ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հայտարարությունը Ադրբեջանի ԶՈՒ կողմից լրագրողների թիրախավորման վերաբերյալ

08 հոկտեմբերի, 2020

Հոկտեմբերի 8-ին Ադրբեջանի զինուժը կրկին ռմբակոծել է Շուշիի կենտրոնում գտնվող Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարը, որի արդյունքում վիրավորվել և մարմնական վնասվածքներ են ստացել օրվա առաջին կեսին նույն տաճարի ռմբակոծման հետևանքները լուսաբանելու նպատակով տեղում գտնվող օտարերկրացի լրագրողներ Յուրի Կոտյոնոկը, Լևոն Արզանովը և նրանց ուղեկցող խմբի անդամ Հրանտ Բալադյանը:

Ադրբեջանի կողմից խաղաղ բնակավայրերում իրենց մասնագիտական գործունեությունը ծավալող լրագրողների թիրախավորումը կրում է միտումնավոր բնույթ և նպատակ ունի խոչընդոտելու ադրբեջանական բանակի  պատերազմական հանցագործությունների փաստագրումն ու ներկայացումը միջազգային հանրությանը: 

Մաղթում ենք շուտափույթ ապաքինում տուժած լրագրողներին և խստորեն դատապարտում Ադրբեջանի հերթական պատերազմական հանցագործությունը։

Միաժամանակ հրավիրում ենք ողջ միջազգային հանրության, մարդու իրավունքների և խոսքի ազատության բնագավառում մասնագիտացված կառույցների ուշադրությունը տեղեկատվության ձեռքբերման իրավունքը բռնի միջոցներով ոտնահարելու այս աղաղակող փաստին։

Տպել էջը