EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

«Մեր ակունքները» խորագրով ցուցահանդես Պրահայում

11.04.2018

Ապրիլի 11-ին Պրահայի հեղինակավոր Յակուբսկա ցուցասրահում տեղի ուենցավ նկարչուհի Արաքսիա Ղազարյանի «Մեր ակունքները» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման արարողությունը, որը կազմակերպել էին Չեխիայի ՀՀ դեսպանությունը և Յակուբսկա ցուցասրահը:

Ցուցահանդեսի բացմանը ներկա էին Չեխիայում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ, խորհրդարանականներ, պաշտոնյաներ, արվեստագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, ցուցահանդեսի հեղինակը և Յակուբսկա ցուցասրահի հիմնադիր-տնօրեն, հայտնի նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն:

Դեսպան Սեյրանյանն իր ելույթում նախ երախտագիտության խոսք հղեց ցուցասրահի տնօրինությանն ու անձնակազմին` հայաստանցի նկարչուհու ցուցահանդեսի համակազմակերպիչը հանդիսանալու համար` գոհունակություն հայտնելով արդեն ավանդույթ դարձած համագործակցության առթիվ:

Արաքսիա Ղազարյանն իր հերթին երախտագիտության խոսք հղեց ցուցահանդեսի կազմակերպիչներին, ներկայացրեց ցուցահանդեսի էությունը, բացատրեց թեմայի ընտրության պատճառը և ներկայացրեց իր ստեղծագործությունները, որոնցում հատուկ տեղ է տրված ժայռապատկերների, հայկական տառերի և խորհրդանիշերի թեմաներին:

Ցուցահանդեսի բացման պաշտոնական մասի ավարտին ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ցուցասրահի հիմնադիրը` նկարիչ Ալեքսանդր Օնիշչենկոն, ում ստեղծագործությունները 2017 թվականին ցուցադրվել էին Երևանում: Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ապրիլի 19-ը:

Տեղեկանք. Արաքսիա Ղազարյանը, ով դասավանդում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում, հայտնի է իր գունեղ ստեղծագործություններով և բազմաշերտ տեխնիկայի օգտագործմամբ: Նկարչուհու գործերը ցուցադրվել են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս, մասնավորապես` Բելգիայում, Իտալիայում, Մոնակոյում, Իռլանդիայում, ԱՄՆ-ում և Սինգապուրում:
 

Կից լուսանկարներ

«Մեր ակունքները» խորագրով  ցուցահանդես Պրահայում

«Մեր ակունքները» խորագրով  ցուցահանդես Պրահայում

Ամբողջ ալբոմ »