EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

01.06.2018

Նախարար Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանի արտգործնախարարին ուղղված իր շնորհավորական ուղերձում շնորհակալություն է հայտնում Զոհրաբ Մնացականյանին ՄԱԿ-ում ՀՀ Մշտական ներկայացուցիչ աշխատելու շրջանում ցուցաբերած աջակցության և համագործակցության համար՝ ակնկալելով նորանշանակ նախարարի անձնական հանձնառությունը ՀՀ և ՄԱԿ միջև գործընկերության հետագա խորացման գործում:

Անտոնիու Գուտերեշը նաև վերահաստատել է ՄԱԿ-ի հաստատակամ և ամուր աջակցությունը բանակցային ճանապարհով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր ջանքերին:

Միացյալ Թագավորության արտաքին գործերի և համագործակցության պետքարտուղար Բորիս Ջոնսոնն իր շնորհավորական ուղերձում բարեմաղթանքներ է հղում Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հայտնում Միացյալ Թագավորության պատրաստակամությունը՝ Հայաստանում բարեփոխումների գործընթացում աջակցություն և օգնություն ցուցաբերելու հարցում:

ՄԹ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր ուղերձում նշում է, որ Հայաստանն ունի մեծ ներուժ՝ ցանկություն հայտնելով ավելի խորացնել հայ-բրիտանական երկկողմ հարաբերությունները:

Իսրայելի վարչապետ, արտաքին գործերի նախարար Բենիամին Նեթանյահուն Զոհրաբ Մնացականյանին ուղղված իր շնորհավորական ուղերձում հայտնում է իսրայելական կողմի հանձնառությունը ընդլայնելու երկու երկրների համագործակցությունը երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով՝ համոզմունք հայտնելով, որ ՀՀ նորանշանակ արտգործնախարարի պաշտոնավարման ընթացքում այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան:

Բենիամին Նեթանյահուն նաև հրավիրում է Հայաստանի ԱԳ նախարարին այցելել Իսրայել՝ քննարկելու երկկողմ համագործակցության առավել ընդլայնման և խորացման ուղիները:

Զոհրաբ Մնացականյանին ուղղված իր ուղերձում Շվեյցարիայի Համադաշնության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իգնազիո Կասսիսը նշում է, որ ուրախ է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնում տեսնել «Շվեյցարիայի բարեկամի»` վերջինիս հաջողություն մաղթելով իր առաքելության մեջ: Իգնազիո Կասսիսը համոզմունք է հայտնում, որ հայ-շվեյցարական բարեկամական հարաբերություններն ավելի կամրապնդվեն, և ընդգծում համատեղ աշխատելու պատրաստակամությունը:

Ճապոնիայի արտգործնախարար Տարո Կանոն շնորհավորական նամակում նշում է, որ Հայաստանը կարևոր դերակատարում ունի Հարավային Կովկասի խաղաղության և կայունության հարցում՝ ընդգծելով Հայաստանի կայուն զարգացման կարևորությունը Ճապոնիայի համար:

Տարո Կանոն իր ուղերձում նշում է, որ երկկողմ հարաբերությունների քառորդդարյա պատմության ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները ակտիվ զարգացում են ապրել՝ պատրաստակամություն հայտնելով առաջիկայում հանդիպել ՀՀ արտգործնախարարին և ակտիվորեն համագործակցել երկու բարեկամ երկրների կապերն առավել սերտացնելու ուղղությամբ:

Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան, շնորհավորելով Հայաստանի իր պաշտոնակցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշում է, որ երկու պետությունների և ժողովուրդների միջև հարաբերություններն ունեն երկար պատմություն՝ մշտապես զարգանալով հարգանքի, բարեկամության և փոխշահավետ համագործակցության ոգով: Բուլղարիայի ԱԳՆ ղեկավարը նաև նշում է, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը շուտով կվավերացվի Բուլղարիայի կողմից՝ ընդգծելով, որ Համաձայնագիրը կնպաստի ոչ միայն Հայաստանի և Եվրամիության միջև, այլ նաև երկկողմ ձևաչափում հարաբերությունների խորացմանը:

Սլովենիայի արտգործնախարար Կարլ Երժավեցը, շնորհավորելով Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, համոզմունք է հայտնում, որ Հայաստանի և Սլովենիայի միջև բարեկամական և գործընկերային հարաբերությունները էլ ավելի կզարգանան ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ միջազգային հարթակներում:

Մոնտենեգրոյի ԱԳՆ ղեկավար Սրդան Դարմանովիչն իր շնորհավորական ուղերձում նշում է, որ հավատացած է, որ երկու երկրների միջև արդեն գոյություն ունեցող բարեկամական հարաբերությունները համատեղ ջանքերով էլ ավելի կամրապնդվեն և կզարգանան:

Շնորհավորանքներ և բարեմաղթանքներ հղելով Հայաստանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Շրի Լանկայի արտգործնախարար Տիլակ Մարապանան հույս է հայտնում համատեղ ջանքերով զարգացնել երկկողմ փոխշահավետ կապերը՝ ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մալթայի ԱԳ նախարար Կարմելո Աբելան իր ուղերձում նշում է, որ Մալթան ցանկանում է շարունակել Հայաստանի հետ ջերմ հարաբերությունների խորացումը և բաց է բազմաոլորտ համագործակցության խորացման նոր ուղիներ գտնելու հարցում:

Կուբայի արտգործնախարար Բրունո Ռոդրիգես Պարիյան, շնորհավորելով Հայաստանի իր պաշտոնակցին, հայտնում է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ աշխատանքը երկու երկրների միջև հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Կից լուսանկարներ

Զոհրաբ Մնացականյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ

Ամբողջ ալբոմ »