EnglishFrançaisРусский

Վկայական ստանալու կարգը

Դիվանագիտական, հյուպատոսական, վարչական, միջազգային կազմակերպության աշխատակցի/փորձագետի և պատվավոր հյուպատոսի վկայականների տրամադրման և վերադարձման կարգ

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների, հյուպատոսական հիմնարկների և դիվանագիտական կարգավիճակ ունեցող միջազգային կազմակերպությունների (այսուհետ` դիվանագիտական ներկայացուցչություն) անձնակազմի անդամներին դիվանագիտական, հյուպատոսական, վարչական, միջազգային կազմակերպության աշխատակցի/փորձագետի և պատվավոր հյուպատոսի վկայականներ տրամադրում է ՀՀ ԱԳՆ «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալությունը:

Վկայական ստանալու (նաև վկայականի կորստյան կամ գործածության ժամկետի ավարտի դեպքում) համար դիվանագիտական ներկայացուցչությունը հայտագրով դիմում է արտաքին գործերի նախարարություն` կցելով հետևյալ փաստաթղթերը`

1. դիմումը 2 օրինակից,

2. 3 լուսանկար (3x4սմ)

3. անձնագրի գլխավոր էջերի պատճենները 2 օրինակից:

Արտաքին գործերի նախարարությունը հայտագիրը ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է համապատասխան վկայականը: Վկայականը տրվում է նվազագույնը մեկ ամսով, իսկ առավելագույնը` երեք տարով` հաշվի առնելով ներկայացուցչության հայտագիրը, տվյալ անձի պաշտոնավարման և անձնագրի վավերականության ժամկետները:
Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի ընտանիքի անդամներին տրամադրվող վկայականների ժամկետը չպետք է գերազանցի աշխատակցի վկայականի ժամկետը:

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի պաշտոնավարման ավարտից հետո 30 օրվա ընթացքում արտաքին գործերի նախարարություն է ներկայացվում անձի մեկնելու մասին համապատասխան հայտագիր՝ լրացված ծանուցման թերթիկի և վկայականի հետ միասին:

Մասնավոր տնային աշխատողներ

Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող մասնավոր տնային աշխատողներին «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 15 և 16 հոդվածների համաձայն` տրվում է Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ:
Դիվանագիտական ներկայացուցչությունը, համաձայն 2008թ. ՀՀ կառավարության թիվ 134-Ն որոշման՝ տնային աշխատողների համար հայտագրով դիմում է ՀՀ արտաքին գործերի նախարարություն (հյուպատոսական վարչություն), ներկայացնելով հետևյալ փաստաթղթերը՝

1) սահմանված ձևի դիմում

2) 35 x 45 մմ չափսի երեք գունավոր լուսանկար.

3) անձնագիրը, անձնագրի պատճենը և անձնագրի նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությունը.

4) Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ստանալու (կացության կարգավիճակը երկարաձգելու) հանգամանքը հիմնավորող փաստաթղթեր.

5) առողջական վիճակի մասին տեղեկանք.

6) պետական տուրքի վճարման անդորրագիր:

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը, օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, տրամադրում է ժամանակավոր կացության թույլտվություն: