EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

08.06.2018

Արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ ստացվում են նոր շնորհավորական նամակներ՝ ուղղված Զոհրաբ Մնացականյանին:

Լեհաստանի արտաքին գործերի նախարար Յացեկ Չապուտովիչն իր շնորհավորական ուղերձում նշում է, որ Լեհաստանի համար Հայաստանը կարևոր գործընկեր է Հարավային Կովկասում և հույս հայտնում, որ հայ-լեհական բարեկամական, փոխշահավետ հարաբերությունները կունենան շարունակական զարգացում:

Հնդկաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սուշմա Սուարաջը ՀՀ ԱԳՆ ղեկավարին ուղղված իր նամակում ընդգծում է, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև խորը պատմական արմատներ կան՝ պատրաստակամություն հայտնելով համատեղ աշխատանքով առավել ամրապնդել տարբեր ոլորտներում հայ-հնդկական համագործակցությունը։

Շնորհավորելով Հայաստանի ԱԳ նորանշանակ նախարարին՝ Քուվեյթի Պետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Սաբահ Խալիդ Ալ-Համդ Ալ-Սաբահը պատրաստակամություն է հայտնում համատեղ քայլերով տարբեր ոլորտներում հայ-քուվեյթական հարաբերություններն առավել զարգացնելու ուղղությամբ:

Խորվաթիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մարիա Պերչինովիչ Բուրիչն իր շնորհավորական ուղերձում աջակցություն է հայտնում Եվրամիության հետ հարաբերություններում Հայաստանի արձանագրած առաջընթացին՝ մասնավորապես ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի համատեքստում՝ համոզմունք հայտնելով, որ հայ-խորվաթական հարաբերություններն առավել կամրապնդվեն՝ ի շահ երկու երկրների:

Բարեմաղթանքներ հղելով ՀՀ ԱԳՆ ղեկավարին՝ Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էրլան Աբդիլաևն իր շնորհավորական նամակում վստահություն է հայտնում, որ համատեղ աշխատանքով երկու երկրների միջև հարաբերությունները կզարգանան ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում:

Սերբիայի առաջին փոխվարչապետ, արտգործնախարար Իվիցա Դաչիչը Հայաստանի իր գործընկերոջն ուղղված շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնում, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նպաստել երկու բարեկամ երկրների համակողմանի փոխգործակցության առավել ամրապնդմանը և խորացմանը:

Ինդոնեզիայի արտաքին գործերի նախարար Ռետնո Մարսուդին Զոհրաբ Մնացականյանին ուղղված իր նամակում ընդգծում է, որ հավատացած է, որ ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնավարման ընթացքում կհաստատվի առավել սերտ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ հանուն երկու երկրների առաջընթացի և բարօրության:

Մադագասկարի արտաքին գործերի նախարար Անրի Ռաբարի-Նձական իր շնորհավորական ուղերձում հաջողություններ է մաղթում Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամության հայտնում համատեղ ջանքերով առավել ամրապնդել երկկողմ համագործակցությունը:

Շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Հորդանանի ԱԳ նախարար Այման Սաֆադին պատրաստակամություն է հայտնում համատեղ քայլերով առավել ամրապնդել հայ-հորդանանյան հարաբերությունները երկկողմ և բազմակողմ ձևաչափերով՝ ի շահ երկու երկրների:

Շնորհավորանքներ հղելով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Նոր Զելանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Ուինսթոն Փիթերսն իր նամակում ակնկալում է Հայաստանի հետ շարունակական համագործակցություն:

 

Կից լուսանկարներ

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ամբողջ ալբոմ »