EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

24.04.2018

Ապրիլի 24-ին Բեռլինի քաղաքապետարանի պետական միջոցառումների սրահում կայացավ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանիայում ՀՀ դեսպանության, Հայաստանյաց Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանի և Գերմանահայոց կենտրոնական խորհուրդի (ԳԿԽ) կողմից, Բեռլինի աշխարհիկ և եկեղեցական հայ համայնքների աջակցությամբ։

Միջոցառմանը ներկա էին ԳԴՀ-ում Վատիկանի դեսպան, արքեպիսկոպոս Նիկոլա Էտերովիչը, ԳԴՀ-ում հավատարմագրված դեսպաններ, դիվանագետներ, Բունդեսթագի և լանդթագերի պատգամավորներ, ԳԴՀ կառավարության, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, հայ, հույն, հրեա, ասորի համայնքների ներկայացուցիչներ։

Միջոցառման մասնակիցները նախ ծաղկեպսակներ զետեղեցին Բեռլինի կենտրոնում տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշակոթողին։

Բեռլինի քաղաքապետարանում հիշատակի միջոցառման մասնակիցներին ողջյունի խոսք հղեցին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը և Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Էլկե Հարթմանր: Ելույթներով հանդես եկան ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Պետրա Պաուն, Ֆրայբուրգի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ պրոֆեսոր Յորն Լեոնհարդը։

ՀՀ դեսպանն իր խոսքում նշեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված քաղաքակիրթ հասարակության ջանքերն իրենց ավանդն են բերում աշխարհում մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում, ինչն այս օրերին ավելի կարևոր է դառնում հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Միջոցառման ավարտին՝ նահատակների հիշատակի և մեր երկրի խաղաղության համար բարեխոսական աղոթք մատուցվեց ձեռամբ Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Տ․ Սերովբե վարդապետ Իսախանյանի կողմից:

Միջոցառումն ուղեկցվեց դուդուկահար Հարություն Չքլոյանի և ջութակահարուհի Դիանա Ադամյանի երաժշտական կատարումներով։

Հայոց Ցեղասպանության ցոհերի հիշատակը հավերժացնող միջոցառումներ տեղի ունեցան Գերմանիայի մի շարք այլ քաղաքներում՝ Մայնի Ֆրանկֆուրտում, Համբուրգում, Քյոլնում, Լայպցիգում, Շտուտգարտում և Նյուրնբերգում:

Կից լուսանկարներ

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Գերմանիայում

 

 

 

Ամբողջ ալբոմ »