EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Ընդունելություն Ժնևում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում

10.04.2018

Ապրիլի 10-ին Ժնևում ՄԱԿ գրասենյակում Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ, դեսպան Էլիզաբեթ Լորենի կողմից տրվեց հրաժեշտի ընդունելություն`ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանի՝ Ժնևում դիվանագիտական գործունեությունն ավարտելու կապակցությամբ։

Դեսպան Լորենն անդրադարձավ հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերություններին՝ ընդգծելով, որ Հայաստանը Ֆրանսիայի համար քաղաքական կարևոր գործընկեր է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ, մասնավորապես՝ Միավորված ազգերի կազմակերպության տարբեր ծրագրերի շրջանակներում։ Նա նշեց նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի հանձնառությունը՝ ջերմությամբ հիշելով Ժնևի Ազգերի Պալատի Ասամբլեաների սրահում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ ի պատիվ Հայաստանի՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալող երկրի կազմակերպված բացառիկ համերգը:

Շնորհավորելով և հաջողություն մաղթելով Հասմիկ Տոլմաջյանին նոր նշանակման կապակցությամբ՝ դեսպան Էլիզաբեթ Լորենը դրվատանքով անդրադաձավ Ժնևում նրա պաշտոնավարման ընթացքում Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի շրջանակներում ՀՀ կողմից ցուցաբերած արդյունավետ ջանքերին։ Դեսպանը հատկապես ընդգծեց ցեղասպանության կանխարգելման ուղղությամբ հայկական կողմի նախաձեռնությունները՝ կարևորելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ֆրանսիայի համար ևս առանձնահատուկ կարևորություն ունեցող ցեղասպանության կանխարգելման բանաձևի կոնսենսուսային ընդունման ուղղությամբ գործադրված ջանքերը։

Հասմիկ Տոլմաջյանն իր խոսքում ջերմ երախտագիտություն հայտնեց դեսպան Լորենին ընդունելության կազմակերպման համար՝ հավելելով, որ նոր նշանակումը պարտավորեցնող է՝ նկատի ունենալով երկու երկրներին միավորող բացառիկ, առանձնաշնորհյալ հարաբերությունները: Նա նաև ջերմ երախտագիտությունը հայտնեց դեսպանին՝ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի և Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունների միջև հաստատված սերտ համագործակցության, ինչպես նաև՝ ցեղասպանության կանխարգելման բանաձևին Ֆրանսիայի կարևոր և անվերապահ աջակցության համար:

Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց նաև ընդունելությանը ներկա ժնևահայ համայնքի ներկայացուցիչներին՝ Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության կողքին մշտապես լինելու և ցուցաբերված կարևոր և շարունակական աջակցության համար։
 

Կից լուսանկարներ

Ընդունելություն Ժնևում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում

Ընդունելություն Ժնևում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում

Ամբողջ ալբոմ »