EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիոնում

24.04.2018

Ապրիլի 24-ին Լիոնում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառում, որը կազմակերպել էր կենտրոնական Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդուրդը /CCAF/՝ Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի և Լիոնի քաղաքապետարանի հետ համագործակցությամբ:

Արարողությունը մեկնարկեց Լիոնի Հայ առաքելական Սուրբ Հովհաննես եկեղեցում՝ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից մատուցված ծիսակատարությամբ: Արարողությանը մասնակցում էին Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Լիոն մետրոպոլի նախագահ Դավիթ Կիմելֆելդը, Դեսինի քաղաքապետ տիկին Լորանս Ֆոտրան, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի կենտրոնական շրջանի նախագահ Րաֆֆի Կրիկորյանը, Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչ Գայանե Մանուկյանը, Լիոնի և շրջակա քաղաքների քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներ, հայկական կազմակերպությունների նախագահներ, հայ համայնքի ներկայացուցիչներ և այլ անձինք:

Ծիսակատարությունից հետո ներկաները Լիոնի կենտրոնում՝ Լիոնի Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործությունների զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի մոտ ծաղկեպսակներ խոնարհեցին, որին հաջորդեցին ֆրանսիացի պաշտոնյաների ելույթները, ընթերցվեց նաև թուրք գրող և պատմաբան Է. Օզկորայի ուղերձը:

Ժորժ Կեպենեկյանն իր ելույթում նշեց բոլոր Ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների ժխտողականության դատապարտման մասին Ֆրանսիայի կողմից օրենքի ընդունման անհրաժեշտությունը: Լիոնի քաղաքապետը կոչով դիմեց Լիոնում Թուրքիայի գլխավոր հյուպատոսին՝ հրավիրելով այցելել Անտոնեն Պոնսե հրապարակ:

Արարողությունը եզրափակվեց Լիոնի Սուրբ Ֆրանսուա եկեղեցու սրահում Երևանի երաժշտական ազգային դպրոցի ֆրանս-հայկական նվագախմբի համերգային կատարմամբ:

Ապրիլի 23-ին և 24-ին Լիոն մետրոպոլի Վիլյորբան և Վո-ան-Վլեն քաղաքներում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակման արարողություն: Զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցվեց 1915թ. Հայոց ցեղասպանության հուշարձանին ծաղիկներ խոնարհելով, որին հետևեց Վիլյորբանի քաղաքապետարանի սրահում «Սպիտակ» նվագախմբի երաժշտական կատարումը:

Կից լուսանկարներ

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիոնում

Հայոց Ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիոնում

 

 

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »