EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

11.06.2018

Հունիսի 11-ին արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն Ալմաթիում մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին:

Բացելով նիստը` Ղազախստանի ԱԳ նարարար Կայրատ Աբդրախմանովը ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների անունից շնորհավորեց Զոհրաբ Մնացականյանին՝ Հայաստանի ԱԳ նախարարի բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություններ իր պատասխանատու առաքելության մեջ:

Նախարարներն անդրադարձ կատարեցին 2017թ․ նոյեմբերին Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։

ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստի օրակարգում ներառված էին կազմակերպության շրջանակներում արտաքին քաղաքականության համադրմանը, պաշտպանության և անվտանգության ոլորտներում տարեկան խորհրդատվությունների ծրագրին, տարածաշրջանային և միջազգային մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցության, ահաբեկչության դեմ պայքարին, կազմակերպության խաղաղապահ առաքելության բաղադրիչին առնչվող հարցեր:

Ելույթ ունենալով ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստին՝ Զոհրաբ Մնացականյանը ներկայացրեց կազմակերպությունում Հայաստանի առաջնահերթությունները, Հայաստանի գնահատականներն ու մոտեցումները տարածաշրջանային և միջազգային մարտահրավերների և հիմնախնդիրների առնչությամբ, անդրադարձավ կազմակերպության շրջանակներում փոխգործակցության ամրապնդման մեխանիզմներին, խաղաղապահության բնագավառում ՀԱՊԿ կարողությունների շարունակական զարգացմանը։

ՀՀ ԱԳ նախարարն իր գործընկերներին տեղեկացրեց, որ երեկ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով Արցախի ՊԲ զինծառայող է զոհվել։ Այս համատեքստում նախարար Մնացականյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչպես նաև Ադրբեջանի և Արցախի միջև շփման գծի երկայնքով Բաքվի գործողությունները՝ շեշտելով, որ դրանք անընդունելի և անպատասխանատու քայլեր են՝ ուղղված իրավիճակի սրմանը, որոնք կասկածի տակ են դնում խաղաղ բանակցությունների առաջընթացն ապահովելու Ադրբեջանի հանձնառությունը։

Կից լուսանկարներ

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Հայաստանի ԱԳ նախարարը մասնակցեց ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին

Ամբողջ ալբոմ »