EnglishFrançaisРусский

Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ

Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը հրատարակել է Հայկ Դեմոյանի «Ադրբեջան. վանդալիզմ ինչպես միշտ» պատկերազարդ գրքույկը (անգլերեն լեզվով), որն անդրադառնում է 2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի կողմից Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի բարբարոսական ոչնչացմանը:

2005թ. դեկտեմբերին ադրբեջանական բանակի զինվորներն ու սպաներն ամբողջությամբ ոչնչացրեցին Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի հազարավոր եզակի խաչքարերն ու տապանաքարերը. դրանով նրանք ավարտին հասցրեցին վերջին երկու տասնամյակում Նախիջևանի և ողջ Ադրբեջանի տարածքի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության իսպառ ոչնչացման պետական քաղաքականությունը:

Վանդալիստական այս գործողության ընթացքում Ջուղայի գերեզմանոցի միջնադարյան խաչքարերն ու տապանաքարերը վերածվեցին խճազանգվածի ու նետվեցին Արաքս գետը: Ներկայումս գերեզմանոցի տարածքում հրաձգարան է կառուցվել:

Չնայած գոյություն ունեցող լուսանկարային ու տեսագրական բազմաթիվ անհերքելի վկայություններին ու ապացույցներին, մինչ օրս որևէ միջազգային կազմակերպություն` այդ թվում ՅՈւՆԵՍԿՕ-ն, համարժեք գնահատական չի տվել Ադրբեջանի կողմից պետական մակարդակով կազմակերպված և իրագործված այս վանդալիստական գործողություններին: