EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահին

04.06.2018

Հունիսի 4-ին Չիլիում ՀՀ դեսպան Էսթերա Մկրտումյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի Հանրապետության նախագահ Սեբաստիան Պինյերային:

Պաշտոնական արարողությանը հաջորդած առանձազրույցի ընթացքում քննարկվեցին երկու պետությունների միջև բարեկամական հարաբերությունների ներկայիս ընթացքը և հետագա համագործակցության հնարավորությունները:

Չիլիի նախագահը, անդրադառնալով հայ ժողովրդի հազարամյա պատմությանը, Հայոց ցեղասպանությանը և դրա հետևանքով աշխարհի տարբեր ծայրերում ստեղծված հայկական սփյուռքին, կարևորեց Չիլիի հայ համայնքի դերը պետության տնտեսական և հասարակական կյանքի զարգացման գործում:

Դեսպան Մկրտումյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, իր պատրաստակամությունը հայտնեց գործնական քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև հարաբերություններին նոր լիցք հաղորդելու ուղղությամբ։

Չիլիի Ազգային կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու համատեքստում ՀՀ դեսպանն ընդգծեց, որ այս քայլով Չիլիի Հանրապետությունը հաստատեց մարդու իրավունքների պաշտպանությանը և ժողովրդավարական արժեքներին իր հավատարմությունը՝ դրանով նշանակալի ներդրում ունենալով մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում:

Դեսպան Մկրտումյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը և վերջին զարգացումները։

Հունիսի 5-ին դեսպան Մկրտումյանը հանդիպումներ ունեցավ Չիլիի Հանրապետության Ազգային կոնգրեսի Պատգամավորների պալատի նախագահ Մայա Ֆերնանդես Ալյենդեի, Սենատի նախագահ Կարլոս Մոնտեսի և հայկական համայնքային կառույցների հետ:

Կից լուսանկարներ

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահին

Դեսպան Մկրտումյանն իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահին

 

Ամբողջ ալբոմ »