EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Գուրջիևի համույթի համերգը Պրահայում

27.03.2018

Մարտի 27-ին Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Պրահայի սիմֆոնիկ նվագախմբի աջակցությամբ Պրահայի Սուրբ Շիմոնի և Սուրբ Հուդայի (Սուրբ Թադևոս և Սուրբ Բարդուղիմեոս) եկեղեցում տեղի ունեցավ Հայաստանի Գուրջիևի համույթի համերգը, որը նվիրված էր Չեխիայի և Հայաստանի Հանրապետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:

Համերգին բացման խոսքով հանդես եկավ Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը: Ողջունելով և իր երախտագիտական խոսքը հղելով կազմակերպիչներին և հովանավորներին, նա հակիրճ ներկայացրեց Գուրջիևի նվագախմբի ստեղծման պատմությունը և համերգի ծրագիրը:

Պրահայի համերգի ընթացքում հնչեցին Կոմիտաս վարդապետի, Սուրբ Գրիգոր Նարեկացու, Խաչատուր Տարոնեցու և Մխիթար Այրեվանցու ստեղծագործությունները, այդ թվում նաև Հայաստանում քրիստոնեությունը տարածողներ Սուրբ Թադեոսին և Սուրբ Բարդուղիմեոսին նվիրված ստեղծագործությունը:

Համերգին ներկա էին Չեխիայում հավատարմագրված բազմաթիվ դիվանագետներ, ՉՀ խորհրդարանի անդամներ, կառավարության և նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաներ, երաժշտական հաստատությունների, նվագախմբերի ղեկավարներ, երաժշտագետներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

ՏեղեկանքՀայ-հունական արմատներով փիլիսոփա և կոմպոզիտոր Գեորգի Գուրջիևը (1866/77-1946թթ.) թողել է շատ հետաքրքիր երաժշտական և փիլիսոփայական ժառանգություն: Նա Հայաստանով, Պարսկաստանով, Միջին Արևելքով, Թիբեթով և Հնդկաստանով իր ճանապարհորդությունների արդյունքում ստեղծել է մոտ 200 ստեղծագործություն, որոնք հետագայում ռուս երգահան Թոմաս դը Հարթմանը վերծանել է դաշնամուրի համար ստեղծագործությունների, իսկ Գուրջիևի անվան երաժշտական խումբը, որ ստեղծվել է 2008թ-ին Լևոն Էսկենյանի կողմից, այն փոխադրել է տարբեր հայկական և արևելյան երաժշտական գործիքների: 2012թ-ին Գուրջիևի անվան ժողովրդական նվագարանների համույթի ձայնասկավառակը ներկայացվել է աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկի՝ հոլանդական «Edison Award»-ի «Լավագույն ժողովրդական ալբոմ» անվանակարգում և ճանաչվել անվանակարգի հաղթող երաժշտական նախագիծ:

Կից լուսանկարներ

Գուրջիևի համույթի համերգը Պրահայում

Գուրջիևի համույթի համերգը Պրահայում

 

 

 

 

 

 

Ամբողջ ալբոմ »