EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Դեսպան Բադեյանի և Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հինդ Ալ-Սաբիհիի հանդիպումը

27.03.2018

Մարտի 27-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը հանդիպեց Քուվեյթի Պետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Հինդ Ալ-Սաբիհի հետ:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկու երկրների միջև գոյություն ունեցող փոխգործակցության խորացման ուղիներին առնչվող հարցեր, մասնավորապես քննարկվեցին բարձր որակավորում ունեցող հայ մասնագետների համար դեպի Քուվեյթի աշխատաշուկա մուտքի դյուրացման հարցերը:

Նախարար Սաբիհը նշեց, որ ընդգծված ջերմ վերաբերմունք ունի Հայաստանի և հայերի նկատմամբ և գոհունակություն հայտնեց երկկողմ փոխգործակցության մակարդակից: Երկուստեք ընդգծվեց երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև շփումներն առավել խորացնելու ու միջգերատեսչական համագործակցության հետագա ընդլայնմանը նպաստելու պատրաստակամությունը: Այս համատեքստում նախարար Ալ-Սաբիհն առանձնահատուկ կարևորեց վերջերս Հայաստան կատարած իր այցը և հայաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հաջող քննարկումները։

Կողմերը կարևորեցին սոցիալական և բարեգործական բնույթի ծրագրերում քուվեյթյան կողմի գործուն մասնակցության ապահովումը, ինչպես նաև քննարկեցին Հայաստանի և Քուվեյթի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների միջև համագործակցության իրավապայմանագրային հենքի ընդլայնման հեռանկարները: Անդրադարձ կատարվեց նաև երկու երկրների միջև պետական և մասնավոր հատվածների համագործակցության համար անհրաժեշտ հարթակի ստեղծման հնարավորություններին: