EnglishFrançaisРусский

ՀՀ վերադարձի վկայական

ՀՀ վերադարձի վկայականը միանգամյա օգտագործման ճամփորդական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս սահմանը հատելու իրավունք տվող օրինական փաստաթղթի բացակայության դեպքում օտարերկրյա պետությունից շտապ վերադառնալ Հայաստանի Հանրապետություն:

Օրինական փաստաթուղթ է համարվում ՀՀ քաղաքացու անձնագիրը, փախստականի կամ քաղաքացիություն չունեցող անձի` ՀՀ կողմից տրված ճամփորդական փաստաթղթերը, որոնք վավերական են և պիտանի են օգտագործման համար:

ՀՀ վերադարձի վկայական ստանալու իրավունք ունի.

  1. ՀՀ քաղաքացին,
  2. ՀՀ-ում փախստական ճանաչված և ապաստան ստացած անձը,
  3. ՀՀ-ում բնակության իրավունք ունեցող` քաղաքացիություն չունեցող անձը:

Վերադարձի վկայական տրվում է որևէ պատճառով (կորցված, գողացված, ժամկետանց, օգտագործման համար ոչ պիտանի լինելու կամ ընդհանրապես տրամադրված չլինելու) օրինական փաստաթղթի բացակայության և շտապ Հայաստանի Հանրապետություն վերադառնալու անհրաժեշտության դեպքում:

Վերադարձի վկայական տրվում է նաև օտարերկրյա պետությունում ապօրինի գտնվող և օրինական փաստաթուղթ չունեցող անձանց` ՀՀ վերադարձն ապահովելու համար, օտարերկրյա պետության իրավասու մարմնի` սահմանված կարգով ներկայացված հարցման հիման վրա:

Ներկայացվող փաստաթղթերը

Վերադարձի վկայական ստանալու համար անձն անձամբ (նաև փոստային ծառայության միջոցով) կամ օրինական ներկայացուցչի (անձի ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) կամ ամուսնու, երեխայի, քրոջ, եղբոր, լիազորված անձի միջոցով օտարերկրյա պետությունում ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը.

Կորցված կամ գողացված oրինական փաստաթղթի դեպքում.

  1. Դիմում-հարցաթերթիկ,
  2. 35x45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար,
  3. Պետական տուրքի անդորրագիր,
  4. Տվյալ բնակավայրի ոստիկանությունից կամ այլ իրավասու մարմնից տեղեկանքի (հայտարարագիր) պատճենն անձնագրի կորստի մասին (առկայության դեպքում)
  5. Կորցված կամ գողացված օրինական փաստաթղթի լուսապատճենը (առկայության դեպքում)
  6. Հայաստանյան ծագում ունեցող` անձը հաստատող այլ փաստաթղթեր (զինվորական գրքույկ, կցագրման վկայական կամ վարորդական վկայական) կամ դրանց` նոտարական կարգով հաստատված լուսապատճենները (առկայության դեպքում)

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՎԿԱՅԱԿԱՆՆ ԱՆՎՃԱՐ ՏԱԼՈՒ ԴԵՊՔԵՐԸ

Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայականն անվճար տրվում է`

  1. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր նախկինում չեն ստացել Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր
  2. Հայաստանի Հանրապետության` 16 տարին չլրացած, ինչպես նաև 63 տարին լրացած քաղաքացիներին
  3. Օտարերկրյա պետությունից վտարման ենթակա Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  4. Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանալու (փոխանակելու) համար դիմած և սահմանված ժամկետում իր անձնագիրը չստացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  5. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, վարժական հավաքներին կամ զորահավաքներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  6. Բազմազավակ (չորս և ավելի անչափահաս երեխա) ընտանիքի անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  7. Առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  8. Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ իրավասու մարմինների որոշումների հիման վրա Հայաստանի Հանրապետություն մեկնող (տեղափոխվող) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  9. Օտարերկրյա պետությունների ազատազրկման վայրերից ազատված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին
  10. Հափշտակության կամ այլ հանցագործության, ինչպես նաև անհաղթահարելի ուժի (բնածին կամ տեխնածին աղետ, քաղաքական հուզումներ, պատերազմ և այլն) ազդեցության արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրից զրկված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եթե ներկայացվում է տվյալ հանգամանքն ապացուցող փաստաթուղթ կամ դեպքը հանդիսանում է հանրահայտ փաստ
  11. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներին, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է այնպիսի արտակարգ իրավիճակ, որը սպառնում է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

Եթե դիմումը ներկայացնում է վկայական հայցողի ծնողը, եղբայրը, քույրը, ամուսինը, զավակը կամ լիազոր ներկայացուցիչը, ապա պետք է ներկայացվեն նաև հետևյալ փաստաթղթերը՝

  • ա. ծնողի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) ու ծննդյան վկայականի պատճենները,
  • բ. եղբոր և քրոջ դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, դիմողի ծննդյան վկայականի բնօրինակը, տեղեկանք հայցողի ծննդյան վկայականի և անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
  • գ. ամուսնու դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) և ամուսնության վկայականի պատճենները,
  • դ. զավակի դեպքում՝ դիմողի անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և պատճենը, ծննդյան վկայականի և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենները,
  • ե. լիազոր ներկայացուցչի դեպքում՝ լիազորված անձի անձնագիրը (նույնականացման քարտը), լիազորագրի բնօրինակը և տեղեկանք հայցողի անձնագրի (նույնականացման քարտի) պատճենը: Այս դեպքում լիազորագիրը պետք է հաստատված լինի Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի oրինական փաստաթղթի կամ ԽՍՀՄ նմուշի անձնագրի դեպքում.

  1. Դիմում-հարցաթերթիկ,
  2. 35x45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար,
  3. Պետական տուրքի անդորրագիր,
  4. Ժամկետանց կամ օգտագործման համար ոչ պիտանի օրինական փաստաթուղթը կամ ԽՍՀՄ նմուշի անձնագիրը,
  5. ԽՍՀՄ նմուշի անձնագրի դեպքում ներկայացվում է նաև դիմումն ընդունած հյուպատոսական հիմնարկի նստավայր պետության կամ հյուպատոսական տարածաշրջանի պետության քաղաքացիություն ունենալը ժխտող փաստաթուղթ:

ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների` ՀՀ քաղաքացու անձնագիր ստացած չլինելու դեպքում`

  1. Դիմում-հարցաթերթիկ,
  2. 35x45 մմ չափսի երկու նույնական գունավոր լուսանկար,
  3. Պետական տուրքի անդորրագիր,
  4. ՀՀ ծննդյան վկայական կամ օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից տրված ծննդյան վկայական` հաստատված ՀՀ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով,
  5. Ծնողի (ծնողների) անձնագրերի պատճենները:

Ուշադրություն: Ներկայացված փաստաթղթերի, տեղեկությունների և լուսանկարների իսկության համար դիմողը կրում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անձնական պատասխանատվություն:

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

- մինչև 16 տարեկան երեխաների դեպքում դիմում-հարցաթերթիկը ստորագրում է երեխայի ծնողը կամ օրինական ներկայացուցիչը,

- ներկայացվող լուսանկարը պետք է ունենա առավելագույնը 6 ամսվա վաղեմություն և տպված լինի անփայլ (matte, матовый) թղթի վրա:

Վերադարձի վկայական տալու ընթացակարգը և ժամկետները

ՀՀ քաղաքացու օգտագործման համար ոչ պիտանի կամ ժամկետանց օրինական փաստաթուղթ և (կամ) զինվորական գրքույկ և (կամ) կցագրման վկայական և (կամ) վարորդական վկայական կամ դրանց` նոտարական կարգով հաստատված լուսապատճենները ներկայացվելու դեպքում, եթե դրանց իսկությունը կասկած չի հարուցում (չկան չհաստատված ջնջումներ և ուղղումներ, լուսանկարի փոխման հետքեր, կնիքներն ու դրոշմակնիքները հստակ են, փաստաթուղթն առավելապես մաշված չէ) և, եթե դրանցում պատկերված անձը և վերադարձի վկայականի համար դիմող անձը նույնական են, հյուպատոսական հիմնարկն առավելագույնը 2 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է վերադարձի վկայական` առանց ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն հարցում կատարելու:

Մնացած բոլոր դեպքերում հյուպատոսական հիմնարկը վերադարձի վկայական տալու համար էլեկտրոնային հարցում * է կատարում ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Այս դեպքում վերադարձի վկայականը տրամադրվում է 5 աշխատանքային օրվա ընթացքում: Լրացուցիչ ստուգումներ կատարելու անհրաժեշտության դեպքում ժամկետը կարող է երկարաձգվել առավելագույնը 10 աշխատանքային օրով:

Վերադարձի վկայականը տրվում է մեկ ամիս ժամկետով:

Ռեադմիսիայի համաձայնագրի կիրառման դեպքում այն կարող է տրամադրվել պայմանագրով սահմանված ժամկետով:

Եթե անձը հյուպատոսական հիմնարկ է ներկայացրել բնօրինակ փաստաթուղթ և դրա պատճենը, ապա դրանց համեմատումից հետո բնօրինակը վերադարձվում է անձին: Եթե պատճենը չի ներկայացվել, բնօրինակը պատճենվում է հյուպատոսական հիմնարկում, որից հետո այն վերադարձվում է տիրոջը:

 

ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆ

* - էլեկտրոնային հարցում կատարելու անհնարինության դեպքում նշված ժամկետները կարող են երկարաձգվել մինչև 15 աշխատանքային օրով:

Ուշադրություն: Եթե անձը գտնվում է այնպիսի պետությունում կամ վայրում, որտեղից հնարավոր չէ կամ դժվար է դիմել հյուպատոսական հիմնարկ, վերադարձի վկայականն օրինական ներկայացուցչի (անձի ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի) կամ ամուսնու, երեխայի, քրոջ, եղբոր, լիազորված անձի դիմումի հիման վրա կարող է տրամադրվել ՀՀ ԱԳՆ-ում:

Ի գիտություն: Ռեադմիսիայի համաձայնագրերով սահմանված դեպքերում վերադարձի վկայականը կարող է տրվել նաև ոչ ճշգրիտ տվյալներով, եթե առկա են ՀՀ քաղաքացիությունը հավաստող տվյալներ: