EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Շվեդիայի խորհրդարանում

24.04.2018

Ապրիլի 24-ին Շվեդիայի խորհրդարանում՝ Ռիկսդագում, բոլոր խմբակցությունները ներկայացնող պատգամավորների նախաձեռնությամբ և մասնակցությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություն։

Ներկաներին Ռիկստագի խոսնակի կողմից ողջույնի խոսք ուղղեց փոխխոսնակ Բյորն Սյոդերը, ով նշեց ցեղասպանության ճանաչման կարևորությունը մարդկության դեմ նման հանցագործությունների կանխման տեսանկյունից։

Միջոցառման հիմնական բանախոս, թուրք հայտնի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամն իր ելույթում անդրադարձավ թուրքական ժխտողականության արմատներին։ «Անցյալը այսօր էլ ներկա է»,- ասաց նա՝ կարևորելով ժխտողականության մերժումը թուրքական պետության կողմից հանուն հայ-թուրքական հաշտեցման և փոքրամասնությունների իրավունքների ընդունման։ Նա նաև շեշտեց ցեղասպանության անվերապահ ճանաչման կարևորությունը ինչպես Թուրքիայի, այնպես էլ համաշխարհային հանրության, և մասնավորապես եվրոպական պետությունների կողմից՝ որպես նախապայման Թուրքիայում և ողջ մերձավորարևելյան տարածաշրջանում խաղաղ գոյակցության հաստատման համար։

Մյուս բանախոսը՝ շվեդ իրավագետ և ցեղասպանագետ պրոֆեսոր Օվե Բրինգն իր ելույթում քողազերծեց թուրքական քարոզչական կեղծ պնդումները, իբր պատմաբանների շրջանում չկա միակարծություն Հայոց ցեղասպանության հարցում, ինչպես նաև, իբր ցեղասպանության ընդունման համար անհրաժեշտ է միջազգային դատական ատյանների վճիռ։ Նա ցավով նշեց, որ որոշ կառավարություններ և խորհրդարաններ տուրք են տալիս այդ ստահոդ մոտեցումներին։

Միջոցառման համակազմակերպիչների կողմից ելույթներ ունեցան նաև պատգամավորներ Ռոբերտ Հալեֆը, Ֆրեդրիկ Մալմը, հայկական համադրող կենտրոնի ներկայացուցիչ Վահագն Ավետյանը, ովքեր դատապարտեցին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի և քրիստոնյա այլ ազգերի էթնիկ զտումները։ Ստոկհոլմի «Հայկանի» համույթը հանդես եկավ հայկական հոգևոր երաժշտության կատարումներով։

Միջոցառմանը մասնակցում էին երկու տասնյակից ավելի դեսպաններ, բազմաթիվ խորհրդարանականներ, հասարակական գործիչներ։ Հատկանշական է, որ Շվեդիայի պատմության մեջ առաջին անգամ միջոցառումը հովանավորում էին նաև խորհրդարանական այն կուսակցությունների անդամները, որոնք Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման ժամանակ 2010թ-ին դեմ էին քվեարկել։

Ապրիլի 22-24-ը հայ համայնքային կազմակերպությունների կողմից Հայոց ցեղասպանության հիշատակի արարողություններ, երթեր և հոգեհանգստյան կարգեր կազմակերպվեցին Շվեդիայի տարբեր քաղաքներում՝ Ստոկհոլմում, Սոդերթելյեում, Օրեբրոյում և այլուր։

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Շվեդիայի խորհրդարանում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն Շվեդիայի խորհրդարանում

 

 

Ամբողջ ալբոմ »