EnglishFrançaisРусский

Ելույթներ

Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ելույթը Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը

10.07.2017

Հարգելի՛ Անդրեյ,

Հարգելի՛ Յոհաննես,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Շնորհակալ եմ, Անդրեյ, Քիշնևում մեզ հյուրընկալելու և գալիք Բրյուսելյան գագաթաժողովին ընդառաջ մտքեր փոխանակելու ևս մեկ հնարավորություն ընձեռելու համար:

Մենք բազմիցս ենք ընդգծել Ռիգայի համատեղ հռչակագրի, դրանում ամրագրված համագործակցության չորս հիմնական ոլորտների, տարբերակման սկզբունքի և այլ դրույթների կարևորությունը, որոնք հանդիսացել են վերջին երկու տարում Արևելյան գործընկերության շրջանակներում գործադրված մեր ջանքերի ուղենիշը: Հայաստանը կարևոր ձեռքբերումներ է արձանագրել` «Հորիզոն 2020»-ը, «COSME»-ն, Ընդհանուր ավիացիոն գոտու մասին պայմանագրի և «Ստեղծագործ Եվրոպա»-ի շուրջ բանակցությունների մեկնարկը, որը նախատեսում ենք շուտով ավարտին հասցնել: Հատուկ կցանկանայի ընդգծել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մենք նախաստորագրել ենք և նախատեսում ենք ստորագրել այս տարվա նոյեմբերին Բրյուսելում:

Հայաստանը և ԵՄ-ն ավարտել են 2017-2020թթ. Գործընկերության առաջնահերթությունների մշակումը, և վաղը Երևանում մեկնարկելու ենք այդ նույն ժամանակաշրջանի համար ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվելիք Միասնական աջակցության շրջանակի շուրջ բանակցությունները:

Կան նաև որոշ առկախ հարցեր, որոնցից մեկին կցանկանայի անդրադառնալ՝ մուտքի արտոնագրի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկին: Շարժունակությունն ու մարդկանց միջև շփումները, որոնք ընկած էին Արևելյան գործընկերության հիմքում, պետք է շարունակեն մնալ որպես այդպիսին:

Ինչ վերաբերում է մեր համագործակցության հեռանկարներին, ես կցանկանայի հիշատակել Յոհաննես Հանի` Լյուքսեմբուրգում կայացած նախարարական հանդիպմանը հնչեցրած գաղափարներին, մասնավորապես, նրանց, որոնք վերաբերում են Տրանս-եվրոպական տրանսպորտային ցանցի (TEN-T) ընդլայնմանը, ռոումինգի սակագների հարմոնիզացիային և նվազեցմանը, ինչպես նաև գործընկեր երկրներում տեղական արժույթով Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ֆինանսավորմանը: Կարծում եմ, որ այս առաջարկները կարող են ներառվել մեր ապագա համագործակցության օրակարգում, որը, հուսով եմ, համալրված կլինի բազմաթիվ այլ փոխշահավետ ծրագրերով:

Կցանկանայի նաև անդրադառնալ «20 արդյունք մինչև 2020» փաստաթղթին: Այն, հիրավի, գալիք տարիների գործողությունների ծրագիր է, որը նախանշում է Արևելյան գործընկերության շրջանակներում համագործակցության հեռանկարները:

Անշուշտ, Գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների կարևոր խնդիրներից է Եզրափակիչ հռչակագրի նախագծի մշակումը: Հայաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալու այնպիսի մի փաստաթղթի մշակմանը, որը կարտացոլի համագործակցության իրական էությունը և կուղղորդի գալիք տարիների մեր ջանքերը: Ռիգայի հռչակագրի համաձայնեցված լեզուն կարող է հիմք ծառայել խնդրահարույց հարցերը հաղթահարելու համար: Ես կիսում եմ այն գործընկերների կարծիքը, ովքեր համոզված են, որ կարիք չկա բարդացնելու գալիք գագաթաժողովի մթնոլորտը այնպիսի խնդիրներով, որոնք, բոլորս էլ գիտենք, որ կարող են արգելակել կոնսենսուսի կայացումը:

Տիկնայք և պարոնայք,

Եվրոպական միության հետ արդյունավետ համագործակցությունն իր նպաստն է բերել Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացում և այս տարվա ապրիլին խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը, որոնք արժանացել է մեր գործընկեր երկրների և մասնագիտացված միջազգային կազմակերպությունների բարձր գնահատականին:

Հայաստանը նպատակադրված է շարունակելու բարեփոխումները: Եվրոպական միությունը եղել և մնում է մեր վստահելի գործընկերն այս գործընթացներում։

Հայաստանը բարձր է գնահատում Եվրոպական միության հետ գործընկերությունը և ակնկալում է ապագա արդյունավետ համագործակցություն։

Շնորհակալություն: 

Կից լուսանկարներ

Statement by Minister Nalbandian at the Informal Ministerial Meeting of Eastern Partnership in Chisinau

Statement by Minister Nalbandian at the Informal Ministerial Meeting of Eastern Partnership in Chisinau

Ամբողջ ալբոմ »