EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայ-լիտվական քաղաքական խորհրդակցություններ Վիլնյուսում

31.05.2018

Մայիսի 31-ին Վիլնյուսում տեղի ունեցան Հայաստանի և Լիտվայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցություններ: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը, լիտվականը՝ ԱԳ նախարարի տեղակալ Դարիուս Սկուսևիչյուսը։ Խորհրդակցությանը մասնակցեց նաև Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Հանդիպմանը ԱԳ նախարարի տեղակալները կարևորեցին երկու ժողովուրդների միջև առկա պատմամշակութային կապերը, որոնք լավագույնս դրսևորվեցին օրերս Վիլնյուսում կայացած երկու երկրների հարյուրամյակներին նվիրված խոշոր մշակութային միջոցառմամբ։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվեց հայ-լիտվական հարաբերությունների խորացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվեցին երկկողմ քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում հարաբերությունների ընդլայնման հեռանկարները։ Կողմերը վերահաստատեցին երկկողմ բարձրաստիճան այցերը հաճախակիացնելու, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները պարբերաբար անցկացնելու անհրաժեշտությունը։

Հանդիպման ընթացքում ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում քննարկվեց նաև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկումը։ Կարեն Նազարյանն ընդգծեց Արևելյան Գործընկերության շրջանակներում ստանձնած համատեղ հանձնառությունների իրականացման կարևորությունը, մասնավորապես մուտքի արտոնագրերի երկխոսության մեկնարկը, որը գտնվում է ԵՄ անդամ երկրների իրավասության ներքո։

Կողմերը քննարկեցին նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցեր։ Անդրադարձ կատարվեց ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացին։
 

Կից լուսանկարներ

Հայ-լիտվական քաղաքական խորհրդակցություններ Վիլնյուսում

Հայ-լիտվական քաղաքական խորհրդակցություններ Վիլնյուսում

 

Ամբողջ ալբոմ »