EnglishFrançaisРусский

Մամուլի հաղորդագրություններ

Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցեց Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին նվիրված հանդիպմանը

07.02.2018

Փետրվարի 7-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մասնակցեց Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի կողմից կազմակերպված 2018թ. մարտի 7-ից ապրիլի 6-ը Սանկտ Պետերբուրգում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակներում նախատեսվող միջոցառումների նախապատրաստման աշխատանքային խմբի հանդիպմանը:

Հանդիպմանը ներկա էին Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսները և Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի տնօրենը:

Բացման խոսքով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Ալեն Էլուն, ով շնորհակալություն հայտնեց գլխավոր հյուպատոսներին մասնակցության համար և ներկայացրեց քննարկման թեմաները:

Այնուհետև խոսքը տրվեց Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանին, ով իր ելույթում նշեց, որ 2017թ. նոյեմբերի 26-ին Փարիզում կայացած Ֆրանկոֆոնիայի Միջազգային կազմակերպության 34-րդ նախարարական համաժողովին Հայաստանը ստանձնեց ՖՄԿ Նախարարական համաժողովի նախագահությունը: Նա նաև տեղեկացրեց, որ 2018թ. հոկտեմբերի 11-12-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի կարգախոսն է «Ապրել միասին»-ը:

Հրայր Կարապետյանը նաև նշեց, որ այս կարգախոսն ընկած է լինելու ՖՄԿ նոր հիմնարար փաստաթղթի՝ Երևանյան պակտի հիմքում, որը կարտացոլի ֆրանկոֆոնիայի ընդհանուր արժեքները՝ մարդու իրավունքների և ժողովուրդների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև անհանդուրժողականության, խտրականության և ատելության դեմ պայքարը:

Այնուհետև ելույթներով հանդես եկան Բելգիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Շվեցարիայի գլխավոր հյուպատոսները, որոնք ներկայացրեցին իրենց երկրների՝ ՖՄԿ հետ համագործակցության շրջանակներում ընթացիկ տարում անցկացվելիք ծրագրերը:

Քննարկմանը ներկա էին նաև Սանկտ Պետերբուրգի և Լենինգրադի մարզի ԶԼՄ ներկայացուցիչներ: