռախոսահամարներ: Անհրաժեշտ է ունենալ տվյալ երկրում ՀՀ դեսպանատան եւ մոտակա հյուպատոսական հիմնարկի հեռախոսահամարները:

Օդանավակայանում

Չմոռանաք լրացնել մաքսային հայտարարագիրը: Պահեք հանձնած բեռների համար տրված կտրոնները: Խնդիրներ առաջանալու դեպքում դիմեք տուրիստական գործակալության ներկայացուցչին կամ օդանավակայանի աշխատակցին: Տոմսը, անձնագիրը, գումարը եւ թանկարժեք իրերը պահեք Ձեզ մոտ: Ձեռքի ուղեբեռում չի թույլատրվում տեղափոխել ծակող, կտրող առարկաներ, հեղուկ, ինչպես նաեւ երեխայի խաղալիքներ կամ ձեւով զենքի նման այլ առարկաներ:

Հյուրանոցում

Հյուրանոց ժամանելիս առանձնահատուկ ուշադրություն դարձրեք ապրելու ներքին կանոններին եւ հակահրդեհային անվտանգության կանոններին: Մտապահեք ելք ու մուտքերի, վերելակների, աստիճանների տեղերը: Ձեզ հետ վերցրեք հյուրանոցի այցեքարտը եւ պարզեք, թե անկանխատեսելի իրավիճակների դեպքում ինչպես կարելի է կապվել Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի, համապատասխան մարմինների հետ:

Ի՞նչ անել անձնագիրը կորցնելու դեպքում

Եթե գտնվելով օտարերկրյա պետությունում կորցրել եք Ձեր անձնագիրը, ապա Հայաստան վերադառնալու համար կարող եք դիմել մոտակա ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ և տեղում ստանալ ՀՀ վերադարձի վկայական։ Եթե վերադարձը շտապ չէ, ապա կարող եք դիմել և ստանալ նոր անձնագիր, որը կտևի 1-2 ամիս։ Անձնագիրը կորցնելու կամ այն գողանալու դեպքում խորհուրդ է տրվում դիմել տեղի ոստիկանություն և համապատասխան հայտարարություն տալ։ Ցանկալի է, որ Ձեր դիմումն արձանագրվի և այդ փաստն ապացուցող փաստաթուղթ տրամադրվի Ձեզ։ Նման փաստաթուղթը կարող է կարևոր նշանակություն ունենալ հատկապես այն երկրներում, որտեղ մուտք եք գործել վիզայի հիման վրա կամ գործում են միգրացիոն հսկողության խիստ կանոններ։   

Ի՞նչպես վարվել արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում կարող եք զանգահարել ՀՀ արտաքին գործերի նախարարության ԹԵԺ ԳԾԻ +37460620111 հեռախոսահամարին կամ գրել նամակ hotline@mfa.am էլ-փոստի հասցեին։

Եթե գիտեք տվյալ երկրում ՀՀ դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի կոնտակտային տվյալները, ապա առաջին հերթին խորհուրդ ենք տալիս կապ հաստատել իրենց հետ։ 

Եթե բերման եք ենթարկվել իրավապահ մարմինների կողմից, ապա համառորեն պահանջեք, որ Ձեզ հնարավորություն տրվի կապ հաստատել ՀՀ մոտակա դեսպանության կամ հյուպատոսական հիմնարկի հետ։ Եթե այդ պահին չի հաջողվում կապ հաստատել, ապա կապ հաստատեք Ձեր հարազատների հետ և խնդրեք, որ իրենք տեղեկացնեն ՀՀ դեսպանությանը կամ ՀՀ արտաքին գործերի նախարարությանը։ 
Պետք չէ առանց հյուպատոսի կամ Ձեր փաստաբանի ներկայության ստորագրել փաստաթղթեր՝ հատկապես եթե դրանք կազմված են օտար լեզվով և դրանց բովանդակությունը հասկանալի չէ Ձեզ համար։ 

Եթե որևէ հանցագործության զոհ եք դարձել, ապա անհապաղ դիմեք ոստիկանություն՝ միաժամանակ տեղեկացնելով ՀՀ մոտակա դեսպանությանը կամ հյուպատոսական հիմնարկին։  

Ի՞նչպես վարվել հասարակական վայրերում

Նախազգուշական միջոցներ ձեռնարկեք տուրիստական խոշոր կենտրոններում եւ հետեւեք անձնական իրերին: Գումարը պահեք տարբեր գրպաններում:
Փաստաթղթերի, տոմսի, բանկային քարտի գողության դեպքում դիմում գրեք ոստիկանությանը, հետո ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն:

Առեւտրային կենտրոններում տհաճ պատահարներից խուսափելու համար ուշադիր եղեք, ընտրված ապրանքը դրեք դրա համար նախատեսված զամբյուղի մեջ, իսկ դրամարկղային կտրոնները պահեք մինչեւ Ձեր ապրելավայր հասնելը: Եթե Ձեզ մեղադրում են չվճարված ապրանք դուրս տանելու մեջ, ապա կապվեք ՀՀ հյուպատոսության կամ դեսպանատան հետ եւ տեղեկացրեք տեղի ունեցածի մասին:

Ոտքով քայլելու դեպքում խորհուրդ է տրվում դուրս գալ երկուսով կամ խմբով` ընտրելով լուսավոր եւ մարդաշատ վայրեր, ունենալ քաղաքի քարտեզը: Չարժե կանգնել խանութների ցուցափեղկերի դիմաց եւ զրույցներ տանել անառողջ մարդկանց, թափառականների հետ: Ավտոբուսի կամ տաքսու սպասեք լուսավորված կանգառներում:

Կտրականապես հրաժարվեք անծանոթ մարդկանց կողմից առաջարկվող ալկոհոլային, զովացուցիչ ըմպելիքներից, ծխախոտից, նրանց կողմից հյուրասիրությունների առաջակություններից:

Ճամփորդություն ավտոտրանսպորտով

Արտասահման մեկնող քաղաքացիների հետ տեղի ունեցող դժբախտ պատահարների մեծ մասը կապված է ավտոտրանսպորտի օգտագործման հետ:

Ավտոմեքենայով երթեւեկելիս մի մոռացեք վերցնել քարտեզ: Հիշեք Ձեր մեքենայի համարանիշը: Նույնիսկ կարճ ժամանակահատվածով մեքենայից դուրս գալու դեպքում փակեք դռները: Միայնակ քաղաքից դուրս մի եկեք, խմբով դուրս գալու դեպքում ավելի ապահով կլինեք:

Եթե վարձով մեքենա եք վերցրել, ուշադիր ստուգեք բոլոր փաստաթղթերի, հատկապես ապահովագրության ձեւակերպումը:

Սահմանն անցնելիս մի ընդունեք պատահական մարդկանց խնդրանքը` ինչ-որ իր մեքենայով անցկացնելու:

Ի՞նչպես վարվել երկրաշարժի եւ տարերային աղետների ժամանակ

Երկրաշարժը համարվում է ամենակործանարար տարերային աղետներից մեկը: Երկրաշարժի ամենավտանգավոր շրջաններն են`

  • Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայի խաղաղօվկիանոսյան ծովեզրը,
  • Ճապոնիայի արեւելյան ափերը,
  • Խաղաղ օվկիանոսի կենտրոնական հատվածը
  • Հիմալայների հարավային եզրաշերտը
  • Կարիբյան շրջանի երկրները
  • Նոր Զելանդիան
  • Հունաստանը, Թուրքիան, Իտալիան, Միջերկրական ծովը եւ Կենտրոնական Ատլանտիկան:

 
Եթե երեխաների հետ եք, ապա երկրաշարժի ժամանակ նրանց տարեք ապահով վայր` ներսի դռների մոտ կամ սենյակի ներքին անկյուններ: Հեռու մնացեք պատուհաններից, արտաքին պատերից եւ բարձր կահույքից:
Երկրաշարժի ժամանակ շենքից դուրս մի եկեք, սպասեք մինչեւ երկրաշարժն ավարտվի, հետո կարող եք արդեն դուրս գալ: Ոչ մի դեպքում շենքից դուրս գալու համար վերելակից չօգտվեք:

Եթե շենքը բարձրահարկ եւ սեյսմակայուն չէ, ապա հարկավոր է շատ ուշադիր եւ արագ դուրս գալ եւ վազել դեպի ապահով վայր:

Էլեկտրահաղորդակցման լարերին չպետք է մոտենալ:

Եթե ավտոմեքենայի մեջ եք հայտնվել երկրաշարժի ժամանակ, ապա կանգնեք բարձր շինություններից հնարավորինս հեռու եւ ոչ մի բան մի ձեռնարկեք մինչեւ երկրաշարժի ավարտը:

Երկրաշարժից հետո փորձեք վարվել հետեւյալ կերպ.

Եթե երկրաշարժը տեղի է ունեցել գիշերը, ապա խորհուրդ է տրվում էլետրական լապտերի բացակայության դեպքում մինչեւ լուցկի կամ կրակայրիչ օգտագործելը, համոզվել, որ գազի, բենզինի կամ այլ բռնկվող նյութի հոտ չկա:

Հնարավորության դեպքում Ձեր, Ձեր մտերիմների, ծանոթների մասին անհապաղ տեղեկացրեք ՀՀ դեսպանատուն կամ հյուպատոսություն:

Արտասահմանում գտնվելիս անհրաժեշտ է տարրական զգոնություն, խելամիտ զգուշություն ցուցաբերել եւ կանոնակարգել սեփական վարքագիծը շրջակա միջավայրին համապատասխան:
 

Տպել էջը