Հայոց մշակույթ

ՀԱՅՈՑ ՄՇԱԿՈՒՅԹ. ՀՆԱԳՈՒՅՆ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԻՑ ՄԻՆՉԵՎ 21-ՐԴ ԴԱՐ

«Հայաստանը քաղաքակրթության օրրանն է, Հին աշխարհի առաջատար
և զարգացած երկրներից մեկը»
Ֆրանց Վերֆել, ավստրիացի գրող, հումանիստ

ՀԱՅԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱԿՈՒՆՔՆԵՐԸ

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.): Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինությունն ու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: Դրանք բացահայտվել են քաղաք-ամրոցների` Էրեբունիի (Երևանի), Արգիշտիխինիլիի և Թեյշեբաինիի պեղումների ժամանակ: Պահպանվել են ոչ միայն շինարարական արվեստի, այլև կավե և մետաղյա իրերի, զենք ու զրահի, զարդերի բազում նմուշներ: Հիշատակության են արժանի հատկապես Արինբերդում (Թեյշեբաինի) պեղված հեծյալների քանդակներով արծաթե ըմպանակները (ռիտոններ):

ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ

Ալեքսանդր Մակեդոնացու կողմից Աքեմենյան Պարսկաստանի կործանումից հետո Առաջավոր Ասիայում սկիզբ առավ քաղաքակրթական նոր` հելլենիզմի ժամանակաշրջանը: Հայաստանը նույնպես ենթարկվեց հելլենիզմի ազդեցությանը՝ հատկապես Ք.ա. 2-րդ դարի սկզբին՝ Արտաշեսյան դինաստիայի հաստատումից: Թեև հունարենը և հունական մշակույթը տարածում գտան հիմնականում հայկական արքունիքում, ազնվականության և ավագանու շրջանում, այդուհանդերձ, հելլենիզմը մեծապես հարստացրեց մեր ազգային մշակույթը՝ Հայաստանում տևելով գրեթե վեց դար: Հետագայում այդ շրջանի հսկայական մշակութային և նյութական ժառանգությունը գրեթե իսպառ ոչնչացվեց քրիստոնեության ընդունմամբ ու տարածմամբ: Տիգրան Մեծի օրոք (Ք.ա. 95-55թթ.) Հայաստանը վերածվեց Հին աշխարհի առաջավոր երկներից մեկի: Կառուցվեցին ամրոցներ և պաշտամունքային շինություններ, ավելի քան 2 տասնյակ քաղաքներ, որոնց շարքում առանձնանում են մայրաքաղաքներ Երվանդաշատը, Արտաշատը, Տիգրանակերտն ու Վաղարշապատը: Իսկ Տիգրան Մեծին հաջորդած Արտավազդ Բ արքայի օրոք Արտաշատի թատրոնում հույն և հայ դերասանների մասնակցությամբ ներկայացվում էին բազում ողբերգություններ, այդ թվում՝ Էվրիպիդեսի «Բաքոսուհիները»: Հելլենիստական Հայաստանի ամրոցաշինական արվեստի լավագույն կոթողներից է Գառնիի տաճարը, որը կառուցել է Տրդատ Ա թագավորը: Գառնին պալատական համալիր է: Այստեղ պահպանվել է նաև անտիկ շրջանին բնորոշ բաղնիք` հատակի խճանկարով, որը գեղարվեստական մեծ արժեք է ներկայացնում: Այն Հին Հայաստանից մեզ հասած մոնումենտալ գեղանկարչության միակ նմուշն է: Պատմական Հայաստանի Երզնկայի գավառի Սատաղ տեղանքի մոտ 19-րդ դարավերջին հայտնաբերվել է Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը և աջ ձեռքը (Ք.ա. 2-1-ին դարեր, պահպանվում է Բրիտանական թանգարանում): Հայկական հեթանոսական աստվածությունների դիցարանում (պանթեոնում) Անահիտը մայրության և պտղաբերության աստվածուհին է:
 

ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ԳՐԵՐԻ ԳՅՈՒՏԸ

Հայոց Տրդատ Գ թագավորը և Գրիգոր Լուսավորիչը Ք.հ. 301թ. Հայաստանում քրիստոնեությունը հռչակեցին ազգային պետական կրոն: Դա բավական էր, որ հաջորդ հարյուրամյակներին ձևավորվեին ու զարգանային գեղարվեստական նոր ձևեր ու լուծումներ քաղաքաշինության, ճարտարապետության ու կերպարվեստի մեջ, որոնք դարձան ավելի առանձնահատուկ` տեղային և խորը ազգային: Այս դարաշրջանը բնորոշվեց որպես հայ միջնադարյան արվեստի և, ընդհանրապես, հայկական մշակութային գոհարների դարաշրջան: Շուրջ մեկ հարյուրամյակ անց ստեղծվեց ազգապահպանության մի հզոր զենք: 405թ. Մեսրոպ Մաշտոցը` հայոց կաթողիկոս Սահակ Պարթևի և Վռամշապուհ արքայի հովանավորությամբ, ստեղծեց հայոց գիրը, որն անգնահատելի լծակ դարձավ ազգային ինքնության պահպանման գործում` փորձություններով լի հետագա դարերի ընթացքում: Եթե մինչ այդ ուսուցումը Հայաստանում գլխավորապես հունարեն կամ ասորերեն էր, ապա Մ. Մաշտոցն ու Ս. Պարթևը հիմք դրեցին հայոց ազգային նոր դպրոցին: Հայոց գրերն ավելի մատչելի ու դյուրին դարձրին քրիստոնեության տարածումը ողջ Հայաստանի տարածքում: Աննախադեպ վերելք ապրեց թարգմանական գրականությունը, որի առաջին նմուշը հայերեն Աստվածաշունչն էր: Ֆրանսիացի արևելագետ-հայագետ Մաթյուրեն Վեյսիեր Լա Կրոզն այն համարում է «Թագուհի թարգմանությանց»։ Մեսրոպյան այբուբենով ստեղծված թարգմանական և ինքնուրույն գրական ժառանգությունն այնքան հարուստ էր ու կատարյալ, որ 5-րդ դարը դառնում է հայ մշակույթի պատմության «Ոսկե դարը»:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ

5-րդ դարի հենց սկզբից, շնորհիվ գրերի գյուտի, բուռն ծաղկում ապրեց հայ պատմագրությունը: Ագաթանգեղոսն իր պատմությունը նվիրել է Հայաստանում քրիստոնեության հաստատմանն ու տարածմանը: Նրան շարունակել է Փավստոս Բուզանդը՝ գրի առնելով հայոց պատմությունը մինչև 387թ. Հայաստանի բաժանումը Հռոմի և Պարսկաստանի միջև: Ղազար Փարպեցին մեզ է ներկայացրել 4-րդ դարի վերջի և 5-րդ դարի պատմությունը: Պատմիչն արժեքավոր և արժանահավատ տեղեկություններ է պահպանել Վարդանանց և Վահանանց պատերազմների մասին: Այս ապստամբության մասին է գրել նաև պատմիչ Եղիշեն: 5-րդ դարի մատենագիր Կորյունը տվել է իր ուսուցիչ Մաշտոցի կյանքի ու հայոց գրերի ստեղծման պատմությունը:

Մովսես Խորենացի

5-րդ դարի հայ պատմագիրների շարքում առանձնանում է պատմահայր Մովսես Խորենացին: Նրա հռչակավոր «Պատմություն Հայոց» երկը հայ ժողովրդի առաջին ամբողջական պատմությունն է՝ սկսած ծագումից մինչև 5-րդ դարի կեսերը: Այս անգնահատելի երկով մեզ են հասել նաև ժողովրդական բանահյուսության բազում նմուշներ՝ առասպելներ ու ավանդազրույցներ: Մովսես Խորենացին հայ ժողովրդի պատմությունը գրել է հարևան ժողովուրդների պատմությանը խորաթափանց անդրադարձով, և այդ պատճառով նրա երկը հարուստ նյութ է պարունակում նաև Վիրքի, Աղվանքի, Պարսկաստանի, Ասորիքի և անգամ առավել հեռավոր «աշխարհների» մասին: Պատմահոր անունը հայտնի է ողջ աշխարհին, իսկ նրա գործը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով:

 

«ՀԵՏՈՍԿԵԴԱՐՅԱՆ» ՊԱՏՄԱԳՐՈՒԹՅՈՒՆ

6-8-րդ դարերի պատմիչների գործերից արժեքավոր են Սեբեոսի «Պատմություն», Մովսես Կաղանկատվացու «Պատմություն Աղվանաց աշխարհի», Ղևոնդի «Պատմություն» և այլ երկեր: Բագրատունյաց Հայաստանի քաղաքական ու տնտեսական վերելքը բարենպաստ պայմաններ ստեղծեց գիտության ու մշակույթի զարգացման համար: Ծաղկում ապրող պատմագրության ուղղություններից էր հայ նշանավոր տոհմերի պատմության շարադրանքը: Թովմա Արծրունին և անանուն մի հեղինակ գրեցին Վասպուրականի «Արծրունիների տան պատմությունը», Մովսես Դրասխուրանցին՝ Արցախի և Ուտիքի պատմությունը: Առավել նշանավոր էր Ստեփանոս Օրբելյանի «Սիսական նահանգի պատմությունը»: Իսկ Ստեփանոս Տարոնեցին և Վարդան Արևելցին գրի առան նաև հարևան երկրների պատմությունը՝ ստեղծելով «տիեզերական» պատմություններ: 12-13-րդ դարերում տարածված էր դեպքերի ու անցքերի շարադրանքի ժամանակագրական ժանրը, որի վառ ներկայացուցիչներն էին Մատթեոս Ուռհայեցին, Սամվել Անեցին, Վարդան Արևելցին և Կիրակոս Գանձակեցին: Կիլիկյան Հայաստանի ամենանշանավոր պատմիչ Սմբատ Գունդստաբլի «Տարեգիրք» մեծարժեք աշխատությունը պահպանել է Ռուբինյան և Հեթումյան արքայական տոհմերի կառավարման շրջանի կարևոր դեպքերը: Իսկ Հեթում պատմիչի (13-14-րդ դդ.) «Պատմություն Թաթարաց» երկը, որտեղ տրված է Առաջավոր Ասիայի 14 երկրների պատմաաշխարհագրական նկարագրությունը, միջնադարյան Եվրոպայում օգտագործվել է որպես արևելյան երկրների աշխարհագրության, տնտեսության և հասարակական կյանքի անփոխարինելի տեղեկատու: Հաջորդ` 17-18-րդ դարերի հայտնի պատմագիրներն են Առաքել Դավրիժեցին, կաթողիկոս Սիմեոն Երևանցին, Եսայի Հասան-Ջալալյանը և շատ ուրիշներ:

ՀԱՅ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայ գրականությունն աշխարհում հնագույններից է: Նրա սկզբնավորումն առնչվում է գրերի գյուտի հետ: Մինչ տպագրության գյուտը (16-րդ դ.) գրավոր երկերը պահպանվում և ընթերցողին էին հասնում ձեռագրերով՝ արտագրվելով ու տարածվելով:

Գրիգոր Նարեկացի

Հայ մշակույթի բացառիկ դեմքերից է հանճարեղ բանաստեղծ ու մտածող Գրիգոր Նարեկացին (մոտ 951-1003թթ.), ում Հայ առաքելական եկեղեցին դասել է սրբերի շարքը: Նարեկացուց մեզ են հասել բավական թվով qnրծեր՝ երկեր, տաղեր և այլն, որոնք, ունենալով կրոնական բովանդակություն, արտաքուստ իրական աշխարհի և բնության պատկերների նկարագրություններ են: Գրականության պատմության մեջ Նարեկացին թերևս առաջինն էր, ով լայնորեն օգտագործեց բաղաձայնույթը (ալիտերացիան): Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» քնարական-փիլիսոփայական պոեմը հայտնի է նաև «Նարեկ» անունով: Այն զրույց է Աստծու հետ, որտեղ ներկայացված են մարդկության վշտերն ու ցավերը, մեղքերն ու խոստովանությունները և, իհարկե, ինքնամաքրման ճանապարհով կատարելության հասնելու ձգտումը: «Մատյան ողբերգությանը» մարդկության ստեղծած գեղարվեստական մեծագույն արժեքների թվին է պատկանում, և Գրիգոր Նարեկացին իր ուրույն տեղն ունի համաշխարհային միջնադարյան գրականության գանձարանում:

ՆՈՐ ՄԻՏՈՒՄՆԵՐ ՀԱՅ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ

12-րդ դարի կեսերից հայ գրականության մեջ տեղի են ունենում նկատելի փոփոխություններ: 13-14-րդ դարերում Կոստանդին Երզնկացու և Հովհաննես Թլկուրանցու տաղերով սկզբնավորվում է, իսկ հետագայում բանաստեղծներ Նաղաշ Հովնաթանի, Պաղտասար Դպրի և Սայաթ-Նովայի մեծ վաստակով կատարելագործվում և վերջնականապես ձևավորվում է հայ սիրերգությունը: Ստեղծվում են Ֆրիկի սոցիալական տաղերը: Բանաստեղծության քնարական հերոս է դառնում մարդը: Այդ շրջանում առանձնապես աշխուժանում են գեղարվեստական արձակի մանրապատումի տեսակները՝ առակները, զրույցները: Գրական լեզու է դառնում ժողովրդի խոսակցական աշխարհաբարը՝ միջին հայերենը: Այս նոր հոսանքը ներկայացնող ստեղծագործողների մեջ առանձնակի տեղ են գրավում Մխիթար Գոշն ու Վարդան Այգեկցին: 13-րդ դարի սկզբում Հյուսիսային Հայաստանում՝ Զաքարյան իշխանական տան հովանու ներքո, ստեղծվում է Հայոց աշխարհիկ իրավունքի անդրանիկ ժողովածուն՝ Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը», որտեղ հեղինակը քննարկում է իրավունքի տեսությանն ու գործնական կիրառությանը վերաբերող հարցեր: Դեռևս միջնադարում Գոշի «Դատաստանագիրքը» թարգմանվել է լատիներեն, լեհերեն և վրացերեն լեզուներով՝ դարեր շարունակ կիրառվելով ինչպես բուն Հայաստանում, այնպես էլ Կիլիկյան Հայաստանում և հայ համայնքներում՝ Լեհաստանում, Ռուսաստանում (Ղրիմ, Աստրախան), Վրաստանում, Հնդկաստանում: Այս աշխատության անմիջական ազդեցությամբ է կազմել իր «Դատասատանագիրքը» 13-րդ դարի Կիլիկյան Հայաստանի նշանավոր ռազմական և քաղաքական գործիչ Սմբատ Սպարապետը: Նշված աշխատություններն արտացոլում են միջնադարյան Հայաստանի և Կիլիկիան թագավորության հասարակական կյանքը, տնտեսական և ներքաղաքական փոխհարաբերությունները:

ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Ճարտարապետությունը հայ ժողովրդի միջնադարյան մշակույթի կարևորագույն ու առաջատար ոլորտներից էր: Հայկական ճարտարապետության ազգային կերպարը ձևավորվել է դեռևս վաղ միջնադարում, երբ քրիստոնեությունը դարձավ պետական կրոն: Եկեղեցաշինության հարցերում քրիստոնեական կրոնի պահանջներն էապես տարբերվում էին հեթանոսականից. պաշտամունքային շենքերում նախատեսվում էր տեղավորել բոլոր հավատացյալներին: Այս պահանջին առավելապես համապատասխանում էին բազիլիկ կառույցները, որոնք դարձան 4-6-րդ դարերի ողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի եկեղեցիների հիմնական տիպը: Հայաստանում պահպանվել են մի քանի տասնյակ բազիլիկ եկեղեցիներ, ինչպես, օրինակ, Լեռնակերտի (4-րդ դ.), Թանահատի, Ավանի ու Թալինի (5-րդ դ.), Ծիծեռնավանքի (4-5-րդ դդ.), Երերույքի և Օձունի (6-րդ դ.) եկեղեցիները: Միջնադարյան հայկական մոնումենտալ ճարտարապետության մեջ գերակշռող էր նաև կենտրոնագմբեթ եկեղեցիների շինարարությունը: Այս առումով առանձնահատուկ է Էջմիածնի Մայր տաճարը` քրիստոնեական աշխարհի առաջին գմբեթավոր եկեղեցիներից մեկը: Մեկ այլ փայլուն օրինակ է Զվարթնոցի տաճարը, որը կառուցել է Ներսես Գ կաթողիկոսը (7-րդ դար)՝ այնտեղ տեղափոխելով Հայրապետական աթոռը: Զվարթնոցը կանգուն մնաց մոտ երեք հարյուրամյակ և ավերվեց 10-րդ դարում՝ կամ երկրաշարժից, կամ արաբական հերթական արշավանքից: Տաճարը հայտնի է իր ճոխ և բարձրարվեստ հարթաքանդակային ձևավորումներով և ներսի որմնանկարներով: 7-րդ դարը հայ եկեղեցաշինության մեջ նշանավորվեց որպես գմբեթավոր դահլիճ–եկեղեցիների սկզբնավորման շրջան, որի վառ օրինակներից են Պտղնիի, Արուճի, Դվինի ու Թալինի եկեղեցիները: Այս ժամանակաշրջանի Սյունիքի ճարտարապետության գլուխգործոցներից է Տաթևի վանքի Սբ. Պողոս-Պետրոս տաճարը, որը Հայաստանի ամենախոշոր եկեղեցական շինություններից է: Կառուցվել է 895-906թթ., հետագայում զարդարվել մոնումենտալ որմնանկարներով: Հայաստանի մեկ այլ շրջանի՝ Լոռու ճարտարապետական դպրոցը ստեղծել է նշանավոր շատ հուշարձաններ: Հատկապես աչքի են ընկնում Սանահինի և Հաղպատի պաշտամունքային և քաղաքացիական կառույցները (10-12-րդ դդ.), որոնք հայտնի են կառուցող-մեկենասներ Սմբատ և Գուրգեն արքայորդիների քանդակներով: Վասպուրականի հայ ճարտարապետական մտքի գլուխգործոցն է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (915-921թթ., ճարտարապետ` Մանուել), որը հայտնի է մարգարեների և փրկության թեմաներով իր անկրկնելի դիմաքանդակներով: 12-14-րդ դարերի հայ ճարտարապետության մեջ կարևորագույն տեղ է գրավում վանական համալիրների շինարարությունը: Ճարտարապետության գլուխգործոցներ են Գանձասարի, Դադիվանքի (Արցախ), ինչպես նաև Գեղարդի, Գոշավանքի, Մակարավանքի, Սաղմոսավանքի ու Հառիճավանքի փայլուն համալիրները, որոնք ավարտուն տեսք են ստացել 13-14-րդ դարերում: Կարևոր բաղադրիչներ են եղել խաչքարերը, որոնք հանդես են եկել արդեն որպես ճարտարապետական ինքնուրույն ձևեր:

Անի

9-11-րդ դարերում Հայաստանում մեծ զարգացում ապրեց քաղաքաշինությունը, ինչը պայմանավորված էր տարածաշրջանային առևտրի աշխուժացմամբ և Արևելքից Արևմուտք հաղորդակցության ու ապրանքափոխանակության նոր ուղիների ստեղծմամբ: Միջնադարյան Հայաստանի քաղաքաշինական արվեստի փայլուն օրինակ է միջնադարի առևտրա-մշակութային խոշոր կենտրոն Անին` Բագրատունյաց թագավորության մայրաքաղաքը: Անիի աշխարհիկ շինությունները եղել են ժամանակի քաղաքակրթական ամենաբարձր մակարդակի վրա, սակայն ճարտարապետական կերպարը նախևառաջ ձևավորվել է եկեղեցաշինությամբ: Եկեղեցիներն ու մատուռներն այնքան շատ էին, որ մայրաքաղաքը միջնադարում անվանում էին «հազար ու մեկ եկեղեցիների քաղաք»: Այս շրջանում է ձևավորվել Անիի ճարտարպետական հայտնի դպրոցը, որի ոճը լայնորեն տարածվել է ողջ քրիստոնեական աշխարհում: Անիի Մայր տաճարը կառուցվել է 989-1001թթ.՝ Բագրատունյաց դինաստիայի բարգավաճման շրջանում: Անիի եկեղեցաշինության լավագույն նմուշներից է 1215թ. Տիգրան Հոնենցի կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը հայտնի է որմնանկարներով ու դեկորատիվ կամարներով:

Խաչքար

Խաչքարը ոչ միայն հայ, այլև համաշխարհային կերպարվեստում ճարտարապետական եզակի ձև է և, իբրև պաշտամունքային երևույթ, հայերի համար փոխարինել է սրբապատկերին: Խաչքարը կանգնեցրել են ամենատարբեր առիթներով (հոգու փրկության, ռազմական հաղթանակների, շինարարության ավարտի և այլն), սակայն շատ հաճախ այն ագուցվել է եկեղեցիների որմի մեջ: Խաչքարերն իրենց արձանագրություններով այսօր ծառայում են իբրև աննախադեպ լեզվական, պատմական հուշարձաններ հատկապես հայ ժողովրդի կյանքին վերաբերող նկարագրական նյութերի առումով, որոնք չես հանդիպի պատմիչների մոտ: Ի դեպ, գոյություն չունի երկու միանման խաչքար: Հայաստանում պահպանված ամենահին խաչքարը Աշոտ Ա Բագրատունու՝ կնոջը՝ Կատրանիդեին, նվիրված խաչքարն է (879թ.): Հայկական խաչքարային արվեստն իր կատարելությանն է հասնում 10-13-րդ դարերում: Յուրահատուկ են իրենց բարձր ու նուրբ արվեստով ֆիլիգրան (ցանցկեն) մշակում ունեցող խաչքարերը, որոնցից պետք է հիշատակել Գոշավանքի Սբ. Գրիգոր եկեղեցու 1291թ. խաչքարը: Որոշ խաչքարեր ունեն սյուժետային և սրբապատկերային տարրեր, ինչպիսին է Եղեգնաձորում՝ Պռոշ իշխանի հովանավորությամբ և հանճարեղ Մոմիկ վարպետի կողմից ստեղծված խաչքարը: Հայկական խաչքարային արվեստի աննախադեպ գոհարներ են Նորադուզի և Հին Ջուղայի (այսօր՝ Նախիջևան) 15-17-րդ դարերի, այսպես կոչված, խաչքարերի «անտառները» կամ գերեզմանատները (ավելի քան 10 000 խաչքար): Դեռևս 1970-ականների կեսերին Ջուղայի բազմահազար խաչքարերից պահպանվել էին միայն մոտ 2700-ը: 2005թ. ադրբեջանական բանակի զինվորները լիովին ոչնչացրին այս եզակի հուշարձանախմբի մնացած խաչքարերն ու տապանաքարերը՝ տարածքը վերածելով զինվորական հրաձգարանի: Չնայած բազմաթիվ լուսանկարների, տեսանյութերի և անհերքելի այլ վկայությունների, մինչ օրս որևէ միջազգային կազմակերպություն, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չեն տվել. Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված և իրագործված այս վանդալիզմը մնացել է անպատիժ:

ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳՐՔԱՐՎԵՍՏ

Մեծ Հայքի մանրանկարչության պատմությունը 12-13-րդ դարերից կարող է ներկայացվել ըստ դպրոցների ու վայրերի (Անիի երկրորդ վերելք` 12-րդ դարի սկիզբ, Գլաձորի դպրոց, Արցախի ու Խաչենի իշխանական տոհմերի ուժեղացում, Վասպուրականի մանրանկարչության վերելք` 13-րդ դարի վերջ և այլն): Հարկ է հիշատակել Բարձր Հայքի ամենաշքեղ ու խոշոր ձեռագիրը` «Մշո Ճառընտիրը» (1202թ.): Այն վերագրվում է Ավագ վանքին, որն էլ ըստ ավանդության, հիմնադրել է Թադեոս առաքյալը, ինչպես նաև 1237թ. նկարազարդված Ավետարանը, որն այժմ պահվում է Չիկագոյի համալսարանի գրադարանում: Հայկական մանրանկարչության ներկայացուցիչների անունները պահպանվել են մինչև մեր օրերը: Ծաղկող Թորոս Տարոնացու (14-րդ դար) գրչին են պատկանում մեզ հասած ավելի քան 20 նկարազարդ ձեռագիր: Մոմիկը հիշատակվում է որպես գրիչ, նկարիչ ու քանդակագործ բազում ձեռագրերում ու խաչքարերի վրա: Նրա անունը կապված է Գլաձորի հայտնի գրչատան հետ: Գլաձորի դպրոցի հաջորդ մեծությունն Ավագն է (15-րդ դ.), ում բնորոշ է գործող կերպարների դինամիկ և շեշտված կեցվածքը: Նրա հայտնի գործերից են «Մուտք Երուսաղեմ» և «Ծնունդ. Աստվածաշունչ»: Տաթևի մանրանկարչական դպրոցի, Տաթևի հայտնի համալսարանի գիտական ու գեղարվեստական մտքին շունչ տվող մեծանուն փիլիսոփան ու նկարիչը Գրիգոր Տաթևացին էր: Նա հրավիրվել էր Տաթև, որտեղ գործել էր 16 տարի: Տաթևացու գրական ժառանգությունն ընդգրկում է այդ շրջանի հայտնի գիտելիքների գրեթե բոլոր բնագավառները: Նրա աստվածաբանական, փիլիսոփայական ու գեղագիտական գործերում հանդիպում են այնպիսի մտքեր, որոնք միջնադարյան աշխարհայացքից բավական առաջ էին: Վասպուրականի մանրանկարչության դպրոցը (13-րդ դարի վերջերից մինչև 17-րդ դարավերջ) հնագույններից ու խոշորագույններից է հայ իրականության մեջ: Գրչակենտրոնները 40-ից ավել էին, իսկ պահպանված մատյանների ու ձեռագրերի թիվն անցնում է 2500-ից: Դպրոցի ամենահայտնի վարպետներից էին Հովսիանը, Կիրակոս Աղբակեցին, Ծերունը, Սիմեոն Արճիշեցին: 


 

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՔԱՐՎԵՍՏԸ

Կիլիկյան Հայկական թագավորությունը գոյատևել է 11-րդ դարից մինչև 1375թ.: 1151թ. այնտեղ է տեղափոխվում Հայոց կաթողիկոսարանը: Ներսես Շնորհալի ու Գրիգոր Տղա կաթողիկոսների օրոք Հռոմկլայում ծաղկում և զարգանում է գրքարվեստն ու նկարչությունը: Կիլիկյան մանրանկարչությունն առանձնանում է զուտ իրեն հատուկ զարգացման գծերով: Թարգմանչաց Ավետարանն իր միստիկ նկարազարդումներով հակադրությունն է Հաղպատի Ավետարանի՝ հայտնի իր պարզությամբ ու կյանքի անմիջական արձագանքներով, Մոմիկի զուսպ գունաբաշխումը մեծապես տարբերվում է Ավագի հախուռն հորինվածքներից: Կիլիկիայում 12-րդ դարում պատկերազարդվում էին ոչ միայն ավետարանները, այլև այլ մատյաններ: Հայտնի են Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանը», որի գրիչն է Գրիգոր Մլճեցին, ինչպես նաև Սկևռայի Ավետարանը, որը պահպանվել է Լվովի պատրիարքարանում: Ենթադրվում է, որ դա արքայական այն Ավետարանն է, որի վրա երդվել է Լևոն Բ Մեծագործ թագավորը: Կիլիկյան մատյաններից Հեթում Բ-ի «Ճաշոցը», Մատենադարանի թիվ 9422 «Ավետարանը» և «Ութ մանրանկարիչների Ավետարանը», իրենց զարդային ապշեցուցիչ հարստությամբ ու գեղագիտական բարձր մակարդակով, համարվում են հայ միջնադարյան գրքարվեստի գլուխգործոցները:



 

Թորոս Ռոսլին

Թորոս Ռոսլին մանրանկարչի ստորագրությամբ ձեռագրերը պատկերազարդված են 13-րդ դարի 50-60-ական թվականներին: Ողջ էջով մեկ նրա նկարները, հատկապես իրենց գունային նրբին ներդաշնակությամբ, համարվում են հայ մանրանկարչության դասական նմուշներ: Ռոսլինի արվեստը Հռոմկլայի դպրոցի բարձրակետն է: Մանրանկարչի մոտ հայտնվում են Քրիստոսի ու Մարիամի կիսանդրիները, ինչը մինչ այդ ոչ ոք չէր օգտագործել: Նրա հայտնի գործերից պետք է հիշատակել «Զեյթունի Ավետարանը», «Մալաթիայի Ավետարանը», «Ծնունդ. Ավետարանը» և այլն:


 

Սարգիս Պիծակ

Սարգիս Պիծակը կիլիկյան մանրանկարչության թերևս վերջին խոշոր անհատականությունն է: Նա ապրել ու գործել է 14-րդ դարի առաջին կեսին` Կիլիկյան թագավորության անկման շրջանում: Պիծակի անունով ավելի քան 30 ձեռագիր է մեզ հասել` հիմնականում Ավետարաններ: Նրա համբավը տարածված էր ոչ միայն Կիլիկիայում ու Մեծ Հայքում, այլև ողջ տարածաշրջանում: Բացի կիլիկյան արքաներից ու կաթողիկոսներից, Պիծակը բազում պատվերներ է ստացել նաև արտասահմանից, ինչպես «Ութ մանրանկարիչների Ավետարանը»՝ Սեբաստիայի Ստեփանոս եպիսկոպոսի համար: Նրա վերջին ու հանրահայտ «Բժշկության Ավետարանը» (1353թ.)՝ պատկերազարդված համաշխարհային ժանտախտի օրոք, նախատեսված էր հիվանդների ապաքինության համար: Այս մասին կան բազում վկայություններ: Դա նորություն էր ոչ միայն Ս. Պիծակի արվեստում, այլև առհասարակ հայ մանրանկարչության մեջ: Սարգիս Պիծակը այն առաջին հայ մանրանկարիչներից է, ով թողել է մեզ իր ինքնանկարը:

 

