ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Լատվիայի ԱԳ նախարարի Էդգարս Ռինկևիչսի հետ

27 նոյեմբերի, 2020

Նոյեմբերի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի հետ։ Լատվիայի ԱԳ նախարարը շնորհավորեց նախարար Այվազյանին պաշտոնի ստանձման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր կարևոր առաքելության մեջ:

Կողմերը մտքեր փոխանակեցին երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցության շուրջ: Այս առնչությամբ երկուստեք ընդգծվեց փոխգործակցության հետագա ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու պատրաստակամությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարներն անդրադարձան տարածաշրջանում վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերոջը համապարփակ տեղեկություն տրամադրեց թուրք-ադրբեջանական լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամի և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ:

Նախարարները երկուստեք կարևորեցին խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Տպել էջը