Բիզնես Հայաստանում

Ներդրումային քաղաքականություն

Հայաստանում ներդրումային ոլորտում պետական քաղաքականության հիմնական խնդիրներն են` ներդրումային միջավայրի բարելավումը, օրենսդրական դաշտի կատարելագործումը և Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ ներդրումների, այդ թվում` օտարերկրյա ուղղակի ներդրումների (այսուհետ` ՕՈՒՆ) խթանումը:

Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականության հիմնական նպատակն է ներդրումային և գործարար բարենպաստ միջավայրի ձևավորումը, կարգավորող միջավայրի թափանցիկության բարձրացումը, երկրի մրցակցային առավելությունների բացահայտումը, Հայաստանում իրականացվող ներդրումների ծավալների մեծացումը, շուկայական ենթակառուցվածքի զարգացումը, որակյալ և բարձր վարձատրվող աշխատատեղերի ստեղծումը, մարդկային կապիտալի զարգացումը և այդ բոլորի հիման վրա` տնտեսական կայուն աճի և բնակչության բարեկեցության ապահովումը, ինչը համահունչ է Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի գերակայություններին: 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներդրումային ոլորտում առաջնորդվում է «բաց դռների» քաղաքականության, ներդրումային գործունեության հետ կապված հարաբերությունների ազատականացման, օտարերկրյա ներդրողների նկատմամբ ազգային և առավել բարենպաստության ռեժիմների ամրագրման, ներդրումների պատշաճ պաշտպանության և միջազգային առաջադեմ պրակտիկայում ընդունված այլ սկզբունքներով:

Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ոլորտը կարգավորող հիմնական իրավական ակտն է 1994 թվականին ընդունված «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքը:

 

Աղբյուր. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն, Ներդրումային քաղաքականություն

Տպել էջը