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԸ ՈՒՇ ՄԻՋՆԱԴԱՐՈՒՄ

Ուշ միջնադարյան Հայաստանի տնտեսական ու քաղաքական ծանր վիճակն իր կնիքն է թողել մշակույթի զարգացման վրա։ Այնուամենայնիվ, արվեստի որոշ ճյուղեր շարունակում էին զարգանալ։ Հաջողություններն ակնառու էին հատկապես մանրանկարչության, իսկ հետագայում արդեն գրատպության բնագավառում։ Այս շրջանի հայ մանրանկարիչներից նշանավոր էին Հակոբ Ջուղայեցին, Մեսրոպ Խիզանցին, Սահակ Ծաղկարարը և ուրիշներ։ Իսկ 15-17-րդ դարերի առավել հայտնի դպրոցներից էին Վասպուրականի, Կարինի, Նոր Ջուղայի և Ղրիմի մանրանկարչական դպրոցները։ Զարգացում էր ապրում նաև գորգագործությունն ու մետաղագործությունը։ Հայկական գորգերն արտահանվում էին Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի շատ երկրներ և մեծ հռչակ ունեին։ Ուշագրավ էին հատկապես հայկական վիշապագորգերը։ Հայկական համայնքներում հայտնի էին բարձրարվեստ ոսկերչությունն ու նկարչությունը։ Արվեստի նշանավոր գործ էր Նոր Ջուղայից Ալմաստե գահը, որը նվիրվեց ռուսաց ցար Ալեքսեյ Միխայլովիչին։ Նոր Ջուղայի հայ արվեստագետներից Բոգդան Սալթանովը, 1666թ. հաստատվելով Մոսկվայում, աշխատում էր Զինապալատում և մեծ դերակատարություն ունեցավ ռուսական դեկորատիվ արվեստի զարգացման գործում։ Ուշ միջնադարի հայտնի մանրանկարիչ է Մեսրոպ Խիզանցին,ով ստեղծագործել է Նոր Ջուղայում: Նրա անունով մեզ է հասել շուրջ 40 ձեռագիր մատյան: Պահպանելով Վասպուրականի դպրոցի ավանդույթները, Խիզանցու արվեստում նկատվում է Միջագետքին բնորոշ մշակույթի և եվրոպական նոր արվեստի ազդեցությունը («Սամարացի կինը ջրհորի մոտ», «Խաչից իջեցում», «Ողբ Քրիստոսի» և այլն): 16-17-րդ դարերում շարունակում է զարգանալ խաչքարային և քանդակագործական արվեստը։

 

Հակոբ Ջուղայեցի

Այս շրջանի հռչակավոր դեմքերից է Հակոբ Ջուղայեցին (ծնվել է մոտ 1570-ականներին): 1605թ.՝ շահ Աբբասի հրամանով իր համաքաղաքացիների հետ գաղթել է Սպահան, որտեղ հայերի կառուցած Նոր Ջուղայում ապրել ու ստեղծագործել է մինչև կյանքի վերջ: Պահպանվել է նրա պատկերազարդած 8 ձեռագիր, որոնցից 6-ը՝ Ավետարան: Հակոբ Ջուղայեցին մասնակցել է նաև Կալիսթենեսին վերագրվող «Ալեքսանդրի պատմություն» հայտնի ձեռագրի պատկերազարդմանը: Ջուղայեցու ամենակատարյալ ձեռագիրը 1610թ. Ավետարանն է, որը բացառիկ երևույթ է հայ գրքային գեղանկարչության մեջ՝ Ավետարանների պատկերազարդման իր անսովոր մանրամասներով (59 մանրանկար ամբողջական էջերի վրա): Հակոբ Ջուղայեցիով, ով վերջին անգամ իր երբեմնի բարձունքին հասցրեց հայ գրքային գեղանկարչությունը, ավարտվում է այդ արվեստի 1300-ամյա զարգացման ընթացքը:






 

ՀԱՅԿԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց պետականության անկումից հետո շուրջ երկու դարի ընթացքում գրեթե մոռացության մատնված մեր ավանդական մշակույթը փորձում է վերածնունդ ապրել: Հայերեն առաջին տպագիր գիրքը` «Ուրբաթագիրքը», լույս է տեսնում Վենետիկում 1512թ.՝ Հակոբ Մեղապարտի ջանքերով: Այն ի դեպ ունի նաև գունավոր էջեր: Տպագրության գյուտը Եվրոպայում և հայերեն գրքերի տպագրության սկիզբը (որն ամենևին չէր բացառում ձեռագիր գրքերի անհրաժեշտությունը) անգնահատելի դերակատարություն են ունենում 16-18-րդ դարերի հայկական մշակույթի զարգացման գործում: Տպարաններ են հիմնվում բազմաթիվ հայ համայնքներում` Միլանում, Նոր Ջուղայում, Փարիզում, Ամստերդամում, Ս. Պետերբուրգում, Կ. Պոլսում, Լիվոռնոյում և այլուր: Տպագրվում են պատմական, հոգևոր, բնագիտական, աշխարհագրական և այլ բնույթի աշխատություններ: Այսպիսով, եբրայերենից հետո, հայերենը դառնում է սեփական տպագիր գիրք ունեցող մերձավորարևելյան հաջորդ լեզուն: 17-րդ դարի սկզբին Շահ Աբասի կողմից բռնագաղթված հայերի մի մասը բնակություն է հաստատում Սպահանի արվարձաններից մեկում, որը բարեկարգվում է և կոչվում Նոր Ջուղա, քանի որ բնակիչների մեծ մասը ջուղայեցիներ էին: Հայ վաճառականներն իրենց ձեռքն են վերցնում մետաքսի հումքի արտահանումը և հանդես են գալիս որպես Պարսկաստանի և Եվրոպայի ու Ռուսաստանի միջև կատարվող առևտրի միջնորդներ։ Նոր Ջուղան դառնում է նաև հոգևոր-մշակութային խոշոր կենտրոն. զարգանում են արվեստները, մասնավորապես, կոթողային գեղանկարչությունն ու որմնանկարչությունը: Ճարտարապետական մտքի ու որմնանկարային արվեստի գլուխգործոց է Սբ. Ամենափրկիչ վանքը (1664թ.): Մինչև 16-րդ դար Ղրիմի հայ բնակչությունը, որ գաղթել էր թաթարա-մոնղոլական դաժան լծից, այնքան է ավելանում, որ ժամանակագիրները թերակղզու հարավ-արևելյան հատվածն անվանում են «ծովափնյա Հայաստան»: Այստեղ հայերը կառուցում են բազում վանական համալիրներ, եկեղեցիներ ու մոնումենտալ, աշխարհիկ շենքեր: Ամենանշանակալից հուշարձանը Սուրբ Խաչ վանքի համալիրն է: Զարգանում են նաև արհեստները, մանրանկարչությունն ու եկեղեցական որմնանկարչությունը: 16-17-րդ դարերի ընթացքում մշակույթի հայ գործիչները, օգտագործելով տպագրական գյուտի ընձեռած հնարավորությունները, ժողովրդի մեջ լուսավորություն տարածելու նպատակով տպագիր գիրքը դարձնում են մատչելի ընթերցողների ավելի մեծաքանակ շրջանակների համար: Անգնահատելի է Ոսկան Երևանցու գործունեությունը հայ տպագրության ասպարեզում: 1660-ական թթ. նա Ամստերդամում տպագրում է հայերեն առաջին «Աստվածաշունչը»՝ տպագրական-տեխնիկական տեսակետից մի հոյակապ գործ: Անցած 500 տարիների ընթացքում ստեղծված հայ գրատպության հարուստ պատմությունն ու փորձը լիովին իրավունք տվեցին Հայոց ոստանը` Երևանը, հռչակելու 2012թ. «Գրքի համաշխարհային մայրաքաղաք»: 1794թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում սկսում է հրատարակվել հայ առաջին պարբերական հանդես «Ազդարարը»՝ Հարություն Շմավոնյանի խմբագրությամբ: Այսպես սկիզբ է դրվում հայ պարբերական մամուլի պատմությանը: Նշանավոր պարբերականներից էին Կ. Պոլսի «Մասիսը», Վենետիկի «Բազմավեպը», Կալկաթայի «Ազգասերը», Թիֆլիսի «Արարատը», Մոսկվայի «Հյուսիսափայլը» և այլն: Մամուլի հետ զարթոնք է ապրում նաև դպրոցը, ամուր հիմքերի վրա է դրվում կրթական գործը: 19-րդ դարի առաջին կեսին բացվում են մի քանի բարձրագույն դպրոցներ՝ Աղաբաբյան դպրոցը՝ Աստրախանում (1810թ.), Լազարյան ճեմարանը` Մոսկվայում (1815թ.), Ներսիսյան դպրոցը` Թիֆլիսում (1824թ.), Ժառանգավորաց դպրոցը` Էջմիածնում, Մուրատյան դպրոցը՝ Պադուայում (1834թ.), Ռափայելյան դպրոցը՝ Վենետիկում (1838թ.):
 

Նաղաշ Հովնաթան

Ուշ միջնադարի հայ մեծանուն բանաստեղծ, աշուղ և նկարիչ Նաղաշ Հովնաթանը ծնվել է 1661թ. Նախիջևանում: Նա թողել է գրական ու գեղարվեստական հարուստ ժառանգություն (ավելի քան հինգ տասնյակ ձեռագիր)։ Հովնաթանը գրել է նաև կրոնական–ծիսական բնույթի երգեր՝ օգտվելով ժողովրդական բանահյուսությունից և ազդեցություն կրելով ինչպես հայ, այնպես էլ պարսիկ ու մերձավորարևելյան ժողովուրդների ստեղծագործություններից: Ն. Հովնաթանը մեծ համբավ է վայելել՝ որպես վարպետ նկարիչ, և վաստակել է «նաղաշ» (նկարիչ) պատվավոր անունը։ Նա ձևավորել է շենքեր ու եկեղեցիներ Հայաստանում, Վրաստանում, Պարսկաստանում: 1679թ. մեծ երկրաշարժից հետո նա եկավ Երևան և նկարազարդեց Սբ. Պողոս Պետրոս, Սբ. Անանիա և Սբ. Կաթողիկե եկեղեցիները, իսկ 1710-ական թվականներին հրավիրվեց Էջմիածին` նկարազարդելու Մայր տաճարը։

Սայաթ-Նովա

Սայաթ-Նովան (Հարություն Սայադյան) հայ միջնադարյան քնարերգության վերջին խոշոր ներկայացուցիչն է: Նրա համբավը՝ որպես պոետ, աշուղ ու երգահան, արագ տարածվում է Անդրկովկասում, և վրաց թագավորը հրավիրում է դառնալ պալատական երգիչ: Սայաթ-Նովան իր ստեղծագործությունները, որոնք կոչել է «խաղեր», գրել է երեք լեզուներով՝ հայերեն, վրացերեն և թուրքերեն, և ինքն էլ կատարել է բազմամարդ համերգներում՝ տարբեր նվագարանների (քամանչա, սանթուր, սազ և այլն) օգնությամբ: Նրա սիրերգությունն արժևորում է կյանքն ու մարդու վեհ ձգտումները և ունի համամարդկային բովանդակություն:


 

Մխիթարյան միաբանություն

1701թ. Մխիթար Սեբաստացին (1676-1749թթ.) հիմնում է հետագայում իր անունով Մխիթարյան կոչված կրոնական միաբանություն, որը 1717թ. վերջնականապես հաստատվում է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում: Շուտով հիմնադրվում է միաբանությանը կից վարժարան: Ամբողջ 18-րդ դարում և 19-րդ դարի առաջին կեսին Միաբանության գիտնականներն իրականացնում են գիտական լուրջ ուսումնասիրություններ և թարգմանություններ, հրատարակում են մեր հին մատենագիրների երկերը, ստեղծում նորերը: Հատկապես մեծարժեք են Մխիթար Սեբաստացու «Բառգիրք հայկազյան լեզվի» (2 հատոր), Միքայել Չամչյանի «Պատմություն Հայոց» (3 հատոր), Ղևոնդ Ալիշանի «Քաղաքական աշխարհագրություն» աշխատությունները և այլն: Սբ. Ղազարում Մխիթար Սեբաստացին սեփական գրադարանի հիմքի վրա ստեղծում է մատենադարան, որը հետագայում համալրվում է նվիրատվություններով և գնումներով: Վենետիկի մատենադարանի ներկայիս ձեռագիր ֆոնդը 4 000 միավոր է, տպագիր ֆոնդը՝ շուրջ 150 000: Հայտնի է նաև Վիեննայի Մխիթարյան միաբանության մատենադարանը, որտեղ պահվում է շուրջ 2 500 ձեռագիր մատյան: Հարկ է նշել, որ Վիեննայի միաբանության տպարանում տպագրվել են նաև օտարալեզու գրքեր, այդ թվում՝ առաջին սերբերեն գիրքը (1829թ.): Մխիթարյան միաբանությունն այսօր էլ շարունակում է իր հոգևոր ու մշակութային գործունեությունն Իտալիայում, ինչպես նաև Ավստրիայում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում, Արգենտինայում, ԱՄՆ-ում և Հայաստանում:

ՆՈՐ ՇՐՋԱՆԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ. ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԵՐԱԺՇՏԱՐՎԵՍՏ

Արևելյան Հայաստանի՝ Ռուսական կայսրության կազմի մեջ անցնելուց հետո ազգային գեղարվեստական մշակույթը սկսեց զարգանալ նոր` եվրոպական և աշխարհիկ հիմքերի վրա: 19-րդ դարի կեսերից հայ արվեստն ու գրականությունն աննախադեպ վերելք են ապրում: Մշակութային խոշոր կենտրոններ են դառնում Թիֆլիսը արևելահայության համար, Կ.Պոլիսը` արևմտահայության: Կրթության հարցում մեծ դերակատարություն են ունեցել 1873թ. հիմնադրված Թիֆլիսի գեղարվեստական ընկերությունը, Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիային ենթակա ուսումնարանը Թիֆլիսում, հետագայում՝ Հայ արվեստի տունը, 1883թ. Կ. Պոլսում քանդակագործ Երվանդ Ոսկանի նախաձեռնությամբ բացված Օսմանեան գեղարվեստի վարժարանը և այլն: 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի հայ մեծանուն արվեստագետներից հարկ է նշել. արևելահայերից` Գևորգ Բաշինջաղյանին, Վարդգես Սուրենյանցին, Եղիշե Թադևոսյանին, Հակոբ Գյուրջյանին և ուրիշներին, արևմտահայերից Փանոս Թերլեմեզյանին, Պետրոս Ադամյանին, Գևորգ Չմշկյանին, Էդգար Շահինին և այլոց: Հայ երաժշտարվեստը ևս փորձում էր նոր էջ բացել՝ ժամանակակից, ազգային ու պրոֆեսիոնալ հենքի վրա: Մեծ տաղանդի և մասնագիտական բարձր գիտելիքների տեր ստեղծագործող էր երգահան և հասարակական գործիչ Տիգրան Չուխաջյանը: Առաջին հայկական օպերաների և օպերետների, դաշնամուրային գործերի, երգերի և ռոմանսների հեղինակ Չուխաջյանն իր գործունեությամբ նպաստել է ինչպես հայ, այնպես էլ թուրք ժողովրդի երաժշտական լուսավորությանը: Նա առաջինն էր, որ միաձուլեց եվրոպական և արևելյան` հատկապես, հայկական-քաղաքային երաժշտության ավանդույթները: Չուխաջյանի երաժշտական ժառանգության գլուխգործոցը «Արշակ Երկրորդ» հայկական առաջին ազգային դասական օպերան էր, որն առաջին անգամ ամբողջությամբ բեմադրվեց 1945թ. Հայաստանում: Հայ երաժշտարվեստի ականավոր ներկայացուցիչ Արմեն Տիգրանյանը պատկանում է արվեստագետների այն սերնդին, ովքեր կամրջեցին ազգային երաժշտական մշակույթի երկու տարբեր շրջանները` նախախորհրդայինը և խորհրդայինը: Տաղանդավոր կոմպոզիտորն անգնահատելի արդյունքի հասավ օպերային ժանրում. նրա «Անուշը» դարձավ առաջին ազգային ռեալիստական օպերան:
 

Հովհաննես Այվազովսկի

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես (Իվան) Այվազովսկին ծնվել է 1817թ. Թեոդոսիայում։ Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների և արժանացել համընդհանուր ճանաչման։ Փարիզում արժանացել է Ոսկե մեդալի և Պատվո լեգեոնի շքանշանի, Ամստերդամում՝ ակադեմիկոսի կոչման։ 1844թ. վերադարձել է Ռուսաստան, ստացել Գեղարվեստի ակադեմիայի ակադեմիկոսի կոչում և նշանակվել Ծովային գլխավոր շտաբի գեղանկարիչ։ Այվազովսկին ստեղծել է Սևաստոպոլի հերոսամարտին նվիրված մի շարք կտավներ («Սինոպի ծովամարտը», «Սևաստոպոլի պաշտպանությունը» և այլն): Ղրիմի պատերազմի տարիներին պաշարված այդ քաղաքում նա բացել է ցուցահանդես, իսկ 1869թ. Թիֆլիսում բացեց հայ իրականության մեջ առաջին գեղարվեստական ցուցահանդեսը։ Ծովանկարչության գլուխգործոցներն են` «Նեապոլի ծովածոցը լուսնկա գիշերով», «Նավաբեկություն», «Փոթորիկը Սև ծովում», «Իններորդ ալիք» և այլն։ Հայաստանի նկատմամբ Այվազովսկու մեծ սերն արտահայտվել է «Արարատ լեռան հովիտը», «Հայ ժողովրդի մկրտությունը» և այլ կտավներում։ 1890-ական թթ.՝ հայկական կոտորածների ծանր օրերին, Այվազովսկին ստեղծեց «Հայերի ջարդը Տրապիզոնում», «Թուրքական նավերը Մարմարա ծովն են թափում հայերին» և այլ աշխատանքներ: Իր նկարների տակ նա երբեմն ստորագրում էր հայերեն՝ «Հովհ. Այվազովսկի» կամ «Օվաննես Այվազեան»։ Ընդհանուր առմամբ, Այվազովսկուն են պատկանում շուրջ 6 000 կտավներ, որոնք պահվում են աշխարհի նշանավոր թանգարաններում։ Աշխարհահռչակ ծովանկարիչը մահացել է 1900թ.` անավարտ թողնելով «Թուրքական նավի պայթյունը» կտավը։







 

ՀԱՅ ՆՈՐ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

19-րդ դարաշրջանի տիրապետող գաղափարաբանությունը լուսավորականությունն էր: Հայ լուսավորիչները ոչ միայն հետևում էին եվրոպական հոգևոր ու աշխարհիկ շարժման նվաճումներին, այլև ձգտում էին դրանք համադրել հայ իրականության հետ: Ազատությունը հռչակվում է գոյության բարձրագույն սկզբունք, ինչը շատ կարևոր էր պետականությունը վաղուց կորցրած հայ ժողովրդի համար: Այս գաղափարների տարածմանն իրենց գրական վաստակով մեծապես նպաստեցին Հարություն Ալամդարյանը, Մեսրոպ Թաղիադյանը, Ղևոնդ Ալիշանը և ուրիշներ: Թերևս ժամանակի ամենամեծ լուսավորիչը արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանն էր: Առաջատար գրական դեմքերի՝ Միքայել Նալբանդյանի, Հակոբ Պարոնյանի, Րաֆֆու կողքին հանդես են գալիս նշանավոր այլ անուններ՝ Ստեփանոս Նազարյան («Հյուսիսափայլի» խմբագիր), Մկրտիչ Պեշիկթաշլյան, Սմբատ Շահազիզ, Ռափայել Պատկանյան, Ղազարոս Աղայան, Ծերենց, Գաբրիել Սունդուկյան, Պետրոս Դուրյան, Դանիել Վարուժան, Սիամանթո և ուրիշներ: 19-րդ դարի վերջին տասնամյակը և 20-րդ դարի սկիզբը հայ նոր գրականության զարգացման բարձրակետն էր: Առանձնապես բարձր նվաճումների հասավ իրապաշտական (ռեալիստական) արձակը: Շիրվանզադեի, Պերճ Պռոշյանի, Գրիգոր Զոհրապի հետ միաժամանակ հրապարակ եկան այլ արձակագիրներ՝ Վրթանես Փափազյան, Նար-Դոս, Արշակ Չոպանյան, Երվանդ Օտյան և շատ ուրիշներ, որոնց ստեղծագործությունների լավագույն էջերը մտել են հայ արձակի դասական արժեքների շարքը: Դարավերջին իրենց ստեղծագործական ճանապարհն են սկսել նաև մեր դասական բանաստեղծության երկու անկրկնելի մեծություններ՝ Հովհաննես Թումանյանն ու Ավետիք Իսահակյանը:

Հովհաննես Թումանյան

«Ամենայն հայոց բանաստեղծ» Հովհաննես Թումանյանը (1869-1923թթ.) ծնվել է Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ 1880-ական թթ. կեսերից սկսել է ստեղծագործել, սակայն լայն ճանաչում է ձեռք բերել 1890-ական թթ. սկզբին՝ «Բանաստեղծություններ» հավաքածուի լույս տեսնելուց հետո։ Իր ստեղծագործություններից շատերում Հ. Թումանյանը նկարագրել է նահապետական օրենքներով ապրող գյուղացիների կյանքը, որը հաճախ լի էր ողբերգական հակասություններով։ Այդ թեմային են նվիրված «Մարոն», «Լոռեցի Սաքոն», «Անուշը» և այլն: Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը, որի վառ օրինակներից են «Թմկաբերդի առումը», «Աղթամարը», «Փարվանան» և այլն։ Թումանյանը հայտնի էր նաև որպես հասարակական գործիչ։ 1899թ. նա կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, 1905-1907թթ. մասնակցում Բաքվի հայ-թաթարական ընդհարումների հաշտեցմանը: Հայոց ցեղասպանության տարիներին նա անտարբեր չի մնում Օսմանյան կայսրությունում բնաջնջվող իր ժողովրդի ճակատագրին. 1915թ. դստեր հետ Թիֆլիսից մեկնում է Էջմիածին՝ բացելով հինգ հիվանդանոց, ինչպես նաև որբանոց, ուր ապաստան են գտնում շուրջ 3 000 երեխաներ: Նա էր գլխավորում 1918թ. ստեղծված «Համաշխարհային պատերազմից հայ ժողովրդի կրած վնասների քննիչ հանձնաժողովը», որի աշխատանքների արդյունքում զգալի փաստագրական նյութ հավաքվեց Ցեղասպանությունը վերապրածների կրած նյութական և մարդկային կորուստների վերաբերյալ:

20-ՐԴ ԴԱՐԻ ՀԱՅ ՄՇԱԿՈՒՅԹ

1920թ. նոյեմբերին Արևելյան Հայաստանում հաստատվեց խորհրդային իշխանություն. սկիզբ առավ հայ ժողովրդի նորագույն պատմության սոցիալիստական շրջանը, որն էլ եզրափակվեց 1991թ. սեպտեմբերի 21-ին` Հայաստանի անկախության հռչակմամբ: Պատմական այդ համեմատաբար կարճ շրջանը հագեցած էր հասարակական, քաղաքական ու մշակութային նշանակալից իրադարձություններով, որոնք իրենց դրոշմը դրեցին ողջ 20-րդ դարի հայ մշակույթի վրա: 1924թ. ապրիլին Խորհրդային Հայատանի կառավարության նիստին հաստատվեց Ալեքսանդր Թամանյանի հեղինակած՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը, որը հզոր խթան դարձավ ողջ հանրապետությունում քաղաքաշինության, ճարտարապետության, կերպարվեստի հետագա զարգացման համար: Թեև բոլշևիկյան իշխանության ձեռքին արվեստը ծառայում էր որպես քաղաքական և գաղափարական ամբիոն, սակայն պատմական այս ժամանակահատվածը հայ արվեստի ու գրականության համար նշանակալից ձեռքբերումների ու վերելքի շրջան էր, որը կապված էր նկարիչներ Մարտիրոս Սարյանի ու Հակոբ Կոջոյանի, գրողներ Եղիշե Չարենցի ու Ավետիք Իսահակյանի, Պարույր Սևակի ու Հովհաննես Շիրազի, դերասաններ Վահրամ Փափազյանի ու Մհեր Մկրտչյանի, կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ու Ռոմանոս Մելիքյանի, Առնո Բաբաջանյանի ու Արամ Խաչատրյանի անունների հետ: 1922թ. կազմակերպվեց հանրապետության առաջին պետական դրամատիկական թատրոնը, որին հետագայում շնորհվեց «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» անունը։ Թատրոնի ստեղծման ու զարգացման գործում մեծ են ռեժիսորներ Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի ծառայությունները։ Հովհաննես Աբելյանը, Հասմիկը, Օլգա Գուլազյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, Ավետ Ավետիսյանը, հետագայում՝ Բաբկեն Ներսիսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Մհեր Մկրտչյանը և Մետաքսյա Սիմոնյանը մարմնավորեցին երկար հիշվող կերպարներ։ Դրամատիկական թատրոններ էին գործում նաև Լենինականում (Գյումրի), Կիրովականում (Վանաձոր) և հանրապետության այլ կենտրոններում։ Երևանում գործում էին Ստանիսլավսկու անվան ռուսական, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական, Պատանի հանդիսատեսի, Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնները։ 1920-ական թվակաների վերջը նշանավորվեց հայկական կինոարվեստի ծնունդով, որի ստեղծման ու զարգացման գործում մեծ էր ռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով։ Իսկ առաջին հնչյունային կինոնկարը «Պեպոն» էր, որը թողարկվեց 1935թ. և ճանաչվեց որպես ժամանակի լավագույն գեղարվեստական ֆիլմ։ Վերելք ապրեց նաև երաժշտական կյանքը։ Հիմնվեցին Երևանի պետական կոնսերվատորիան, առաջին սիմֆոնիկ նվագախումբն ու պետական ֆիլհարմոնիան, Օպերայի և բալետի պետական թատրոնը։ Այդ շրջանի երաժշտական արվեստի զարգացման գործում չափազանց մեծ է Ալեքսանդր Սպենդիարյանի ներդրումը: Նա հիմնադրեց Հայաստանի ազգային սիմֆոնիկ երաժշտությունը: Նրա «Ալմաստ» օպերան իր պրոֆեսիոնալ կատարելությամբ հասնում է համաշխարհային դասական օպերային արվեստի լավագույն նմուշներին: Անփոխարինելի է տաղանդավոր երգահաններ Ռոմանոս Սելիքյանի, Արմեն Տիգրանյանի, Էդուարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Ավետ Տերտերյանի ու Տիգրան Մանսուրյանի վաստակը դարաշրջանի համար։ Հայ երաժշտության ժողովրդականացման գործում մեծ է օպերային երգիչներ Հայկանուշ Դանիելյանի ու Շարա Տալյանի, Զարուհի Դոլուխանյանի ու Պավել Լիսիցյանի դերը։ ԽՍՀՄ սահմաններից դուրս լայն ճանաչման արժանացան երգչուհիներ Գոհար Գասպարյանը ու Լուսինե Զաքարյանը, դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանը, դիրիժորներ Միքայել Թավրիզյանը, Օհան Դուրյանը, ջութակահարներ Ռուբեն Ահարոնյանը, Ժան Տեր-Մերկերյանը և այլ կատարողներ։ Դեռևս 1936թ. կազմակերպվեց և լայն ժողովրդականություն վայելեց Թաթուլ Ալթունյանի ղեկավարած Հայկական ժողովրդական երգի ու պարի համույթը, որն այսօր կրում է իր ղեկավարի անունը: Երկրորդ աշխարհամարտից հետո կազմավորվեց Հայաստանի պարի պետական անսամբլը, որը մեծ ընդունելություն գտավ նաև արտասահմանում: 1943թ. հիմնադրվեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիան, որի առաջին նախագահ ընտրվեց Հովսեփ Օրբելին: 1947թ. նրան փոխարինեց աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանը։ Ակադեմիայի ստեղծումը նոր թափ հաղորդեց գիտական ուժերի միավորմանը և զարկ տվեց հանրապետությունում գիտության հիմնարար (ֆունդամենտալ) ճյուղերի զարգացմանը։ 1959թ. Մատենադարանը գրադարանային կարգավիճակից վերափոխվեց գիտահետազոտական ինստիտուտի և սկսեց արդյունավետ զբաղվել սկզբնաղբյուրների ուսումնասիրությամբ ու հրատարակման գործով։ Հանրապետության կյանքում նշանակալի երևույթ էր 12 հատորով Հայկական մեծ հանրագիտարանի հրատարակումը: Մատենադարանում այսօր առկա են տարբեր լեզուներով գրված շուրջ 20 000 ձեռագրեր և շուրջ 500 000 վավերագրեր: Հայ քանդակագործների ավագ սերնդի ներկայացուցիչներից են Սերգեյ Մերկուրովը, Հակոբ Գյուրջյանը, Արա Աարգսյանը, Երվանդ Քոչարը։ Նրանց հաջորդեցին Նիկոլայ Նիկողոսյանը, Ղուկաս Չուբարյանը, Արա Հարությունյանը, Սերգեյ Բաղդասարյանը և այլք: 1935թ. կազմակերպվեց Հայաստանի կերպարվեստի թանգարանը (այսօր` Հայաստանի ազգային պատկերասրահ): Կինոարվեստի զարգացումը մեծ թափ ստացավ 1960-ական թվականներից։ Այն նշանավորվեց Ֆրունզե Դովլաթյանի, Հենրիկ Մալյանի, Ներսես Հովհաննիսյանի և Ալբերտ Մկրտչյանի գեղարվեստական բարձրարժեք կինոնկարներով։ Հայ կինոարվեստում համաշխարհային մեծություն էր մեծատաղանդ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովը, ում հայտնի «Նռան գույնը» նկարը նվիրված էր հայ մեծ բանաստեղծ-երգիչ Սայաթ-Նովային: Համընդհանուր ճանաչման արժանացան ճարտարապետական այնպիսի կոթողներ, ինչպիսին են Հանրապետության հրապարակը, Երևանի գինու կոմբինատը, Սարդարապատի հերոսամարտի համալիրը (ճարտարապետ` Ռաֆայել Իսրայելյան), Կոնյակի գործարանը (Հովհաննես Մարգարյան), Մատենադարանը, Ազգային ժողովի, ՀՀ Նախագահի նստավայրի շենքերը (Մարկ Գրիգորյան), Հայոց Մեծ եղեռնի հուշահամալիրը (Արթուր Թարխանյան, Սաշուր Քալաշյան), ԳԱԱ նախագահության շենքը (Սամվել Սաֆարյան), Մարզահամերգային համալիրը, Զվարթնոց օդանավակայանը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը, Երևանի նոր քաղաքապետարանը (Ջիմ Թորոսյան) և այլն։ Այսպիսով, չնայած գաղափարական որոշ արգելքների, 20-րդ դարի երկրորդ կեսին հայ մշակույթը խոշոր նվաճումներ ունեցավ բոլոր բնագավառներում:

Կոմիտաս

Կոմիտասը (Սողոմոն Սողոմոնյան) հիմնադրեց ազգային դասական երաժշտությունն ու կանխանշեց նրա հետագա զարգացման ուղիները: Մեծ արվեստագետն ու հայրենասերը հոգատարությամբ հավաքեց հայ գեղջկական երգերն ու մեղեդիները, մշակեց դրանք և իր ոգեշունչ կատարմամբ խթանեց ազգային հոգևոր արժեքների տարածմանն ու ճանաչմանը: Կոմիտասի ինքնատիպ արվեստն անմիջապես գրավեց օտարազգի խոշորագույն երաժիշտների` Գնեսինի, Դեբյուսիի, Սեն-Սանսի և շատ անվանի արվեստագետների ուշադրությունը: Կոմիտասը ծնվել է 1869թ. Քյոթահյաում, արհեստավորի ընտանիքում: 1893թ., ավարտելով ուսումը Էջմիածնում, նշանակվում է ճեմարանի երաժշտության դասատու և երգչախմբի ղեկավար: Նույն տարի ձեռնադրվում է աբեղա և ստանում «Կոմիտաս» անունը: 1899թ.՝ Ռիխարդ Շմիդտի մասնավոր կոնսերվատորիան ավարտելու ժամանակ՝ Բեռլինի Միջազգային երաժշտական ընկերության նիստին, Կոմիտասը փայլուն զեկուցում է (գերմաներեն) հայ երաժշտարվեստի մասին, որի արդյունքում դառնում է բավական ճանաչված: Վերադառնալով Էջմիածին՝ նա ստեղծում է հայ ժողովրդական երգերի ու երաժշտության բարձրարժեք մշակումներ և մեկնում համերգային շրջագայությունների: Էջմիածնի կղերականների հալածանքների հետևանքով 1909թ. Կոմիտասը հեռանում է Կ. Պոլիս: 1914թ. հունիսին 20 այլ երկրների երաժշտական մշակույթի գործիչների հետ նա մասնակցում է Փարիզի միջազգային երաժշտական ընկերության կոնգրեսին՝ հանդես գալով հայ երաժշտարվեստի մասին մի շարք ընդարձակ դասախոսություններով: Այսպես իր հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայ երաժշտությունը դառնում է համամարդկային մշակույթի սեփականություն: 1915թ. ողբերգական իրադարձությունները և աքսորի ճանապարհին կրած անլուր տառապանքները հոգեկան ծանր վիճակի են հասցնում Կոմիտասին: 1919թ. մեծ երաժշտին տեղավորում են Փարիզի մասնավոր հոգեբուժական հիվանդանոց, որտեղ էլ մնում է մինչև իր կյանքի վերջը՝ 1935թ.:

Մարտիրոս Սարյան

ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ, ակադեմիկոս, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Մարտիրոս Սարյանը ծնվել է 1880թ. Նոր Նախիջևանում, մահացել` 1972թ. Երևանում: Նա ստեղծել է բազում դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պաննոներ, ձևավորել գրքեր, կատարել բեմանկարչական հիանալի գործեր: Ստեղծագործական առաջին շրջանում (հայտնի «Հեքիաթներ ու երազներ» նկարաշարքում) Սարյանը հրաժարվել է ավանդական մտածելակերպից: Նա միաձուլել է Գոգենի, Սեզանի, Վան Գոգի և հայ միջնադարյան մանրանկարչության ու որմնանկարչության մի շարք սկզբունքներ՝ ստանալով նկարչության մեջ բացարձակապես նոր արժեք ու որակ, որը ժամանակի առաջադեմ մտավորականությունն ընդունել է և կոչել «սարյանական»։ Սարյանն ակտիվորեն մասնակցել է ցուցահանդեսների, որտեղից նրա կտավներն առաջին անգամ գնել է Տրետյակովյան պատկերասրահը: 1921թ. նկարիչը բնակություն է հաստատել Երևանում: Այստեղ Հակոբ Կոջոյանի հետ ստեղծել է խորհրդային Հայաստանի զինանշանը։ 1937թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսի ԽՍՀՄ տաղավարի դեկորատիվ պաննոյի համար ստացել է Մեծ մրցանակ` «Grand Prix»: Սարյանը խոշոր ներդրում է ունեցել նաև 20-րդ դարի հայկական գրքարվեստի ու բեմանկարչության ոլորտներում։ Նա նորագույն շրջանի հայկական գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրն է։
 

Արամ Խաչատրյան

20-րդ դարի համաշխարհային երաժշտական արվեստի խոշորագույն ներկայացուցիչներից է Արամ Խաչատրյանը (1903-1978թթ.): Մեծատաղանդ կոմպոզիտոր արվեստագետը, դիրիժորը, մանկավարժը և հասարակական գործիչն իր պատվավոր տեղն ունի համաշխարհային երաժշտության ռահվիրաների շարքում: «Հենց սկզբից Խաչատրյանի ստեղծագործություններում նկատելի էին ինքնուրույն երաժշտական մտածողության սաղմեր, և զգացվում էր երիտասարդ ու ժամանակակից կյանքի զարկերակը», – նման խոսքերով է բնութագրել Գնեսինը հայ երգահանի առաջին ստեղծագործական քայլերը: Դեռևս Գնեսինների ուսումնարանում ուսանելիս՝ Ռուբեն Սիմոնովի հանձնարարությամբ, նա երաժշտություն է գրել Հ. Պարոնյանի «Բաղդասար աղպար» և «Ատամնապույժն արևելյան», Գ. Սունդուկյանի «Խաթաբալա» ներկայացումների համար: Հայրենական պատերազմի ամենադժվարին օրերին՝ 1942թ. դեկտեմբերին, Պերմում գտնվող Լենինգրադի Կիրովի անվան օպերային թատրոնն իրականացրեց «Գայանե» բալետի բեմադրությունը: Մեկ տարի անց Մոսկվայում առաջին անգամ հնչեց կոմպոզիտորի Երկրորդ սիմֆոնիան, որը Հայրենական մեծ պատերազմի թեմայի մոնումենտալ մարմնավորումներից էր: Իսկ 1950-ականների սկզբին գրված «Uպարտակ» բալետն անցավ համաշխարհային երաժշտական գլուխգործոցների ցանկը: Այն բեմական կյանք ստացավ 1956թ. և մինչ օրս չի իջնում աշխարհի բազում թատրոնների օպերային բեմերից:

Էդուարդ Ղազարյան (Տեր-Ղազարյան)

Երաժիշտ, կոնցերտմայստեր, երաժշտական գործիքների վարպետ, միկրոքանդակագործ, ծաղրանկարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Էդուարդ Ղազարյանը (Տեր-Ղազարյան, 1923-2012թթ.) ծնվել է Երևանում: Գինեսի ռուսական անալոգ «Դիվո» ռեկորդների գրքի բազմակի ռեկորդակիր միկրոքանդակագործն ունի ավելի քան 1000 աշխատանք: Մանրադիտակի օգնությամբ մինչև 5000 անգամ խոշորացնելու շնորհիվ հնարավոր է տեսնել նրա ստեղծած աշխատանքները, դրանց թվում ամենահայտնիները՝ «Ուղտերի քարավանն ասեղի անցքում», «85 փղերը մարդու մազի մեջ», «Սաքսոֆոնահարի ֆիգուրը կակաչի սերմի մեջ», «Խաչքարը և Հիսուսի դիմապատկերը», «Վարդերի փունջը ձկան թեփուկներից» և այլն: Է. Ղազարյանի շնորհիվ միկրոքանդակագործության մեջ հայտնվեց նոր ճյուղ՝ շարժվող միկրոֆիգուրները: Միկրոքանդակագործության վարպետի աշխատանքները մինչև օրս մնում են չգերազանցված, թեև առաջին շարժական միկրոքանդակների ցուցադրումից (1975թ.) տասնյակ տարիներ են անցել: Էդուարդ Ղազարյանը նաև տաղանդավոր երաժիշտ էր և ջութակի վարպետ-նորարար: Նա հիմնադրեց հնագույն երաժշտական գործիքների քառյակ, որի կազմում ստեղծեց 120 ռեզոնատոր ունեցող լարային երգեհոնը: Լինելով սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիրների շարքում՝ երկար տարիներ նա Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի կոնցերտմայստերն էր: 2006թ. Քեմբրիջի կենսագրական կենտրոնը Էդուարդ Ղազարյանին հայտարարեց բոլոր ժամանակների ամենահանճարեղ մարդկանցից մեկը՝ պարգևատրելով «Կենդանի լեգենդ» ոսկե մեդալով:

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գեղարվեստական գրականության նոր դիմագծի ձևավորումը խորհրդային տարիների հոգևոր կյանքի առաջնային խնդիրներից էր: 1934թ. ստեղծվում է Հայաստանի գրողների միությունը: Բավական ծանր քաղաքական ու հոգեբանական պայմաններում է ձևավորվում ազգային ընդգծված նկարագիր ունեցող գրականությունը: Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Ավետիք Իսահակյանը, Ստեփան Զորյանը, Հրաչյա Քոչարը, Նաիրի Զարյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լեռ Կամսարը և ուրիշներ, իրենց մաքառումներով ու զրկանքներով, գեղարվեստական նոր որակի ու բարձր մակարդակի են հասցնում հայ գրականությունը: 1960-1970-ական թվականներին գրական ճնշող մթնոլորտը փոքր-ինչ մեղմացել էր: Հովհաննես Շիրազը, Պարույր Սևակը, Համո Սահյանը, Գևորգ Էմինը, Սիլվա Կապուտիկյանը, Հրանտ Մաթևոսյանը և ուրիշներ ստեղծում են ազգային մտածողությամբ ու համամարդկային արժեքներով հագեցած գեղարվեստական գործեր: Ամբողջ ուժով հնչում է Պարույր Սևակի տաղանդը` մարդու ազատությունն ու բարոյական վեհ հատկությունները գովերգող նրա մարտական քնարը։ Նրա լավագույն ստեղծագործություններից է «Անլռելի զանգակատուն» պոեմը` նվիրված Հայոց մեծ ողբերգությանն ու Կոմիտասի կյանքին: Մի խումբ անվանի գրողներ իրենց ստեղծագործություններում անդրադառնում են հայ ժողովրդի պատմական անցյալին, նրա ազգային-ազատագրական պայքարի հերոսական դրվագներին։ Նկատելի հաջողություններ են արձանագրվում նաև հայ թատերագրության (Գրիգոր Տեր-Գրիգորյան, Պերճ Զեյթունցյան) և ժամանակակից գրականության այլ ճյուղերում։

ՄՇԱԿՈՒՅԹԸ ԼՂՀ-ՈՒՄ

Անկախության ձեռքբերումից հետո Լեռնային Ղարաբաղում` հատկապես 1990-ական թվականներին, ստեղծվեց կրթական ու մշակութային նոր համակարգ։ ԼՂՀ հռչակումից հետո սկիզբ առավ բոլոր մակարդակների կրթության կատարելագործման հզոր գործընթաց։ Մշակվեցին ազգային դպրոցի ստեղծման սկզբունքներ, կազմվեցին ուսումնական նոր ծրագրեր ու դասագրքեր։ Մեծ ներդրում ունեցավ Արցախի պետական համալսարանը. այսօր այստեղ սովորում է շուրջ 3 300 ուսանող: Արցախյան շարժմանն ու ԼՂՀ կազմավորմանը զուգընթաց, նոր թափ ստացավ ինչպես կրթամշակութային ոլորտը, այնպես էլ մամուլն ու հրատարակչական գործը։ Հանրապետության շրջաններում և քաղաքներում հայերեն սկսեցին լույս տեսնել տարբեր թերթեր ու հանդեսներ: ԼՂՀ-ում այսօր լուրջ ուշադրություն է դարձվում ոչ միայն գրադարանային գործին, այլև թանգարաններին և երաժշտությանը, թատերարվեստի ու պարարվեստի հայեցի զարգացմանը, պատմամշակութային հուշարձանների պահպանությանն ու վերականգնմանը, ինչը հնարավոր չէր անցյալում: Կազմավորվել ու հաջողությամբ ելույթներ են ունենում Արցախի մանկապատանեկան համույթը, Ղարաբաղի պետական էստրադային համույթը և մանկական երգչախումբը: Ազգային մշակութային համագործակցության կարևորագույն ու անբաժանելի մաս են կազմում Հայաստան-Սփյուռք-Արցախ մշակութային կապերը, որոնք իրականանում են «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական ամենամյա փառատոնի շրջանակներում։

ՍՓՅՈՒՌՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ 20-ՐԴ ԴԱՐՈՒՄ ԵՎ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Հայոց ցեղասպանության հետևանքով 100 000-ավոր հայեր դարձան գաղթական՝ համալրելով հայկական Սփյուռքի շարքերը։ Այսօր հայկական խոշոր համայնքներ գոյություն ունեն Մերձավոր և Միջին Արևելքում (Իրան, Լիբանան, Սիրիա, Հորդանան, Իսրայել և այլն), Եվրոպայում (Ֆրանսիա, Բուլղարիա, Գերմանիա, Հունաստան, և այլն), Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա, Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա և այլն), Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, հետխորհրդային տարածքում առաջացած պետություններում (Ռուսաստան, Վրաստան, Ուկրաինա, Բելառուս, Լատվիա, Լիտվա, Թուրքմենստան և այլն). ընդհանուր թիվը շուրջ 8 մլն է: Հայ մշակույթը, հաղթահարելով բազում բարդություններ, զարգացավ նաև Սփյուռքում` օտար միջավայրում: Այստեղ գործում են հարյուրավոր հայկական դպրոցներ, վարժարաններ, որոնց դերը չափազանց մեծ է հայապահպանության հարցում: Սփյուռքահայության կյանքում կարևոր դեր է խաղում նաև Հայ առաքելական եկեղեցին: Որոշ երկրներում գործում են կաթոլիկ և ավետարանական հայ համայնքներ: 1960-1980-ական թթ. Սփյուռքում հրատարակվում էր մոտ 150 անուն պարբերական, ինչը կարևոր էր ինչպես հայ քաղաքական, հասարակական ու ազգային մտքի առաջընթացի, այնպես էլ գեղարվեստական գրականության զարգացման առումներով: Համընթաց զարգացել է գրականությունը, պատմագրությունն ու արվեստը: Գրական և մշակութային խոշոր կենտրոններ են ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Լիբանանի հայ համայնքային ավանդական կազմակերպությունները: Սփյուռքի նշանավոր գրողներից են Վիլյամ Սարոյանը, Անրի Թրուայան (Լևոն Թորոսյան), Համաստեղը, Շահան Շահնուրը, Արա Արծրունին և ուրիշներ: Արվեստի բնագավառում ևս արձանագրվել են փայլուն հաջողություններ: Համաշխարհային համբավ են վայելում երգիչներ Լուսին Ամարան, Շառլ Ազնավուրը, նկարիչներ Արշիլ Գորկին, Գառզուն ու Ժանսեմը, կոմպոզիտորներ Բարսեղ Կանաչյանը, Ալան Հովհաննեսը, Միշել Լեգրանը, Ժորժ Գարվարենցը, կինոռեժիսորներ Ռուբեն Մամուլյանը, Անրի Վեռնոյը (Աշոտ Մալաքյան) և Ատոմ Էգոյանը, օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը և ուրիշներ: Սփյուռքի կենսունակության հիմնական գրավականը նրա մշտական ու բազմաբնույթ հարաբերություններն են հայրենիքի հետ, որոնք այսօր ոչ մի արգելք ու սահմանափակում չունեն, ինչն առկա էր խորհրդային շրջանում:


 

Արշիլ Գորկի

Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան, 1904-1948թթ.) արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից է: Ուսանել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, ավարտել Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի): Սկզբնական տարիներին նա խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը՝ աստիճանաբար հակվելով վերացարկումնային (աբստրակտ) նկարչությանը: Կյանքի վերջին տասնամյակում տաղանդավոր նկարիչը ստեղծել է ինքնատիպ կտավներ, ինչպիսիք են «Այգին Սոչիում», «Ջրվեժը», «Ծաղկավետ ջրաղացի ջրերը», «Հոգեվարք» և այլն, որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի՝ որպես ժամանակակից արվեստում «սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի» հիմնադիր: «Ամենաինտերնացիոնալ նկարիչ» Գորկու մասին 1967թ. ֆրանսիական մամուլը գրեց. «Նա միակն է, ով կարողացավ ամերիկյան գեղանկարչությունը եվրոպական մակարդակի հասցնել»: Արշիլ Գորկու կտավները գտնվում են Լոնդոնի «Թեյթ», Փարիզի մադամ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի, ԱՄՆ-ի մի շարք նշանավոր թանգարաններում, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում:

Շարլ Ազնավուր

«Դուք կնվաճեք աշխարհը, որովհետև կարող եք հուզել»,– այսպես է ասել Շառլ Ազնավուրին Շառլ դը Գոլը: Երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը (Վաղինակ Ազնավուրյան) իր երգարվեստով ստեղծել է ինքնատիպ դպրոց: Նրա երգերն ակունքներով կապված են հայկական տաղերի հետ և մեծ ճանաչում ունեն: Ազնավուրը ծնվել է 1924թ. Փարիզում: Մանկուց նա մեծ հետաքրքրություն է դրսևորել արվեստի հանդեպ: 1946թ., հանրահայտ երգչուհի Էդիտ Պիաֆի հետ ծանոթանալուց հետո, նրա հետ միասին շրջագայել է բազմաթիվ համերգներով: Շ. Ազնավուրը համընդհանուր ճանաչման հասավ 1959թ.՝ Փարիզի «Օլիմպիա» համերգասրահում ելույթից հետո: Երգել է աշխարհի գրեթե բոլոր լավագույն համերգասրահներում, գրել 1000-ից ավելի երգեր՝ «Սա է վերջը», «Մամա», «Իզաբել» և այլն, ինչպես նաև օպերետային երաժշտություն: Նրա երգերի սկավառակները թողարկվել են միլիոնավոր օրինակներով, բանաստեղծությունները թարգմանվել և լույս են տեսել առանձին գրքերով: Ազնավուրը երգել է Լուչանո Պավարոտիի, Պլաչիդո Դոմինգոյի, Լայզա Մինելիի, Միրեյ Մաթյոյի, Պատրիսիա Կաասի հետ: Աշխարհահռչակ շանսոնյեն նաև նկարահանվել է 60-ից ավելի կինոնկարներում, այդ թվում՝ «Հռենոսի անցումը», «Սատանան և տասը պատվիրանները», «Հայր Գորիո» և այլն, իսկ «Գլուխը պատին» ֆիլմի համար արժանացել է «Բյուրեղյա աստղ» մրցանակի: 1995թ.-ից Ազնավուրը ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով պատվավոր դեսպան էր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշտական պատվիրակը Հայաստանում, իսկ 2009 թվականից՝ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում: Շ. Ազնավուրը բազմաթիվ մրցանակների դափնեկիր է, պարգևատրվել է Ֆրանսիայի Պատվո լեգեոնի երկու շքանշանով, 2009թ. ճանաչվել է 20-րդ դարի լավագույն երգիչ:

 

Տպել էջը