EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջացառումներ Լիտվայում

25.04.2018

Ապրիլի 24-ին Լիտվայում ՀՀ դեսպանության և Լիտվայի Վիլնա Գաոն հրեական պետական թանգարանի նախաձեռնությամբ, ինչպես նաև Լիտվայի հայերի միության աջակցությամբ Լիտվայի Վիլնա Գաոն հրեական պետական թանգարանում տեղի ունեցավ «Դիվանագետները փաստում և դատապարտում են Հայոց ցեղասպանությունը» վերնագրով փաստաթղթերի ժողովածուի (Եվա Մերենիչսի խմբագրությամբ, Հռոմ 2015) շնորհանդես-քննարկում՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան:

Միջոցառմանը ներկա էին Լիտվայում հավատարմագրված դեսպաններ, Լիտվայի Սեյմասի, հայ համայնքի ներկայացուցիչներ, լիտվացի հասարակական-քաղաքական գործիչներ:

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկաներին ուղղված իր խոսքում նշեց, որ հայ ժողովուրդը՝ որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, բարոյական պատասխանատվություն է կրում՝ իր ներդրումն ունենալու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային ջանքերում: Այս համատեքստում դեսպանը նշեց, որ 2013, 2015, ինչպես նաև 2018թ մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում ընդունվել են Հայաստանի կողմից նախաձեռնած ցեղասպանության կանխարգելման մասին բանաձևեր, որոնց համահեղինակ է դարձել նաև Լիտվան, ինչի համար Հայաստանը շնորհակալ է։

Անդրադառնալով ներկայացվող գրքին՝ դեսպան Մկրտչյանը նշեց, որ գրքում ներկայացվում են Առաջին աշխարհամարտում ինչպես Օսմանյան կայսրության հակառակորդների, այնպես էլ չեզոք ու դաշնակից երկրների դիվանագետների վկայությունները, որոնց հիման վրա կարելի է եզրահանգել, որ Օսմանյան կայսրությունում իրականացվել է կանխամտածված և մանրամասն ծրագրավորված հայերի բնաջնջման քաղաքականություն։

«Գրքում ներառված բոլոր փաստաթղթերից ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի՝ Օսմանյան կայսրությունում հայերի բռնագաղթին և կոտորածներին առնչվող 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարության վրա, որտեղ նշվում է, թե Թուրքիայի կառավարությունը պետք է պատասխանատվություն կրի հայերի նկատմամաբ իրականացված հանցագործությունների համար։ Սա առաջին դեպքերից էր, երբ միջազգային մակարդակով օգտագործվեց «մարդկության դեմ հանցագործություն» եզրույթը՝ հանգեցնելով վերջինիս հետագա լրամշակմանը՝ որպես ժամանակակից միջազգային իրավական համակարգի անբաժան հասկացություն»,- եզրափակեց դեսպանը:

Լիտվայի Վիլնա Գաոն հրեական պետական թանգարանի տնօրեն Մարկաս Զինգերիսն իր ելույթում նշեց. «Հրեաների պատմությունը, որը նույնպես լի է տառապանքներով, հետապնդումներով և ողբերգություններով, մեզ պարտադրում է, որպեսզի մենք կիսենք այլ ժողովուրդների ողբերգությունները, քանզի դա բխում է բարոյական տարրական չափանիշներից։ Իսկ մեր բարոյականությունը մեզ հուշում է այսօր՝ ապրիլի 24-ին, հիշատակել հայերի ողբերգությունը»: Զինգերիսը կարևորեց Լիտվայի կողմից 2005թ-ին Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը:

Ելույթ ունեցավ նաև Լիտվայի Սեյմասի պատգամավոր, Հայաստան-Լիտվա միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Պովիլաս Ուրբշիսը, ով իր խոսքում նշեց. «Մենք պետք է առերեսվենք իրականությանը և պետք է արձանագրենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը քաղաքակրթության խնդիր է՝ այդպիսով մարդկությանն ազատելով այդպիսի հանցագործությունների կրկնություններից»:

Միջոցառման շրջանակում գրքի խմբագիր, հունգարացի ցեղասպանագետ Եվա Մերենիչսը ներկայացրեց գրքի կառուցվածքը, դրանում ներառված վկայությունների ընտրության մեթոդաբանությունը. «Կասկածից վեր է, որ նշված աղբյուրները հավաստի են», նշեց Եվա Մերենիչսը:

Զեկույցով հանդես եկավ Երուսաղեմի Վան Լեր ինստիտուտի թուրք հետազոտող Ումիթ Կուրտը, ով ընդհանուր անդրադարձ կատարեց հայոց ցեղասպանության աղբյուրագիտությանը, ներառյալ պաշտոնական փաստաթղթերին, ցեղասպանագիտության աղբյուրագիտական հետազոտությունների զարգացման ընթացքին։ Հայեցի ցեղասպանությունը թուրք պատմաբանը որակեց որպես Առաջին համաշխարհային պատերազմի ամենամեծ ողբերգությունը։

Միջոցառման շրջանակներում ցուցադրվեց «Կապույտ գիրքը. Հայոց ցեղասպանության վկայություն» բրիտանական փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմը (Բալիստա հայտնի ընկերության նկարահանած և Դեն Սնոուի ներկայացմամբ)։


Նույն օրը՝ ավելի վաղ, Լիտվայի ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հիշատակի արարողություն, որը կազմակերպվել էր Վիլնյուսի հայերի միության և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնի կողմից՝ Լիտվայում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Արարողությանը ներկա էին Լիտվայի ցեղասպանության և դիմադրության թանգարանի գիտահետազոտական բաժնի տնօրեն Արունաս Բուբնիսը, Լիտվայի Սեյմասի, հայ համայնքի ներկայացուցիչներ, լիտվացի հասարակական-քաղաքական գործիչներ, դեսպանության անձնակազմը և Բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը, ով արարողության սկզբում հանդես եկավ աղոթքով։

Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն իր ելույթում մտահոգիչ համարեց, որ ցեղասպանությունն իրականացնողների ժառանգներն ագրեսիվ ժխտողականության քաղաքականություն են վարում, այդ թվում պարբերաբար սպառնալով Հայաստանին, շրջափակելով այն, սպառնալով Թուրքիայում ապրող փոքրաթիվ հայերին, քրեական հետապնդում իրականացնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ պաշտոնականից տարբերվող դիրքորոշումներ արտահայտողների նկատմամբ, ինչպես նաև անվերապահորեն սատարում է Ադրբեջանի իշխանությունների՝ Հայաստանի դեմ ուղղված քաղաքականությանը և հակահայկական քարոզչությանը։

Լիտվայի ցեղասպանության և դիմադրության թանգարանի գիտահետազոտական բաժնի տնօրեն Արունաս Բուբնիսն իր խոսքում ներկայացրեց ցեղասպանության ժամանակ հայերի դեմ իրականացված բռնությունները և դաժանությունները:

Ելույթ ունեցավ նաև Լիտվայի հայերի միության փոխնախագահ Ռուսլան Հարությունյանը, համայնքի ներկայացուցիչների կողմից հնչեցին գրական ստեղծագործություններ: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն։

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջացառումներ Լիտվայում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջացառումներ Լիտվայում

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »