EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում

29.04.2018

Ապրիլի 29-ին Շյաուլյայի Սբ. Պետրոսի և Պողոսի անվան մայր տաճարում Շյաուլյայի եպիսկոպոս Եվգենյուս Բարտուլիսի կողմից մատուցվեց Սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին:

Պատարագին, որը նախաձեռնվել էր Լիտվայում ՀՀ դեսպանության կողմից, մասնակցում էին Շյաուլյայի հարյուրավոր բնակիչներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Եպիսկոպոս Բարտուլիսն իր խոսքում անդրադարձավ պատմական փաստերի՝ ընդգծելով, որ Հայոց ցեղասպանության ոճրագործության իրագործման հրամանն արձակվել է Օսմանյան կայսրության կառավարության կողմից ու այն եղել է կանխամտածված և ծրագրված հանցանք: Եպիսկոպոսն անդրադարձավ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման ավանդույթին՝ որպես յուրահատուկ խորհրդանիշ հիշատակելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում վառվող անմար կրակը:

Պատարագի ընթացքում ելույթ ունեցավ Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով ներկայացրեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշ փաստեր՝ ընդգծելով, որ Վատիկանի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը նոր հնարավորություններ է ընձեռել Հայոց ցեղասպանության հետազոտության համար:

Դեսպանն անդրադարձավ Հռոմի Պապ Բենեդիկտոս XV-ի, կաթոլիկ հոգևորականներ Անջելո Դոլչիի, Մայքլ Լիբլի գրագրությանը և նշեց, որ ցեղասպանության ժամանակ սպանվեցին 48 եպիսկոպոսներ, 4500 հոգևորականներ, հայ կաթոլիկների 87% -ը բնաջնջվեց, 2200 եկեղեցիներ թալանվեցին կամ ոչնչացվեցին: Եզրափակելով իր խոսքը, դեսպանը նշեց, որ դա հանցանք էր ոչ միայն մարդկության, այլ նաև քաղաքակրթության դեմ: Արարողության ավարտին հնչեց հայկական հոգևոր երաժշտություն:

Նույն օրը եպիսկոպոսարանի հարակից տարածքում բացվեց «Արմենպրես» լրատվական գործակալության հետ միասին դեսպանության կողմից կազմակերպած հայկական միջնադարյան եկեղեցիների ֆոտո-ցուցահանդեսը, որը գործելու է մեկ ամիս։ Ցուցադրության են ներկայացվել 8-15-րդ դարերի հայկական եկեղեցիների շուրջ երեք տասնյակ լուսանկարներ, որոնք կատարվել են «Արմենպրես» գործակալության կողմից իր շուրջ մեկդարյա գործունեության ընթացքում:

Շյաուլյայի տաճարում, ինչպես նաև նույն օրը՝ ավելի վաղ, Շյաուլյաի լիտվական «Խաչերի սար» կոչվող սրբավայրում Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես եկավ աղոթքով:
 

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »