EnglishFrançaisРусский

Ելույթներ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի արտաքին քաղաքական օրակարգի ուղղությամբ քննարկմանը

18.09.2017

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մի քանի ամսից նշվելու է Ղարաբաղյան շարժման երեսնամյակը։ Հիրավի նշանակալի մի տարեթիվ, որը խորհրդանշում է մեր ժողովրդի նորօրյա զարթոնքը, պայքարը հանուն ազատության ու արդարության, հանուն մեր իրավունքների պաշտպանության, խորհրդանշում է մեր հավաքական կամքն ու միասնությունը։

Երեք տասնամյակն էական մի ժամանակաշրջան է, որը հնարավորություն է տալիս հետհայացք գցելով գնահատել անցած ճանապարհը: Այսօր ես կցանկանայի ընդհանուր գծերով անդրադառնալ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման հարցում Հայաստանի մոտեցումներին, որոնք տարիների ընթացքում հանդիսացել են մեր հիմնական ուղենիշերը, և ես համոզված եմ հետագայում ևս շարունակելու են ուղղորդել մեր ջանքերը:

Երբ ես ասում եմ` մեր, իհարկե նկատի ունեմ, որ գլխավոր մոտեցումներն իրավամբ կարող են համարվել ոչ միայն Հայաստանինը, այլև որդեգրված լինեն նաև թե' Արցախում, թե' Սփյուռքում: Իսկ Բաքվում այս հարցում ընդհանրապես որևէ տարբերակում չեն դնում, և մենք բոլորս միասին ենք արժանացել «Ադրբեջանի համար մեկ թշանամու կոչմանը»:

Մինչև Հայաստանի մոտեցումները ձեզ ներկայացնելը կցանկանայի հստակեցնել, որ մի ելույթի շրջանակներում չեմ հավակնում դրանց համակողմանի ներկայացմանը, իսկ այն հերթականությունը, որոնցով դրանք ներկայացվելու են, պայմանավորված չէ այս կամ այն մոտեցման առաջնայնությամբ, քանի որ դրանք բոլորն էլ մեր համար կարևոր նշանակություն ունեն:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Առաջին մոտեցումը, որին ես կցանկանայի անդրադառնալ, դա բացառապես խաղաղ բանակցային միջոցներով հանգուցալուծման հասնելու մեր հանձնառությունն է:

Երեսուն տարի առաջ հայ ժողովուրդը Արցախում ու Հայաստանում, հիմնվելով ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի վրա, պահանջում էր վերականգնել պատմական արդարությունը և հարգել մարդու հիմնարար ազատությունները։ Ինչպես Ղարաբաղյան շարժման արշալույսին, այնպես էլ դրա ողջ ընթացքում, սա է եղել մեր ուղենիշը։ Տրամագծորեն հակառակն էին Բաքվի մոտեցումները, որը ինչպես երեսուն տարի առաջ, այնպես էլ այսօր, ապավինում է ուժի ու ուժի սպառնալիքի կիրառմանը: Սա է հայկական ու ադրբեջանական մոտեցումների տարբերությունը։ Խաղաղ ցույցերին ու պահանջներին Ադրբեջանում պատասխանում էին հայկական ջարդերով, որոնց հետևեցին նաև պատերազմական հանցագործությունները արցախյան գոյամարտի օրերին։

Այս տարի լրացավ այդ ողբերգություններից մեկի` Մարաղայի կոտորածի քսանհինգերորդ տարելիցը, որի ընթացքում դաժանությամբ սպանվեցին հինգ տասնյակից ավել խաղաղ բնակիչներ, ներառյալ` կանայք, երեխաներ ու ծերեր, շուրջ այդքան մարդ էլ պատանդ վերցվեց ադրբեջանական զինված ուժերի կողմից և ենթարկվեց կտտանքների։

2016թ.-ի ապրիլին էլ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներով Մարաղայից ոչ հեռու գտնվող Թալիշ գյուղում ադրբեջանական ոճրագործները սպանեցին ու խեղեցին հայ տարեցներին, դպրոցի բակում սպանեցին 12-ամյա երեխային, վիրավորեցին նրա դասընկերներին։ Տեսախցիկների առաջ գլխատեցին գերեվարված հայ զինվորներին` ցուցադրելով դա սոցիալական ցանցերով: Սա է ադրբեջանական զինուժի դեմքը, որին բնորոշ է ԴԱԵՇ-ի ու այլ ահաբեկչական խմբերի զազրելի ձեռագիրը:

Միթե՞ նույնը չէր իրագործվում հայերի նկատմամբ երեսուն տարի առաջ Սումգայիթում, որն այսօր արդեն միջազգային մամուլը կնքել է որպես Ադրբեջանում ջիհադիստների մայրաքաղաք ու սպառնալիք հենց այդ երկրի համար: Ինչպես ասում են` «ինչ ցանում ես, այն էլ կհնձես»:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը որդեգրել էր Արցախը հայազրկելու ու բռնի ուժով իրեն կցելու ծրագիրը: Եթե խորհրդային տարիներին Ադրբեջանը հետևողական վարում էր Լեռնային Ղարաբաղի բացահայտ հայաթափման ծրագիր, ինչի մասին նույնիսկ հրապարակային հպարտացել են ադրբեջանական ղեկավարները, ապա արցախահայության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում դիմում էր բացահայտ էթնիկ զտման: Այս պայմաններում Լեռնային Ղարաբաղը ստիպված էր դիմել ինքնապաշտպանության` ապահովելու համար կյանքի ու հայրենի հողում ապրելու ու արարելու իր անբեկանելի իրավունքը:

Ադրբեջանական բարբարոսությունները թե' ղարաբաղյան շարժման առաջին տարիներին, թե' 2016թ.-ի ապրիլին կասկած չեն թողնում, որ Արցախի ժողովրդի՝ իր իրավունքների, իր ինքնորոշման համար պայքարը, արդարացի էր ինչպես անցյալում, այնպես էլ ներկայումս:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երկրորդ մոտեցումը, որը մենք որդեգրել ենք Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման նպատակով, դա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման միջազգային ճանաչումն է:

Այսօր ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման ու տարածքային ամբողջականության հետ միասին աներկբայորեն ամրագրված է, որպես Ղարաբաղյան հիմնահարցի հանգուցալուծման հիմնարար սկզբունքներից մեկը: Որպես այդպիսին այս երեք սկզբունքներն արտացոլված են թե' միջնորդների` Մինսկի խմբի համանախագահ երկրների` Ռուսաստանի, Միացյալ Նահանգների ու Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում, թե' Եվրոպայում անվտանգության ու համագործակցության կազմակերպության, թե' մի շարք այլ միջազգային կառույցների փաստաթղթերում: Եռանախագահ երկրների առաջարկությունը ներառում է ինքնորոշման իրավունքի փաստացի կիրառումը` Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը իր բնակչության ազատ կամարտահայտության միջոցով, ինչը պետք է ունենա միջազգային իրավական պարտադիր ուժ։ Այսինքն` պարտադիր նաև Ադրբեջանի համար և երաշխավորված՝ միջազգային հանրության կողմից։

Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ ընդունում է եռանախագահների այս առաջարկությունները, այս սկզբունքները որպես բանակցությունների հիմք: Մինչդեռ` Ադրբեջանը շարունակաբար մերժում է ընդունել այդ սկզբունքները, նույնիսկ հրաժարվում է միանալ այն միջազգային փաստաթղթերին, որոնք դրանց հղում են պարունակում: Պարզ է, որ չի կարող հանգուցալուծում լինել, մինչև Ադրբեջանը չընդունի միջազգային իրավունքի այս սկզբունքները։ Փոխարենը, Բաքուն նախընտրում է իր համար ինչ-ինչ մտացածին սցենարներ հորինել, համանախագահներին երևակայական առաջարկություններ վերագրել: Այս մտավարժանքներն իրականության հետ ոչ մի կապ չունեն: Ինչպես ասում են «ստի պոչը կարճ է». ամեն անգամ, երբ եռանախագահները հանդիպումների արդյունքներով հայտարարություն են տրածում, ջրի երես է դուրս գալիս, թե որքան իրականությունից հեռու են ադրբեջանական կեղծիքները և որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ:

Մեկ անգամ ևս հստակության համար շեշտեմ, որ միջազգային միջնորդների դիրքորոշումներն արտահայտված են համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, որոնք բազմիցս վերահաստատվել են, ինչպես օրինակ անցյալ դեկտեմբերին Համբուրգում` եռանախագահ երկրների արտգործնախարարների կողմից: Սա է համանախագահների` միջազգային հանրության կողմից համապատասխան մանդատ ունեցող միջնորդական միակ ձևաչափի դիրքորոշումը:

Միջազգային հանրությունը սատարում է Մինսկի խմբի համանախագահ երկրներին ու նրանց առաջարկությունները: Բերեմ միայն մեկ օրինակ. 2015թ.-ի մայիսին Եվրոպական Միության 28 և Արևելյան գործընկերության 6 երկրների կողմից ըդնուված Ռիգայի գագաթաժողովի համատեղ հայտարարությունը աջակցություն էր հայտնում համանախագահ երկրներին և նրանց նախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հանգուցալուծման վերաբերյալ արված հինգ հայտարարություններին: Ադրբեջանը հավատարիմ մնաց իր գործելաոճին` ընդդիմանալով այդ դիրքորոշմանը, բնականաբար, հայտնվելով մեկուսացման մեջ:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Երրորդ մոտեցումը, որը նույնպես կարևորագույն տեղ է զբաղեցնում հիմնահարցի հանգուցալուծման մեր ջանքերում, դա Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորումն է: Սա է նաև Արցախի ժողովրդի կողմից իր կամքն ազատ տնօրինելու, իր հայրենիքում անվտանգ ապրելու անբեկանելի իրավունքի նպատակներից մեկը: Մարդկանց անվտանգության ապահովումը միջազգային պարտավորություններից մեկն է, և Լեռնային Ղարաբաղն այս իրավունքը վաստակել է նաև իր արյան ու մեծ զոհողությունների գնով: Հանգուցալուծումը պետք է Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման հստակ երաշխիքներ պարունակի:

Բաքվի ռազմական հռետորաբանությունը, Ադրբեջանի ղեկավարության կողմից հասարակության մեջ հայատյացության սերմանումը, զինադադարի պարբերական խախտումները, նոր և նոր սպառնալիքներն ու սադրիչ գործողությունները, ապրիլյան ոճրագործությունները կասկածի տեղ չեն թողնում, որ անվտանգության թերի երաշխիքների պարագայում այս հակամարտությունն ավարտված չի կարող համարվել:

Համանախագահները, միջազգային հանրությունը դա հստակ պատկերացնում են: Հիմնահարցի հանգուցալուծման եռանախագահների առաջարկություններն Արցախի անվտանգության բազմաշերտ երաշխիքներ են նախատեսում:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Չորրորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացում Հայաստանի պատասխանատու, կառուցողական քայլերին, նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների անշեղ իրականցմանը: Այստեղ էլ մեր և Ադրբեջանի մոտեցումներն էապես տարբերվում են: Ադրբեջանը շարունակաբար փորձում է խաթարել բանակցային գործընթացը, հետ է կանգնում իր հանձնառություններից և պայմանավորվածություններից:

Կարծում եմ դժվար չի լինի պատկերացնել, թե որքան մեծ ջանքեր է պահանջում բանակցային սեղանի շուրջ համաձայնությունների ձեռք բերումը, հատկապես, երբ բանակցող կողմերից մեկը Ադրբեջանն է: Բաքուն շարունակում է հակադրվել միջազգային հանրության ու Հայաստանի ջանքերին. չի հարգում պայմանավորվածությունները, հետ է կանգնում համաձայնություններից, ինչպես դա եղավ Սանկտ Պետերբուրգում (2010թ. հունիսին), Աստրախանում (2010թ. հոկտեմբերին), Սոչիում (2011թ. մարտին) Կազանում (2011թ. հունիսին) և բազմաթիվ այլ անգամներ:

Սակայն, ոչինչ աննկատ չի անցնում, և ամեն ինչին չափ ու սահման կա: Այս հին իմաստնության վառ ապացույց են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական հայտարարությունները, որոնք նպատակ են հետապնդում ուշքի բերել Ադրբեջանին: Եռանախագահները սկսել են մատնանշել , որ Ադրբեջանն է զինադադարի խախտող կողմը, կոչ են անում Բաքվին վերահաստատել հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, զերծ մնալ իրադրության սրումից, անվերապահ հարգել և իրականացնել 1994-95թթ. զինադադարի համաձայնագրերը, վերջ տալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հասցեին հնչեցվող քննադատությունները և հարգել վերջիններիս մանդատը, դադարեցնել հակամարտության հանգուցալուծումն այլ ձևաչափեր տեղափոխելու փորձերը, համաձայնել հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծմանը:

Սակայն, Ադրբեջանն անտեսում է եռանախագահող երկրների կոչերը` կառչած մնալով իր ծայրահեղ ապակառուցողական վարքագծին: Սա հարված է հասցնում խաղաղության գործընթացին, խորացնում է անվստահությունը: Հարց է առաջանում, իսկ արդյոք պետք է այդքան ջանք ու եռանդ ներդնել մի գործընթացում, որի շրջանակներում ձեռք բերված համաձայնությունները միևնույն է Բաքուն չի կատարելու: Այս հարցի պատասխանը հստակ է. Հայաստանն ու Արցախը խաղաղ կարգավորման ջատագով են, իսկ դրան հասնել հնարավոր է միայն բանակցությունների միջոցով` բանակցային գործընթացին այլընտրանք չկա, և այս նույն կարծիքն ունեն եռանախագահ երկրները` արտահայտելով միջազգային հանրության մոտեցումը:

Հայաստանը, համանախագահ երկրների հետ միասին շարունակելու է հիմնահարցի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ ջանքերը: Դա է պատճառը, որ մենք բանակցային գործընթացից ու հանդիպումներից չենք հրաժարվում:

Միաժամանակ, ակնհայտ է, որ ձեռք բերված համաձայնությունները պետք է իրականացվեն, այլապես խաղաղության գործընթացն առաջ չի ընթանա: Սա վերաբերում է նաև նախորդ տարվա Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովների համաձայնություններին: Այս հարցում էլ եռանախագահների ու մեր տեսակետները նույն են` ի տարբերություն Ադրբեջանի:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Հինգերորդ մոտեցումը վերաբերում է բանակցային գործընթացին Արցախի լիակատար մասնակցությանը: Համոզված ենք, որ հիմնահարցի կարգավորման ու տևական խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերում Արցախը պետք է ունենա իր որոշիչ ձայնը: Համանախագահները կիսում են այս տեսակետը: Հայաստանը հետևողական քայլեր է իրականացնում այս ուղղությամբ:

Այսօր Ադրբեջանը հրաժարվում է Արցախին բանակցային կողմ ճանաչել` փորձելով մոռացության մատնել, որ 1994թ.-ին հենց նրանից էր ստիպված զինադադար խնդրել և դա ամրագրել իր ստորագրությամբ Լեռնային Ղարաբաղի հետ միասին: Իրողությունները քմահաճույքների համաձայն չեն փոփոխվում, կարելի է փորձել անտեսել դրանք, բայց անկարելի է դրանցից երկար ժամանակ խուսափել ու ի վերջո ինքդ քեզ փակուղու առաջ չկանգնեցնել:

Հիմնահարցի հանգուցալուծումն առաջին հերթին պետք է հաշվի առնի Արցախի ժողովրդի իրավունքները, որոնք անկախ Լեռնային Ղարաբաղի ներկա իրավական կարգավիճակից նույնն են, ինչ աշխարհի բոլոր ժողովուրդների համար, և ամրագրված են ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրում և միջազգային հիմնարար այլ փաստաթղթերում: Լեռնային Ղարաբաղը չի կարող դուրս մնալ միջազգային գործընթացներից զուտ այն պատճառով, որ դրան դեմ է Ադրբեջանը` մի երկիր, որն այսպես թե այնպես դեմ է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների բոլոր միջազգային չափանիշներին:

Սև ցուցակներում մարդկանց ընգրկելով ու միջազգային հետապնդումներ հայտարարելով՝ բռնապետերը չեն կարող ո'չ վախեցնել, ո'չ արգելել մարդկանց միջև ազատ շփումները, ո'չ էլ խոսքի ազատությունը: Դա կարող է բումերանգի ազդեցություն ունենալ: Դրա ապացույցն է բլոգեր Լապշինի ձերբակալությունից հետո Արցախ այցելած լրագրողների ու բլոգերների թվի շեշտակի աճը և նրա` ազատության մեջ հայտնվելուց հետո սառը ցնցուղի ազդեցություն ունեցող ուղերձներն Ադրբեջանին:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Վեցերորդ մոտեցումը վերաբերում է Արցախի ու նրա ժողովուրդի իրավունքների մասին միջազգային իրազեկվածության առավել բարձրացմանը:

Ադրբեջանը չունի Արցախի նկատմամաբ իր նկրտումների ո’չ պատմական, ո’չ իրավական, ո’չ բարոյական որևէ հիմք և փորձում է այդ դատարկությունը լրացնել կեղծարարությամբ: Այս առաքելությանն է լծված Բաքվին ծառայող վարձկանների բանակը, որն, ինչպես ևս մեկ անգամ վերջերս ցույց տվեց հայտնի «ադրբեջանական լվացքատան» կոռուպցիոն սկանդալը, ներառում է մեզ վրա ցեխ շպրտող քաջածանոթ դեմքերի: Ճիշտ որ` «ուրիշի վրա ցեխ շպրտողի ձեռքերը մինչև արմունկները և անգամ նրանց դեմքերը ցեխի մեջ են»:

Անշուշտ, այս պայմաններում Արցախի պատմության, նրա ժողովրդի իրավունքների մասին  միջազգային հանրությանն առավել իրազեկելու ուղղությամբ կատարվող աշխատանքները առաջնային նշանակություն ունեն: Ասում են` «ակնհայտն ապացուցման կարիք չունի», սակայն որոշ դեպքերում ունի պարբերաբար հիշեցման կարիք: Նաև մեր սփյուռքահայ եղբայներն ու քույրերն այս առումով պետք է շարունակեն բացահայտել Ադրբեջանի կեղծարարություններն այնտեղ, որտեղ դեռ կարիք կա:

Իր շուրջ տարբեր միֆեր հյուսելով՝ Բաքուն կարծում է, թե կարող է դրանց վրա հիմնել Արցախի նկատմամբ իր նկրտումները: Բայց դրանք ընդամենը փուչիկներ են, որոնք չդիմանալով դատարկ օդի ճնշմանը, մեկը մյուսի հետևից պայթում են: Վերցնենք օրինակ Բաքվի սիրված առասպելներից մեկը` Ադրբեջանի իբր բազմամշակութային, բազմակրոն, հանդուրժողական երկիր լինելու մասին: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ Ադրբեջանում հողին են հավասարեցվում հայկական հուշարձանները` եկեղեցիներն ու վանքերը, խաչքարարեն ու գերեզմանոցները: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ ադրբեջանական դասագրքերում հայերին ներկայացնում են, որպես գենետիկ թշնամի: Այս ամենի մասին ահազանգվում է միջազգային հեղինակավոր կառույցների համապատասխան զեկույցներում: Ինչ հանդուրժողականության մասին է խոսքը, երբ մի շարք երկրների արտգործնախարարություններ ուղղակի զգուշացնում են հայկական անուններով իրենց քաղաքացիներին չայցելել Ադրբեջան, որտեղ նրանք կարող են ենթարկվել հետապնդումների պարզապես հայ լինելու պատճառով: Եվ իրականությունն այն է, որ իսկապես այսօր այլ երկրների ծագումով հայ քաղաքացիները Բաքու այցելելիս հայտնվում են ճաղերի հետևում: Համաձայնվեք, սա հանդուրժողականության յուրահատուկ դրսևորում է, որը բնորոշ է Ադրբեջանին` մի երկրի, որն ուզում է ողջ աշխարհին համոզել, թե իբր Արցախի հայերը իր քաղաքացիներն են: Կարծում եմ պարզ է, թե ինչ ճակատագիր է սպասվում ադրբեջանական ճանկերի մեջ հայտնված յուրաքանչյուր արցախցուն, և 2016թ.-ի ապրիլը դրա միակ ապացույցը չէ, օրինակները բազմաթիվ են:

Հարգելի՛ հայրենակիցներ,

Այս հիմնական մոտեցումների վրա են խարսխված Ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման ուղղությամբ իրականացվող մեր աշխատանքները: Այսօր, բանակցային գործընթացի շուրջ մեր մոտեցումները համահունչ են միջազգային հանրության, եռանախագահների դիրքորոշմանը: Համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերի արդյունքում կհաջողվի դրանց վրա հիմնված հասնել հիմնահարցի արդար հանգուցալուծմանը, ու տևական խաղաղություն հաստատել տարածաշրջանում:

Նման վստահության ամենամեծ գրավականը Արցախն է, որն ապացուցել է ժամանակակից հասարակություն, ժողովրդավարական հաստատություններ, օրենքի գերակայության վրա հիմնված գործուն կառավարման համակարգ ունենալու իր կարողությունը: Արցախն է` իր զինված ուժերով, որը կարող է արժանի հակահարված տալ ոտնձգություններին: Արցախն է ազատության ողջ բույրը վայելած իր անպարտ սերունդով: Արցախն է, որն այսօր Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի բնորոշմամբ «ոչ միայն մարտունակ է, այլև կենսունակ և մրցունակ»: Եվ՛ Հայաստանը, և՛ Սփյուռքը կանգած են Արցախի կողքին։

Շնորհակալություն
 

Կից լուսանկարներ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Հայաստան-սփյուռք համահայկական 6-րդ համաժողովին

Ամբողջ ալբոմ »