EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

11.06.2018

Հունիսի 8-ին Նիդերլանդների Հենգելո քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված համերգ, որը կազմակերպել էր Նիդերլանդների ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեն: Ներկաների թվում էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը, Ալմելոյի Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանը, հայ համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և այլք:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպան Մելքոնյանը և Նիդերլանդների ՀՅԴ «Արամ Մանուկյան» կոմիտեի ներկայացուցիչ Մինաս Արսենյանը: Դեսպանն անդրադարձավ մայիսյան հերոսամարտերի և Առաջին Հանրապետության հիմնադրման պատմական նշանակությանը՝ մասնավորապես, ընդգծելով վերջինիս կարևորությունը հայ ազգային գիտակցության մեջ պետականության գաղափարի ամրապնդման գործում: Նա նշեց, որ թեև Առաջին Հանրապետությունը՝ որպես անկախ պետություն, երկար չգոյատևեց, սակայն կարևոր նշանակություն ունեցավ դարավոր պայքարի արդյունքում պետականության վերականգնման և հայկական պետության վերաստեղծման առումով։ ՀՀ դեսպանը ողջունեց, որ սփյուռքում նշում և կարևորում են Մայիսի 28-ի խորհուրդը՝ առանձնացնելով Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնության կարևորությունը հայ ժողովրդի և Հայաստանի զարգացման հարցում։

Միջոցառման ընթացքում հնչեցին ժողովրդական երգեր` Ներսիկ և Արաբո Իսպիրյանների կատարմամբ:

Հունիսի 11-ին Նիդերլանդների Արնհեմ քաղաքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության և Հայ մարմնակրթական ընդհանուր միության հիմնադրման 100-ամյա տարեդարձներին նվիրված միջոցառում, որը կազմակերպել էր ՀՄԸՄ Արնհեմի Մեկուսի շրջանը: Միջոցառմանը ներկա էին Արնհեմի, Ալկմաարի, Ալմելոյի և Մյունխենի ՀՄԸՄ-ի կառույցների ներկայացուցիչներ:

Ողջույնի ուղերձով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Գարեգին Մելքոնյանը: Շնորհավորելով ներկաներին՝ դեսպանը մաղթեց նրանց նույն նվիրվածությամբ և ոգևորությամբ շարունակելու համահայկական կարևոր առաքելությունը: Նա ընդգծեց ՀՄԸՄ-ի դերակատարությունը հայ երիտասարդությանը հայրենասիրական ոգով դաստիարակելու, աշխարհի տարբեր երկրներում գտնվող հայկական համայնքների, նրանց և հայրենիքի միջև կապերի ամրապնդման գործում:

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ սկաուտական քայլերթ և տարբեր կառույցների թիմերի միջև ֆուտբոլի մրցաշար:

Կից լուսանկարներ

Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում

 

Ամբողջ ալբոմ »