EnglishFrançaisРусский

Ելույթներ

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի բացման խոսքը հայ-իտալական գործարար համաժողովին

07.06.2017

«Նոր հնարավորություններ, հնագույն ուղիներ.
Հայաստանը որպես կամուրջ դեպի եվրասիական և իրանական շուկաներ»

Ուրախ եմ մասնակցել միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում կազմակերպված հայ-իտալական գործարար համաժողովի բացմանը:

Ինչպես իրավացիորեն նշված է համաժողովի խորագրում, հայ-իտալական առևտրական և գործարար կապերն ունեն հնագույն պատմություն, որոնք հատկապես վերելք ապրեցին միջնադարում՝ Կիլիկիայի հայկական թագավորության և Ճենովայի, Վենետիկի ու Պիզայի միջև: Ինչպես վենետիկցի հայտնի ճանապարհորդ և վաճառական Մարկո Պոլոն է գրել իր գրքում՝ Եվրոպայից Ասիա տանող բոլոր առևտրային ուղիներն անցնում էին Կիլիկիայի Այաս նավահանգստով, որը յուրատեսակ հանգույց էր հանդիսանում Արևելքի և Արևմուտքի միջև առևտրական և մշակութային փոխանակումների համար:

Այս հնագույն, ավանդական կապերը նոր թափ են ստացել Հայաստանի անկախացմամբ: Մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում միջպետական համագործակցությունն անշեղորեն զարգացել է, դրանցում ընդգրկվել են տնտեսության նորանոր ոլորտներ:

Հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի գումարումը և գործարար համաժողովի կազմակերպումը, անշուշտ, նոր հեռանկարներ են բացելու մեր տնտեսական կապերի համար՝ նպաստելով տարբեր ոլորտներում մեր գործընկերության խորացմանը: Ակնհայտորեն, այս առումով առկա է մեծ ներուժ, և Հայաստանի կառավարությունը պատրաստակամ է գործադրել բոլոր ջանքերը՝ մեր երկրների գործարար շրջանակների միջև կապերին աջակցելու համար:

Այսօր Հայաստանը հնարավորությունների երկիր է՝ օժտված ժամանակակից, կրթված և աշխատասեր մարդկային ռեսուրսով, գտնվում է խոշոր շուկաների հարևանությամբ, իր մասնակցությունն է բերում տարբեր համագործակցության հարթակներում, կիրառում է եվրոպական չափանիշների ու գործարար փորձի լավագույն օրինակները: Աշխարհում և, մասնավորապես, Եվրոպայում հայկական սփյուռքի առկայությունն էապես նպաստում է մեր առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը՝ մեր երկիրն առավել մոտ պահելով միջազգային շուկաներին, իսկ երբեմն նույնիսկ Հայաստանի միջոցով այդ շուկաները կապելով միմյանց:

Վերջին տասնամյակում նշանակալից բարեփոխումներ են իրականացվել՝ գործարար մթնոլորտի բարելավման, Հայաստանում օտարերկրյա ներդրումների առավել բարենպաստ միջավայրի ստեղծման նպատակով: Կառավարության այս ջանքերը հանգեցրել են միջազգային տարբեր զեկույցներում Հայաստանի վարկանիշի բարելավմանը: Համաշխարհային բանկի «Գործարարությունը 2017թ.» զեկույցում Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդ տեղն է զբաղեցրել։ Ավելին, Հայաստանը 9-րդն է բիզնես սկսելու պարզության ցուցանիշով: Ինչ վերաբերում է «Հերիթիջ» հիմնադրամի «Տնտեսական ազատության ինդեքսը 2017թ.» զեկույցին, ապա ներկայումս Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ տեղը:

Հայաստանը օգտվում է տարածաշրջանային արտոնյալ առևտրային ռեժիմներից՝ ընդլայնելով տարածաշրջանային և գլոբալ համագործակցությունը: Օտարերկրյա ներդնողներին մենք տրամադրում ենք երաշխիքներ, պաշտպանություն և առավելություններ: Նրանք ենթարկվում են ընդհանուր օրենսդրությանը, որի շնորհիվ օտարերկրյա ներդնողներն ապահովագրված են ոչ միայն խտրական վերաբերմունքից, այլև նրանց համար նախատեսվում են որոշակի արտոնություններ:

Այս արտոնություններից են սեփականության իրավունքը, Հայաստանում գրանցված ընկերությունների կողմից հողատարածքներ ձեռք բերելու իրավունքը, երկրի ցանկացած հատվածում և վայրում անարգել մուտքի իրավունքը, գույքի և եկամտի ազատ փոխհատուցման իրավունքը, տարադրամի անսահմանափակ փոխանակումը շուկայական տոկոսադրույքներով և այլն: Բացի այդ, Հայաստանն ունի ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրեր 41 երկրների, այդ թվում նաև Իտալիայի հետ:

Մենք ընդունել ենք նոր հարկային օրենսգիրք, պարզեցրել ենք վարչարարական ընթացակարգերը՝ առավել նպաստավոր պայմաններ ստեղծելով գործարարների և ներդրողների համար:

Հայաստանն արձանագրել է բարձր աճի տեմպեր տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների, նորարարությունների, ճշգրիտ ճարտարագիտության և հետազոտողական կարողությունների ստեղծման ​​ոլորտներում՝ նպատակ ունենալով ամրապնդել տարածաշրջանում իր առաջատար դերը: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով մենք հարկային արտոնություններ ենք տրամադրում ստարտափներին՝ նրանց ազատելով շահութահարկից և գանձելով միայն 10% եկամտահարկ: Արդյունքում վերջին տարիներին մենք արձանագրել ենք ՏՏ ոլորտում միջինը 25% աճ: Միջկառավարական հանձնաժողովի հանդիպմանը մենք արդեն իսկ նշել ենք շահավետ համագործակցության հեռանկարներ ունեցող մի շարք ոլորտներ՝ ներառյալ՝ էներգետիկան, տրանսպորտը, մեքենաշինությունը, գյուղատնտեսությունը, սննդի վերամշակումը, գիտությունը, կրթությունը, առողջապահությունը, մշակույթը:

Զբոսաշրջությունը ներկայացնում է համագործակցության ևս մեկ խոստումնալից ուղղություն: Հայաստանի՝ քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած առաջին երկրի կրոնական հուշարձանները առանձնահատուկ կարևորությունն են իրենցից ներկայացնում: Նախորդ տարի Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն այցելեց Հայաստան՝ իր խոսքերով, «որպես ուխտագնացություն դեպի առաջին երկիր, որն ընդունեց Հիսուսի Ավետարանը»:

Տիկնայք և պարոնայք,

Կառավարության ներկայիս տնտեսական քաղաքականությունն ուղղված է արտահանման աշխարհագրության ընդլայնմանը: Հայաստանն օգտվում է ԵՄ GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից: Իսկ GSP ռեժիմը կիրառվում է Կանադայի, Շվեյցարիայի, Ճապոնիայի և Նորվեգիայի հետ: Հայաստանն ունի ազատ առևտրի գործող համաձայնագրեր ԱՊՀ անդամ երկրների և հարևան Վրաստանի հետ:

ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեծապես կնպաստի Հայաստան-ԵՄ առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: Համաձայնագիրն արդեն նախաստորագրվել է, և մենք պատրաստվում ենք նոյեմբերին այն ստորագրել ԵՄ-ի հետ: 2015թ. հունվարին Հայաստանն անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, ինչը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում: Հայաստանը կարող է կամրջի դեր կատարել՝ օգտագործելով առկա հնարավորությունները և տրամադրելով իր ծառայություններն ու ներդրումային գործիքները որպես հարթակ ԵԱՏՄ և ԵՄ անդամ պետությունների՝ մասնավորապես Իտալիայի հետ առևտրատնտեսկան շրջանառության ընդլայնման համար:

Տիկնայք և պարոնայք,

Մաղթում եմ բեղմնավոր և արդյունավետ քննարկումներ, որոնք ճանապարհ կհարթեն մեր համագործակցության հետագա ամրապնդման և խորացման համար:

Ուրախ կլինենք մեր հաջորդ հանդիպումը հյուրընկալել Հայաստանում՝ քննարկումներն ամփոփելու և արդյունքները վերլուծելու համար:

Կից լուսանկարներ

Opening remarks by Foreign Minister Edward Nalbandian at the Armenian-Italian business forum

Ամբողջ ալբոմ »