EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

24.04.2018

Ապրիլի 22-ից 24-ը Հունաստանում տեղի ունեցան Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ:

Կենտրոնական քաղաքական ձեռնարկը կազմակերպվեց ապրիլի 22-ին Աթենքի «Պալլաս» թատերասրահում, որին ներկա էին Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ, խորհրդարանականներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, ասորական և պոնտական հասարակական կազմակերպությունների անդամներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառմանն ընթերցվեց Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի ուղերձը Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ, որում ներկայացվեց ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ միջազգային ասպարեզում Հայաստանի վճռական և շարունակական ջանքերը:

Հունաստանի կառավարության անունից ելույթ ունեցավ արտաքին գործերի փոխնախարար Տերենց Նիկոլաոս Քուիքը, ով անդրադարձ կատարեց հայ-հունական դարավոր բարեկամությանը, պատմական ընդհանուր ճակատագրին:

Ելույթով ներկաներին դիմեց նաև Հունաստանի խորհրդարանի Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Էլենի Ստամատակին:

Միջոցառման հիմնական բանախոսն էր Կիպրոսի Հանրապետության նախկին ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսը:

Միջոցառման ավարտից հետո կայացավ հիշատակի քայլերթ և պատվո պահակախմբի ներկայությամբ ծաղկեպսակի զետեղման արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի կողմից:

Ապրիլի 22-ին տեղի ունեցավ նաև քաղաքական ձեռնարկ Սալոնիկ քաղաքի Մակեդոնական ուսումնասիրությունների կենտրոնի դահլիճում: Ելույթով հանդես եկան և թուրքական ժխտողականությունը դատապարտեցին Մակեդոնիայի և Թրակիայի տարածաշրջանում վարչապետի ներկայացուցիչ Մարիա Կոլյա-Ցարուխան, Կենտրոնական Մակեդոնիայի նահանգապետ Ապոստոլու Ձիձիկոստան, Սալոնիկի փոխնահանգապետ Պարասկևի Պատուլիդուն, Սալոնիկի քաղաքապետ Իոաննիս Բուտարիսը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Միջոցառմանն ընթերցվեց նաև ՀՀ դեսպանի ուղերձը:

Միջոցառմանը հետևեց քայլարշավ Սալոնիկի կենտրոնական պողոտայով դեպի Անհայտ զինվորի հուշարձանը: Պատվո պահակախմբի ներկայությամբ ՀՀ դեսպանության, հունական կառավարության, նահանգային իշխանությունների, հունական 3-րդ բանակի հրամանատարության և հայ համայնքային կազմակերպությունների կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Անհայտ զինվորի հուշարձանին:

Ապրիլի 23-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն տեղի ունեցավ Աթենքում՝ «Զանգակ» հուշակոթողի մոտ:

Միջոցառումը մեկնարկեց Հունահայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ տեր Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանի գլխավորությամբ Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների հոգևոր հայրերի գոհաբանական աղոթքով:

Ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցեցին և հուշակոթողին ծաղկեպսակ զետեղեցին Հունաստանում ՀՀ դեսպանն Ֆադեյ Չարչօղլյանը, Նեա Զմիրնիի քաղաքապետ Ստավրոս Ցուլակիսը, «Նոր Ժողովրդավարություն» կուսակցության կողմից Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Յորղոս Կումուցակոսը, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի ներկայացուցիչները:

Միջոցառումն անցավ Հունաստանի ցամաքային զորքերի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի հայ կուրսանտների մասնակցությամբ:

Ապրիլի 24-ին Աթենքի Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցվեց պատարագ և իրականացվեց հոգեհանգստի կարգ նվիրված Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
 

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Հունաստանում

 

 

 

Ամբողջ ալբոմ »