EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Սմբատյանի այցը Սաար երկրամաս

11.04.2018

Ապրիլի 10-ից 11-ը Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանն աշխատանքային այցով մեկնեց ԳԴՀ Սաար երկրամաս:

Այցի ընթացքում դեսպանին ընդունեց երկրամասի վարչապետ Թոբիաս Հանսը: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշեց երկրամասի շահագրգռվածության մասին՝ Հայաստանի հետ ապակենտրոնացված համագործակցություն ծավալելու ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սմբատյանն ընդգծեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, ինչպես նաև ֆրանսերեն լեզվի լայն տարածում ունեցող Սաար երկրամասի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ հանդիսացող Հայաստանի միջև ֆրանկոֆոն հարթակում սերտ գործընկերություն հաստատելու անհրաժեշտությունը: Հանդիպման ավարտին դեսպան Սմբատյանը գրառում կատարեց Սաար երկրամասի կառավարության Ոսկե գրքում:

Սաարի երկրամասային խորհրդարանի՝ Լանդթագի նախագահ Շտեֆան Տոսկանիի հետ հանդիպման ընթացքում վերջինս գոհունակությամբ ընդգծեց Հայաստանում խորհրդարանական կառավարման համակարգին անցնելու գործընթացի հաջող ավարտը: Շտեֆան Տոսկանիի խնդրանքով դեսպանը մանրամասն ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Հանդիպման ավարտին դեսպանը գրառում կատարեց Լանդթագի Հյուրերի ոսկե գրքում:

Սաար երկրամասի Բարձրագույն երաժշտական դպրոցի ռեկտոր պրոֆ. Վոլֆգանգ Մայերի հետ ունեցած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երաժշտական բուհերի միջև գործընկերության հեռանկարներին վերաբերող բազմաբնույթ հարցերի:

Դեսպանին ընդունեց նաև Սաարբրյուքենի համալսարանի նախագահ պրոֆ. Մանֆրեդ Շմիթը: Հանդիպման ընթացքում երկուստեք գոհունակությամբ ընդգծվեց Երևանի պետական համալսարանի, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի և Սաարբրյուքենի համալսարանի միջև հաստատված ակտիվ փոխգործակցությունը: Կարևորվեց գործընկերության առավել ընդլայնման և խորացման անհրաժեշտությունը:

Դեսպան Սմբատյանը ելույթ ունեցավ Սաարբրյուքենի համալսարանում, որին ներկա էին տարբեր ծրագրերով այդ ուսումնական հաստատությունում կրթություն ստացող Հայաստանցի ուսանողները: Ելույթից հետո դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Այցի շրջանակներում Աշոտ Սմբատյանը հանդիպում ունեցավ նաև երկրամասի մայրաքաղաք Սաարբրյուքենի քաղաքապետ Շարլոտե Բրիցի, երկրամասի կրթության և մշակույթի նախարար Ուլրիխ Կոմերսոնի, երկրամասի Առևտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Օլիվեր Գրոլի հետ:

ՏեղեկանքՍաարը համարվում է Գերմանիայի միակ ֆրանկոֆոն երկրամասը, որտեղ տարիներ շարունակ իրականացվում է «Ֆրանսիա» ռազմավարությունը։

Կից լուսանկարներ

Դեսպան Սմբատյանի այցը Սաար երկրամաս

Դեսպան Սմբատյանի այցը Սաար երկրամաս

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »