EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

05.05.2018

Ապրիլի 24-մայիսի 5-ը Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում անցկացվեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված բազմաթիվ ոգեկոչման միջոցառումներ:

Ապրիլի 20-ին Ֆրանսիայի Էվրո քաղաքում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի պաշտոնական բացման արարողությունը: Ներկա էին Էվրոյի քաղաքապետ Գի Լեֆրան, ՀՀ դեսպանության դեսպանորդ Լևոն Ամիրջանյանը, քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 21-ին հիշատակի միջոցառում անցկացվեց Փարիզի մերձակա Մեդոն քաղաքում: Միջոցառմանը ներկա էին և ելույթներով հանդես եկան Մեդոնի քաղաքապետ Դենիս Լարժերոն, Սենատոր Էրվե Մարսելը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ապրիլի 21-ին հայոց նահատակների հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց Փարիզի Հաղթական կամարի ներքո: Ֆրանսահայ նախկին ռազմիկների և դիմադրողականների միության կազմակերպմամբ՝ ՀՀ դեսպանության ներկայացուցիչների և ֆրանսիացի բազմաթիվ քաղաքական գործիչների գլխավորությամբ տեղի ունեցավ բազմամարդ քայլերթ Փարիզի Ելիսեյան դաշտեր կենտրոնական պողոտայով, որին հաջորդեց ծաղկեպսակների զետեղման արարողություն: Այնուհետև Ֆրանսիայի զինված ուժերի նվագախմբի կատարմամբ Հայաստանի և Ֆրանսիայի օրհներգերի ներքո տեղի ունեցավ Հաղթական կամարի հավերժական կրակի բորբոքման հանդիսավոր արարողությունը:

Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց Սուրբ Պատարագ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի: Պատարագին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Օ-դը-Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր:

Ապրիլի 24-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Իդալգոյի անունից տեղի ունեցավ ընդունելություն նվիրված Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը: Հիշատակի միջոցառմանը մասնակցեցին Փարիզի քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, պատգամավորներ` Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանի գլխավորությամբ, սենատորներ, բազմաթիվ քաղաքական և մշակութային գործիչներ, հարյուրավոր ֆրանսիացիներ և ֆրանսահայեր:

Դեսպան Չիտեչյանն իր ելույթում անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման և քրեականացման հարցին, ինչը կարևոր է ոչ միայն հայության համար, այլև ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից:

Դեսպանը նշեց, որ Հայաստանը ցեղասպանությունների և մարդկության դեմ ոճիրների կանխարգելման միջազգային պայքարի առաջամարտիկ է՝ հիշատակելով Երևանում անցկացվող Ցեղասպանության հանցագործության դեմ Գլոբալ ֆորումները և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում նախաձեռնվող բանաձևերը: Դեսպանն անդրադարձավ նաև 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը:

Ապրիլի 24-ին Փարիզի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Պատարագին ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ ֆրանսահայեր:

Ապրիլի 24-ին Փարիզի Երևանյան պուրակում՝ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի կոչով կայացավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված բազմահազարանոց հավաք, որում Ֆրանսիայի Հանրապետության նախագահին ներկայացնում էր Պետական նախարար, Բնապահպանական և համերաշխ անցման նախարար Նիկոլա Ուլոն:

Հավաքին ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսիայի Ազգային Ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժակ Մարիլոսյանը, Փարիզի 8-րդ շրջանի քաղաքապետ Ժանն դը Օտսերը, Ֆրանսիայի քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, տարբեր քաղաքներից ժամանած քաղաքապետեր, ֆրանսահայ կառույցների ղեկավարներ: Ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը:

Հավաքի պաշտոնական մասի ավարտից հետո հազարավոր մասնակիցները Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին աջակցության կոչերով քայլերթ անցկացրեցին Ելիսեյան դաշտեր պողոտայով:

Ֆրանսահայ կառույցների կոչով՝ ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ տեղի ունեցան Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Մարսելում, Լիոնում, Լիլայում, Պլեսի Ռոբինսոնում, Լը Մանում, Վալանսում, Վիլորբանում, Բու-Բել-Էրում, Շարանտոն-լը-Պոնում և այլ քաղաքներում՝ Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ:

Ապրիլի 29-ին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ անցկացվեցին Փարիզի մերձակա Իսի լե Մուլինո և Սարսել քաղաքներում: Միջոցառումներին ելույթներով հանդես եկան Իսի լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Սարսելի քաղաքապետ Աննի Պերոնեն, Սարսելի նախկին քաղաքապետ, պատգամավոր Ֆրանսուա Պուպոնին, Իսի լե Մուլինոյի քաղաքային խորհրդի անդամներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության դեսպանորդ Լևոն Ամիրջանյանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Մայիսի 5-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում անցկացվեց Կուղբվուա քաղաքում, որին ներկա էին և ելույթներով հանդես եկան Կուղբվուայի և շրջակա քաղաքների քաղաքային խորհրդի բարձրաստիճան անդամներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության ներկայացուցիչը, ֆրանսահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ, ֆրանսահայեր:

Ոգեկոչման բազմամարդ միջոցառումներ են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի տարբեր քաղաքներում` Արնուվիլում, Շավիլում, Ալֆորվիլում, Անիեր-սյու-Սենում, Կոմպիենում, Կլամարում և այլ քաղաքներում՝ Ֆրանսիայի պետական և տեղական մարմինների և ՀՀ դիվանագետների մասնակցությամբ:
 

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »