EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներ Ռումինիայում

24.04.2018

Ապրիլի 22-ին և 24-ին Ռումինիայում ՀՀ դեսպանության, Ռումինիայի Հայոց միության և Ռումինահայոց թեմի համագործակցությամբ Բուխարեստում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ:

Ապրիլի 22-ին Բուխարեստի Սբ. Հրեշտակապետաց հայկական մայր եկեղեցում Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանի հանդիսապետությամբ տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի պատարագ, որից հետո ՀՀ դեսպանության, ՌՀՄ և ՌՀԹ կողմից ծաղկեպսակներ դրվեցին եկեղեցու բակում կանգնեցված խաչքարին:

Ապրիլի 24-ին Բուխարեստի Սբ. Հրեշտակապետաց եկեղեցում տեղի ունեցավ հիշատակի արարողություն, որի ընթացքում 103 տարի առաջ Օսմանյան կայսրությունում ծրագրված և իրականացված Հայոց ցեղասպանության մասին ելույթներ ունեցան ՌՀԹ առաջնորդ Տաթև եպս. Հակոբյանը, ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը, Ռումինիայի Հայոց միության կողմից` Ռումինիայի խորհրդարանի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանը:

Հայաստանի դեսպանը, ավելի քան մեկդարյա հեռավորության ճակատագրական իրադարձությունները որակելով որպես հայ ժողովդի ապրած մեծագույն ողբերգություն, նշեց, որ հազարամյակների փորձություններով անցած մեր ժողովուրդը, գոյատևման իր կամքին ապավինած, վերապրեց, ստեղծեց Հայաստանի Առաջին Հանրապետությունը, իսկ Խորհրդային Միության փլուզման արդյունքում ոչ միայն վերականգնեց իր ինքնիշխան պետականությունը, այլև ծնունդ տվեց հայկական երկրորդ անկախ պետությանը՝ Արցախի Հանրապետությանը:

Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդն իր խոսքում երախտագիտություն հայտնեց Ռումինիայի իշխանություններին ու ժողովրդին, որոնք հայ ժողովրդի տառապյալ զավակներին ընդունեցին ու ապաստան տվեցին թե համիդյան ջարդերից, և թե 1915-1923թթ. ցեղասպանությունից հետո:

Միջոցառումները լուսաբանվելու են ռումինական TVR հեռուստաալիքի կողմից: Ապրիլի 24-ին Ռումինիայի «Աջերպրես» պաշտոնական լրատվական գործակալությունն իր կայքէջում զետեղեց ՀՀ դեսպանության մամլո հատուկ թողարկումը, որը կրում էր «Կորստի հիշողությունն ընդդեմ հիշողության կորստի» վերնագիրը:

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունենում նաև Ռումինիայի հայաշատ այլ քաղաքներում:

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներ Ռումինիայում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի միջոցառումներ Ռումինիայում

 

Ամբողջ ալբոմ »