Հաճախ տրվող իրավական հարցեր

1. Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի վերաբերյալ հարցեր


Ինչպե՞ս մուտք գործել Հայաստանի Հանրապետություն (ՀՀ)

Անձինք ՀՀ կարող են մուտք գործել վավերական անձնագրի առկայության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի թույլտվության դեպքում: ՀՀ մուտք գործելու համար, անհրաժեշտ է հետևյալ փաստաթղթերից որևէ մեկը՝

  • Մուտքի վիզա,
  • ՀՀ-ում կացության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ:

Մինչև 18 տարեկան օտարերկրացիները կարող են մուտք գործել ՀՀ իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի կամ ուղեկցողի հետ միասին կամ միայնակ, եթե նրանք գալիս են Հայաստանի Հանրապետություն իրենց ծնողների, ծնողներից որևէ մեկի, այլ օրինական ներկայացուցչի մոտ կամ ընդունող կազմակերպություն:

Վերը նշված պահանջները չեն վերաբերում ՀՀ-ում ապաստան հայցելու նպատակով երկիր ժամանող անձանց (առավել մանրամասն տես բաժին 4):

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 6

Որքա՞ն ժամանակով է տրվում ՀՀ մուտքի վիզան
ՀՀ մուտքի վիզան տրվում է մեկանգամյա մուտքի համար, ՀՀ-ում մինչև 120 օր գտնվելու ժամկետով: Այն կարող է երկարաձգվել առավելագույնը մինչև 60 օր ժամկետով:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 9

Ինչպե՞ս ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա
Սիրիայի` ազգությամբ հայ1 քաղաքացիները (սակայն ո՛չ նրանց, ո՛չ հայազգի ազգականները) կարող են ձեռք բերել ՀՀ մուտքի վիզա առանց հրավերի: ՀՀ պետական սահմանի անցման կետերում վիզաները տրվում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ստորաբաժանման կողմից:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 9

Սիրիահայերն ազատվում են վիզաների համար վճարումնմներից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի հոդված 26

Որո՞նք են Հայաստանում առանց իրավական հիմքի մնալու հետևանքները
Օտարերկրացիների կողմից ՀՀ-ում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը առաջացնում է տուգանքի նշանակում` 50.000-100.000 ՀՀ դրամի չափով:2

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հոդված 201

 

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿ (ՍեպտեմբերԱմբողջական տեքստը)

Տպել էջը